Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումները Արթիկի մանկական ստացիոնարի վրա «չեն եկել»

Հոկտեմբեր 24,2014 18:13

Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի, Արթիկի տարածաշրջանի պատասխանատու մանկաբույժ Արտաշես Մողրովյանը ներկայացրեց իրենց հիվանդանոցի խնդիրները: Ըստ նրա. «Այսօր հիվանդանոցը խիստ տուժել է առողջապահական բարեփոխումների պատճառով: Մանկական ստացիոնարները բարեհաջող վիճակում չեն, որովհետեւ միացվել են թերապեւտիկ բաժանմունքների հետ` կորցրել կառուցվածքը եւ կադրային հագեցվածությունը, եւ գտնվում են վատ վիճակում: Տուժում է շուրջօրյա հսկողությունը, որակյալ մասնագիտական բուժօգնության կազմակերպումը, ֆինանսավորվում է փոքր ծավալով, որից էլ որակյալ սպասարկում իրականացնելը դառնում է դժվար»:

Արթիկի բժշկին այսօր հանդիպեցինք «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ Մանկական բժիշկների 4-րդ ազգային կոնֆերանսում:

Ըստ պարոն Մողրովյանի, քանի որ մարզը լեռնային է, այստեղ երեխաների մոտ ավելի շատ առաջանում են շնչառական հիվանդություններ:

Գիտաժողովի՝ Դանիայի մասնակից Սյուզաննա Հալկեն, որը համագործակցում է եվրոպական ալերգոլոգների եւ գինեկոլոգիայի իմունալոգիական ընկերությունների հետ ասաց, որ գիտաժողովին գտնվելու նպատակը եվրոպական ալերգոլոգների ակադեմիայի կողմից մշակված ուղեցույցների ներկայացնելն է: Ըստ նրա, երեխաների շրջանում տարածված է ամենավտանգավոր ալերգիաներից մեկը՝ անաֆիլաքսիան, որը նաեւ առաջանում է սննդային ալերգիայից. «Շատ կարեւոր է այդ ուղեցույցների ներդրումը հարավ-եվրոպական երկրներում, որպեսզի երեխաները ունենան միանման մոտեցում այդ հիվանդությունների բուժման ընթացքում: Լինեն միջազգային չափորոշիչներ, որպեսզի բժիշկները ճիշտ կողմնորոշվեն; Ուղեցույցները բոլորովին վերջերս են մշակվել եւ 2014 թվականին ներկայացրել Կոպենհագենում, հիմա այս ուղեցույցը կներդրվի նաեւ Հայաստանում»,-ասաց Սյուզաննա Հալկեն:

Անդրադառնալով ալերգիաների թեմային` Արաբկիր բժշկական կենտրոնի մանկական ալերգոլոգիական դիսպանսերի պատասխանատու Աստղիկ Բաղդասարյանն Aravot.am-ին ասաց, որ այս վիճակը կարող է հանգեցնել մահվան. «Մենք չունենք որեւէ միջոց, որ հիվանդներին առաջին բուժօգնություն ցուցաբերենք: Համաձայն եվրոպական ուղեցույցների՝ առաջին օգնությունը, որ կանխարգելում է մահը այդ հիվանդների մոտ, ադրենալինի` էպինեֆրինի ինքնաներարկիչներն են, որոնք ներկայումս Հայաստանում չկան»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031