Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի պատկերացմամբ՝ Սերժ Սարգսյանը հիմա պիտի հրաժարակա՞ն տա. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 24,2014 10:55

Ինչպես հայտնի է, եռյակի, այդ թվում. ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց նպատակը իշխանափոխությունն է։ Թվում է, թե սա շատ հարցերի պատասխաններ է տալիս, բայց իրականում՝ ավելի շատ հարցեր է առաջացնում։

Մասնավորապես՝ի՞նչ նկատի ունեն ԲՀԿ-ականները իշխանափոխություն ասելով։ Այդ իշխանափոխության արդյունքում ովքե՞ր պետք է հեռանան իշխանությունից և ովքեր պիտի գան իշխանության, եւ ի՞նչ նպատակներ իրագործելու համար։ Այս հարցերի պատասխանը պարտադիր չէ՝ տրվի ուղղակիորեն, թե էս, էս, էս մարդիկ պետք է հեռանան իշխանությունից, եւ էս, էս, էս մարդիկ գան իշխանության։ Կա պատասխանի շատ ավելի քաղաքական եղանակ եւ այդ եղանակը կոչվում է քաղաքական գնահատական։ Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2007 թվականին վերադարձավ քաղաքականություն, առաջին բանը որ արեց՝ քաղաքական գնահատական տվեց Քոչարյան-Սարգսյան զույգի իշխանությանը, քաղաքական գնահատական տվեց իր իսկ իշխանության տարիներին, քաղաքական գնահատական տվեց Սերժ Սարգսյանին՝ որպես ՀՀ նախագահի իշխանական թեկնածուի։ Եվ այս գնահատականները դարձան այն կոորդինատները, որոնցով որոշվում էր նրա տեղը քաղաքական դաշտում։ Գագիկ Ծառուկյանը նման կոորդինատներ չունի եւ չի ունենալու, քանի դեռ գնահատական չի տվել գործող իշխանությանը, Սերժ Սարգսյանին, քանի դեռ գնահատական չի տվել Ռոբերտ Քոչարյանին, քանի դեռ գնահատական չի տվել իր իշխանավարման տարիներին, ի վերջո, 2007-2012 թվականներին նա եղել է իշխանական կոալիցիայի երեք գլուխներից մեկը, երկրի վիճակի քաղաքական պատասխանատուներից մեկը։

Հաջորդ կարեւոր հարցը, որը բովանդակային կապի մեջ է առաջին հարցի հետ, իշխանափոխության մեթոդների եւ ժամկետների հարցն է։ Ե՞րբ է պատրաստվում իշխանափոխություն անել եռյակը և ի՞նչ մեթոդներով։ Նախորդ հանրահավաքի առանցքային ելույթը Լեւոն Տեր-Պետրոսյանինն էր, ու նա այս թեմաներին ե՛ւ անդրադարձավ, ե՛ւ չանդրադարձավ։ Նա խոսում էր արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների, շուտափույթ իշխանափոխության մասին, բայց նաեւ շեշտեց, որ իրենք հեղափոխություն չեն անելու, իշխանությանը պահանջներ չեն ներկայացնելու, վերջնագրեր չեն ներկայացնելու, նույնիսկ փոխզիջումային առաջարկներ չեն ներկայացնելու։ Բա ինչպե՞ս են հասնելու իշխանափոխության։ Տեր-Պետրոսյանն ասաց, որ իշխանությունից սպասում են երկխոսության եւ փոխզիջումային առաջարկների նախաձեռնություն։ Ըստ էության, նույն միտքը նախօրեին «Կենտրոն» հեռուստաընկերությամբ կրկնեց նաեւ Ռուբեն Հակոբյանը՝ ասելով, որ իշխանափոխության գործիք են դիտում բանակցությունը իշխանության հետ։ Հիմա այս հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը պետք Է հստակեցնի Գագիկ Ծառուկյանը. իր պատկերացմամբ Սերժ Սարգսյանը հիմա պիտի հրաժարակա՞ն տա։ Եթե ոչ, ո՞րն է նրա պատկերացրած իշխանափոխությունը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031