«Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում առկա դրույթները կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլև այն երկրների համար, որոնք գտնվում են ժողովրդավարության զարգացման ճանապարհին»,-այսօր մեկնարկած «Մարդու իրավունքների արժանապատվության սահմանադրական կարգավիճակը» թեմայով 9-րդ միջազգային խորհրդաժողովին հայտարարեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն: Նա առավել կարևորեց այն բարեփոխումները, որոնք հիմնված են տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի վրա, ընտրությունների կազմակերպման և սահմանադրական կարգավորմանն ուղղված դրույթները:
Պարոն Բուքիքիոն վստահեցրեց, որ համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ շարունակվելու է ու շեշտեց մի քանի կարևոր դրույթներ, որոնք առաջարկում են ընդգրկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում. «Կարևոր է նաև ՍԴ-ի և ՍԴ նախագահի իրավասությունների մեծացումը,այն, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնի ընդդիմությունից ներկայացուցիչ»:
Իր ելույթում Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Գագիկ Հարությունյանը շեշտեց. «Մարդը չի կարող պետության գործունեության կոպեկ դառնալ, որի համար իրավունքի պաշտպանության համարժեք արգելանքներ են սահմանվում, մյուս կողմից երաշխավորվում են մարդու իրավունքների պաշտպանություն ապահովող ազատությունները: Այդուհանդերձ, միջազգային պրակտիկայում այսօր շարունակում են մտահոգիչ մնալ մարդու իրավունքների իրացման և ազատությունների երաշխավորման սահմանափակումներին առնչվող հիմնախնդիրները, դրանց որոշակիությունն ու ապահովումը, որ վտանգ չսպառնա մարդու արժանապատվությանը»:
Գագիկ Հարությունյանը հնչեցրեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում մասնավորապես նշված է. «Իրավունքի գերակայության երաշխավորումը այլընտրանք չունի, իսկ վերջինս չի կարող լինել սոսկ բարի ցանկություն, այլ պահանջում է սահմանադրական համարժեք լուծումներ, իրավական արդյունավետ գործող համակարգեր, իրավական մտածողության և մշակույթի անհրաժեշտ միջավայր: Այս ամենը մեկ օրում չի լինում: Հաջողություն կարելի է ակնկալել այն դեպքում, երբ իրավունքի գերակայությունը երաշխավորված է պետական քաղաքականությամբ և քաղաքական մտածելակերպի շարժիչ ուժն է»:
Կարդացեք նաև
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով մարդու արժանապատվության պաշտպանությանը, նշեց. «Բացառիկ բարդ է մարդու արժանապատվության պաշտպանության խնդիրը: Այն փոքր-ինչ եթերային բնույթի հասկացություն է և կարող է տարբեր կերպ մեկնաբանվել, ուստի կրում է անորոշություն: Ցավոք, շատ երկրներում դեռ այն մտայնությունը կա, որ միայն հատուկ ընտրյալների արժանապատվությունն է արժանի պաշտպանության»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ