Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյան. «Վենետիկի հանձնաժողովն ասել է այլ բան, դուք այլ բան եք հասկացել»

Հոկտեմբեր 24,2014 16:46

«Ինչո՞ւ պետք է տագնապներ ունենամ, գործընթացներ են, կարող են ունենալ տարբեր ընթացք և ավարտ: Կարևորն այն է, որ մասնագիտական հանձնաժողովն իր գործն արեց, ներկայացրեց հայեցակարգ, որը մասնագիտական մարմնի՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից շատ բարձր գնահատականի արժանացավ», – հարցին` տագնապներ չունի՞, որ Սահմանադրական բարեփոխումները հնարավոր է ձախողվեն, այսպես պատասխանեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ քաղաքական քննարկումների փուլը ցույց կտա` կլինե՞ն անհամաձայնություններ, թե ոչ: Պարոն Հարությունյանը չբացառեց նաև հայեցակարգային հարցերում որոշ փոփոխությունները:

Դիտարկմանը, թե ընդդիմությունն այսօր հարթակից պահանջելու է դադարեցնել սահմանադրական բարեփոխումները, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Սահմանադրությունը հասարակական համաձայնություն է: Եթե այն ձեռք չի բերվում, ուրեմն մեզնից արդյունքներ ակնկալել չի կարելի: Ոչինչ չանելը կործանման ճանապարհ է»:

Ակնարկվեց նաև այն, որ Վենետիկի հանձնաժողովը պահանջում է  ընդդիմության լիազորությունների մեծացում: Այս առիթով պարոն Հարությունյանն ասաց. «Խորհրդարանն իր ամբողջության մեջ է իշխանություն և փոքրամասնությունը նույնպես իշխանություն է»:

Aravot.am-ի դիտարկմանը, թե Վենետիկի հանձնաժողովը կոնկրետ նշել է, որ առաջարկում են, որ ԱԺ փոխնախագահը լինի ընդդիմության ներկայացուցիչ, ինքն ի՞նչ կարծիք ունի և արդյոք ունի՞ նախընտրելի թեկնածու, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Այս հարցադրումը մենք էլ ենք արել, որ տարբեր մակարդակներում և ինստիտուտների ձևավորման մեջ պետք է լինի նաև ընդդիմության ներկայացուցիչ: Բայց չպետք է հարցը կապել միայն անձի ներկայացուցչական ապագայի հետ, պետք է ամբողջության մեջ նայել, թե այդ ներկայությամբ ինչ դերակատարություն պիտի կատարվի օրինագծերի առաջադրման հետ կապված: Հանձնաժողովի քննարկման ժամանակ հայեցակարգային մոտեցում է ցուցաբերվել, ոչ մի հարցում որևէ անձնական մոտեցում չի եղել: Դրանք կենցաղային մակարդակի խոսակցություններ են, դա ավելի շատ պետականամետ վերլուծություն է, որի նպատակն է պետական մեքենան ավելի արդյունավետ գործող դարձնել»:

Իսկ թե ինչո՞ւ ՀՀ քաղաքացիները չեն զգում սահմանադրական փոփոխությունների արդյունքները, պարոն Հարությունյանն այս կապակցությամբ հիշեց Գերմանիայի օրինակը, որտեղ մեկ կամ երկու տարին մեկ սահմանադրություն են փոխում ու շեշտեց. «Սահմանադրական զարգացումները պետք է լինեն անընդհատ, չպետք է այնպիսի մեխանիզմ ընտրել, որ միայն վիրահատությամբ կարելի է փոփոխություն կատարել: Ցավոք, մեր երկրում այնպիսի սահմանադրական կարգ է ընտրվել, երբ էվոլյուցիոն զարգացումներն արգելափակվել են: Փոփոխությունները մեր երկրում եղել են մեկ անգամ, դրանք եղել են ոչ լիարժեք, քանի որ կիսալուծումներ են եղել»:

Հարցին`այն մթնոլորտում, որտեղ 2008-ից ի վեր ՍԴ-ն ոչ մի համապետական ընտրություն անվավեր չի ճանաչել, ինչպե՞ս են հանրաքվե անցկացնելու, պարոն Հարությունյանն արձագանքեց. «ՍԴ-ն իր լիազորությունների շրջանակում գնահատել է այն դիմումները, որոնք եղել են և ՍԴ որոշումներ կայացրել դրա շրջանակներում: Հանրաքվեի կամ ընտրությունների հետ կապված հարցում նույնպես ՍԴ-ն հստակ դիրքորոշում է արտահայտել: Ասել ենք` հարյուր անգամ էլ կրկնեք, այս մեքենան, նույն արդյունքներն եք ստանալու»:

Հիշեցմանը, թե Վենետիկի հանձնաժողովը մտավախություն ունի, որ խորհրդարանական համակարգի անցման պարագայում ժողովրդի ընտրության իրավունքը գողացված կզգա, պարոն Հարությունյանն ասաց, թե հանձնաժողովի դիրքորոշումը սխալ են հասկացել ու նշեց. «Վենետիկի հանձնաժողովն ասել է այլ բան, դուք այլ բան եք հասկացել: Հանձնաժողովն ասել է հասարակական լայն համաձայնության մասին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031