Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սաֆարյան. «Դառնալով ԵԱՏՄ անդամ, Հայաստանը դարձավ ավելի մեծ ուշադրության առարկա Թուրքիայի համար». «Իրատես de facto»

Հոկտեմբեր 24,2014 11:34

«Իրատես de facto»-ի հյուրն է «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը:

– Եթե ունենք քաղաքական անկախություն, ինչո՞ւ չենք կարողանում Բելառուսի, Ղազախստանի նման մեր քաղաքականությունը ԵԱՏՄ-ում առաջ տանել։ Մինսկը բաց առևտուր է անում ու ցանկացածը ստանում է Մոսկվայից, նույնը՝ Աստանան։ Ինչո՞ւ Հայաստանը նրանց հավասար ձայներ չունի։ Ինչո՞ւ չենք կարողանում մեր հարաբերությունները զարգացնել հարևան Իրանի հետ։

– Մենք հավասար ձայներ ունենք՝ մեկ, և երկրորդ՝ այն հանգամանքը, որ Ռուսաստանը Ադրբեջանից Իրան կառուցում է երկրորդ խոշոր երկաթգիծը, որը Հյուսիս-հարավ միջանցքի կարևոր բաղկացուցիչն է, վկայում է, որ Ռուսաստանը ոչ միայն չի թերագնահատում Իրանի հետ հարաբերությունները, այլև կարևորում է։

– Կարևորում է իր շահերից ելնելով, իսկ մե՞ր շահերը։

– Ես համոզված եմ, որ Ռուսաստանն Իրանի հետ ունենալու է փոխշահավետ առևտրի զարգացում, Հյուսիս-հարավ ավտոճանապարհը և երկաթուղային կապը, երբ գործարկվի, մենք կդառնանք այլընտրանքային մայրուղի Ռուսաստանը Իրանին կապող։ Ես ավելի քան համոզված եմ, որ դառնալով ԵԱՏՄ անդամ, Հայաստանը դարձավ ավելի մեծ ուշադրության առարկա հարևան Թուրքիայի համար, որտեղ դադարեցվել էր հայ-թուրքական երկխոսությունը։ Երբ Հայաստանը քայլ անի դեպի ԵԱՏՄ, Թուրքիայում կարող են նորից ու ավելի բարձր հնչել հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության ձայները։

– ԵԱՏՄ-ի համար տնտեսական նկատառումներով շատ շահեկան կլինի Ադրբեջանի անդամակցումը, հնարավո՞ր է դա։ Այդ դեպքում անվտանգության ի՞նչ երաշխիքներ է Հայաստանն ունենալու։

– Մտնելով ԵԱՏՄ՝ մենք մեր ազգային անվտանգությունն ավելի ամրապնդեցինք, խոսքը ոչ այնքան տնտեսական ռեժիմների մասին է, որքան ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցության։ Ռուսաստանում շատ կան քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ, որ տարբեր պատճառներով շահագրգռված են Ադրբեջանին ԵԱՏՄ բերել։ Ես գիտեմ այդ մարդկանց ուժը, գիտեմ Ադրբեջանի լոբբիստական հնարավորությունները Ռուսաստանում, բայց կարծում եմ, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի ոչ պաշտոնական քննարկումները Հայաստանի անդամակցությամբ միայն ուժեղանում են։

Մեզ պետք է կոմպետենտ, ինտելեկտուալ միջավայրում կազմակերպել իրավիճակի մոդելավորումը և քաղաքական, տնտեսական, հասարակական իրողությունների համադրումով կանխատեսել ինչ կպատահի, եթե Ադրբեջանը որոշի անդամակցել ԵԱՏՄ-ին։ Ես ճանաչում եմ բազմաթիվ ռուս քաղաքագետների, որ ասում են Ղարաբաղի հարցի լուծման մեջ էական ներդրում կլինի։ Ինձ համար դեռ հարցեր կան, և ես կցանկանայի, որ մեր վերլուծաբանները որոշակիորեն մոդելավորեին իրավիճակը ինչ կլինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը լինեն ԵԱՏՄ անդամ։ Այդ դեպքում Վրաստանն ուղղակի ստիպված է մեղմացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Սա հասկանալի թիրախ է, բայց ինչպիսի՞ն կլինի Ադրբեջանի անդամակցությունը՝ մտածելու և հաշվարկելու խնդիր է, որ պետք է արվի։ Թեպետ այսօր Ադրբեջանում չկան մարդիկ, ովքեր լրջորեն քննարկում են ԵԱՏՄ-ին միանալու հնարավորությունը։ Նրանք ուզում են, որ իրենց երկիրը վայելի անկախության պտուղները։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031