«Վճիռը չի նշանակում օրինական ուժ մեջ մտած վճիռ: Իսկ քանի որ դա դեռ կարող է բողոքարկվել, նշանակում է դատական գործընթացը ավարտված չէ», – Aravot.am-ի հարցին՝ ո՞րն է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը Շանթ Հարությունյանի և նրա որդու դատավճռի վերաբերյալ, այսպես պատասխանեց օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:
Նա նշեց, որ կպատասխանի, երբ վճիռը կմտնի օրինական ուժի մեջ ու մանրամասնեց. «Այդ դեպքում, երբ իմ դիրքորոշումները չեն կարող ազդել ու ճնշել դատական գործընթացը՝ դրանով օրենքը խախտելով, նոր որևէ գնահատական կտամ, եթե ցանկություն լինի նման գնահատական լսելու վճռից հետո»: Կարեն Անդրեասյանին դուր չի գալիս այն, որ «հաճախ ուզում են, որ մենք գնահատական տանք նախաքննության, կամ դատաքննության փուլում»: Օմբուդսմենը սա ապօրինություն է համարում ու նշում. «Վճիռ գոյություն ունի մարդկային առումով, բայց քանի դեռ վճիռը օրենքով ուժի մեջ չի մտել, վճիռ գոյություն չունի»:
Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի անչափահաս երեխայի նկատմամբ պայմանական պատժի կիրառման մասին, պարոն Անդրեասյանը պատասխանեց. «Երեխայի, եթե նույնիսկ իմ երեխայի, ազգականի նկատմամբ վճիռ լինի, որը չի մտել ուժի մեջ, եթե ես գնահատական տամ, ես կխախտեմ օրենքը: Իսկ դա ես թույլ չեմ տա նույնիսկ իմ երեխայի դեպքում»:
Մեր այն դիտարկմանը, թե տպավորություն է ստեղծվում, որ մարդու իրավունքի պաշտպանը խուսափում է իր կարծիքն այս հարցում հայտնել, պարոն Անդրեասյանն այսպես արձագանքեց. «Եթե ես հիմա օրենք խախտեմ, որ տպավորություն չստեղծվի, դուք կհարգե՞ք ձեր երկրի մարդու իրավունքների պաշտպանին: Ես ինձ երբեք թույլ չեմ տալիս օրենք խախտել, մանավանդ այս պաշտոնում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ