«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը այսօր՝ հոկտեմբերի 24-ին, «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հարցին, թե նա որքա՞ն հավանական է համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, պատասխանեց. «Ես կտրականապես դեմ եմ, երբ որ Ռոբերտ Քոչարյանի մասին հարց են տալիս եւ այդ հարցերին պատասխանում են այս կտրվածքով: Քանի դեռ Մարտի 1-ը փակված չէ, որեւէ մեկը իրավունք չունի այսպիսի հարց տալ: Դուք նրանց ծնողներին, հարազատներին ցույց եք տալիս՝ դե մարդ էր էլի, խփեցին գնաց: Այդ հետաքննությունը հատուկ փակել են, հատուկ չի գտնվել դավադիրների ողջ խումբը, որովհետեւ դա ծախվել է»:
Նա հայտարարեց, որ կգա մի օր եւ կգրվի ողբերգություն, որը կգրի հայ Շեքսպիրը եւ նրա անունը կլինի Ռոբերտ Քոչարյան. «Նա եղել է մարտիկ եւ հետո տրվել է մյուս աշխարհին: Այդ մյուս աշխարհի հետ միասին Մարտի 1-ին գնդակահարել է հայ ժողովրդին, որը դուրս էր եկել, որ փողի աշխարհի վերջը տար: Ես դեմ եմ, որովհետեւ նա լսում է այս խոսակցությունները եւ ասում է՝ ի՞նչ է պատահել, որ: Ինքը հիմա կարող է միայն մի բան անել՝ ոտաբոբիկ գնալ, չգիտեմ, թե որ աստվածներին է հավատում, մի՞գուցե Էջմիածին, կամ եթե փողի աշխարհին է հավատում, մի՞գուցե Վաշինգտոն եւ այնտեղ մեղքերը քավի, ուրիշ խնդիր նա չունի այստեղ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ