Քաղաքական դաշտն այսօր կարելի է պայմանականորեն բաժանել երեք մասի՝ Սերժ Սարգսյանն իր ՀՀԿ-ով, ոչ իշխանական եռյակն՝ ամբողջական իշխանափոխություն իրականացնելու եւ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու իր բացահայտ մտադրությամբ, եւ «մյուսները»։
Նկատե՞լ եք, որ երբ խոսք է գնում Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու եւ արտահերթ ընտրությունների հասնելու մասին՝ «մյուսները» ձայն-ծպտուն չեն հանում, փոխարենը՝ բացառիկ ակտիվություն են ցուցաբերում բոլոր այն դեպքերում, երբ կառավարության որեւէ նախաձեռնություն «քլնգելու» առիթ կա։ Ընդ որում՝ առիթներ միշտ էլ կան, եւ «մյուսները», որպես կանոն, շատ ճիշտ ու հիմնավորված փաստարկներ են բերում։
Բայց եթե հարցին նայում ենք ավելի լայն իմաստով, շատ հետաքրքիր պատկեր է ստացվում։ Փաստորեն, «մյուսների» ասածը սա է. «Ամո՛թ կառավարությանը, տեսեք՝ այնպիսի օրինագծեր են մշակել, որ միայն իրենք օգտվեն, այ՝ եթե այսինչ հոդվածի այսինչ պարբերությունը փոխենք եւ այսինչ բանն ավելացնենք, լավ կլինի»։
Իսկ ոչ իշխանական եռյակի մոտեցումը սա է. «կապ չունի, թե կառավարության ներկայացրած այսինչ օրինագծում ինչը կփոխվի եւ ինչը չի փոխվի, քանի դեռ Հայաստանում իշխում է ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որեւէ դրական ակնկալիք ունենալ չարժե»։
Կարդացեք նաև
Ընկալեցի՞ք տարբերությունը։ Փաստորեն՝ «մյուսները» խիստ արմատական են, երբ խոսում են կառավարության դեմ, իսկ Սերժ Սարգսյանի համար լավ էլ կառուցողական ընդդիմություն են, մինչդեռ եռյակը Սերժ Սարգսյանի դեմ է հանդես գալիս արմատական դիրքերից։ Ու հիմա ՀՀ քաղաքացիներն իրենք իրենց համար պիտի ճշտեն՝ Հայաստանի ներկա խայտառակ վիճակի պատճառը կառավարության վատ աշխատա՞նքն է, թե՞ այն, որ երկիրը ղեկավարում է Սերժ Սարգսյանը՝ իր ՀՀԿ-ով ու խորհրդարանական մեծամասնությամբ։
Հասկանալի է, չէ՞, որ անձամբ Սերժ Սարգսյանին ձեռնտու է առաջին տարբերակը. նա շատ կցանկանար, որ ժողովուրդն ամեն ինչի համար մեղադրի ոչ թե իրեն, այլ կառավարությանը։ «Մյուսները» փաստորեն հենց այս ուղղությամբ էլ աշխատում են։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում