Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճանապարհային քարտեզի» խնդիրը

Հոկտեմբեր 24,2014 10:08

Միակ հարցը, որին պետք է պատասխան տա այսօրվա հանրահավաքը, հետեւյալն է՝ արդյոք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի՞, որ իր եւ իր կուսակցության նպատակն է Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնից հեռացնելը ու արտահերթ նախագահական ընտրություններում հաղթելը: Մնացած բոլոր ձեւակերպումները՝ որ կան թերություններ, արատներ, աղքատություն, արտագաղթ, կոռուպցիա, որ իշխանությունը չպիտի վերարտադրվի եւ այլն, դրանք թեեւ ճիշտ են, սակայն հեղափոխական կոչ իրենցից չեն ներկայացնում: Ազատության հրապարակի հարթակի մնացած հռետորներն ավելի լավ, ավելի ճոխ բառերով կբացատրեն ժողովրդին, թե որքան վատ է իր վիճակը, թե ինչպես են իրեն թալանում, կեղեքում եւ այլն: Ի դեպ, կարելի է նոր տեքստեր չգրել՝ բավարար է հարթակից կարդալ Արշակ Սադոյանի կամ, ասենք, Սեյրան Ավագյանի 20 տարվա հնության տեքստերը: Էմոցիոնալ ֆոնի առումով, մի խոսքով, ոչ մի խնդիր չկա: Բայց այդ բոլոր ելույթները պետք են, ինչպես սպորտում եւ շոու-բիզնեսում են ասում՝ для разогрева:

ԲՀԿ առաջնորդից երկար ճառեր չեն պահանջվում՝ նա կամ կսահմանափակվի նախորդ թեմաներով, կամ էլ կպահանջի նախագահի անհապաղ հրաժարականը, բայց երկրորդ դեպքում պիտի բացատրի, թե ինչպես է նա հասնելու այդ նպատակին: Թերեւս նախկինում բուրժուա-դեմոկրատական եւ սոցիալիստական հեղափոխության «ճանապարհային քարտեզը» պարզ էր. սկզբում գրավում են հեռագրատունը, հետո փոստատունը, հետո կամուրջները եւ այլն: Ռուցկոյի եւ Խասբուլատովի կողմնակիցները 1993 թվականին, եթե հիշում եք, գրոհում էին «Օստանկինո» հեռուստատեսությունը: Պարզ է, չէ՞, որ բոլոր թվարկած դեպքերում խոսքը կոմունիկացիաների մասին է: 21-րդ դարի Հայաստանում նման գրոհների անհրաժեշտությունը չկա: Ծառուկյանն ունի իր հեռուստատեսությունը, որով կարող է հաղորդել՝ ինչ ցանկանում է, եւ հրահանգներ տալ հեղափոխական զանգվածներին: Համացանցը, սոցիալական ցանցերն ազատ են: Լրատվամիջոցների մեծ մասը (այդ թվում՝ «Առավոտը») հաղորդում է ընդդիմադիրների ճառերը: Կոմունիկացիաների առումով, այսպիսով, նույնպես խնդիր չկա:

Արդի հայ բուրժուական դեմոկրատները այսօր կանգնած են հեղափոխության մարտավարության խնդիրների առաջ: Արդյունք կտա՞ երկու շաբաթը մեկ հանրահավաքներ անելը: Եթե՝ ոչ, ապա գուցե շաբա՞թը մեկ: Գուցե ամեն օ՞ր: Ենթադրում եմ, որ եթե նույնիսկ շուրջօրյա հանրահավաքներ լինեն եւ օրը 24 ժամ հայհոյանքներ հնչեն իշխանությունների հասցեին, դա առանձնապես իրավիճակը չի սրի: Իհարկե, եթե փորձ արվի ժողովրդին տանել Բաղրամյան-26-ը գրավելու, կլինի այն, ինչ իշխանությունն անվանում է «զանգվածային անկարգություններ»՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Որքան գիտեմ Գագիկ Ծառուկյանին, նա հակված չէ նման արկածախնդրությունների:
Իհարկե, կա նաեւ Ազատության հրապարակում վրաններ խփելու տարբերակը: Բայց այդ դեպքում ինձ թույլ կտամ մի փոքրիկ խորհուրդ իմ հեղափոխական բարեկամներին՝ ամեն մի վրանի գլխին փակցնել ՌԴ դրոշը, որպեսզի ռուսաստանցի դիտորդները չշփոթվեն եւ չմտածեն, որ սա «նարնջագույն հեղափոխություն» է եւ «մայդան»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Արդեն մի քանի ամիս է, ինչ ողջ հանրապետությունում խոսում են իշխանափոխության անհրաժեշտության մասին,որը իմ կարծիքով ճիշտ պահանջ է:Կարծում եմ Գագիկ Ծառուկյանը այնքան տգետ չի,որ չհասկանա,որ միայն նախագահի փոփոխությամբ իշխանափոխություն չի լինում:Պարոն Արամ Աբրահամյան,Ծառուկյանը մի քանի անգամ ասել է,որ ինքը երբեք քաղաքական պաշտոնների չի ձգտել և չի ձգտելու:Այն,որ մամուլը իր թեթևսոլիկ ձեռագրով ցանկանում է իրականությունը միշտ թարս հայելու մեջ ներկայացնել,բոլորին պարզ է:Ծառուկյանի <> արտահայտությունը ցույց է տալիս,թե ինչքան անհասկացողներ ապուշ հարցերով կարող են իրեն դիմել:Հեղափոխություն երկրին անհրաժեշտ է,բայց որ ձեր կողմից պատկերացվածի ձևով:Ձեր կողմից պատկերացված հեղափոխության իրականացման համար ակտիվ մասսա չկա հանրապետությունում:Ակտիվ մասսային իշխանությունները կամ արտահանել են, կամ էլ` գտնվում են գործուղման մեջ:

  2. Narek says:

    Հարցս վերևի հոդվածի հետ կապ չունի. հոկտեմբերի 22-ին այցելել է Գյումրի (Շիրակ, Լոռի), Ասպարեզի նախագահն էլ հորդորել էր չլուսաբանել, առավոտում Օյունջյանի մասին հոդվածը գտա օրվա հետ կապված. փաստորեն, միացե՞լ եք փոքրիկ արշավին: Բայց հենց հաջորդ օրվանից հարցազրույցները, ու ուղերձները հրապարակելը, ընդունելությունները, այցերը լուսաբանելը չի՞ «ջրում», զրոյացնում մի հոդվածի բացակայությունը: Ու «ես լրագրող եմ, և՛ լավն եմ ներկայացնում, և՛ վատը. լրագրողը պիտի միայն փաստերը ներկայացնի» երգը ո՞ւր մնաց, թե՞.. առավոտին «մատով ցույց կտային» լուսաբանման դեպքում:
    (Նորից ասեմ, ես հոդված չգտա, գուցե կա:)

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Իհարկե, մեր խնդիրն ամեն ինչ լուսաբանելն է, եւ ոչ մի քաղաքական ակցիաների «Առավոտը» չի պատրաստվում մասնակցել: Բայց նախագահի այլցը Շիրակի եւ Լոռիի մարզ մենք չենք լուսաբանել, որովհետեւ նախագահի աշխատակազմը լուսաբանման համար պայմաններ չի ստեղծել: «Կգաք, կկանգնեք դուրսը, ներս չեք մտնի» եւ այլն:

      • Narek says:

        Շնորհակալություն: Բայց հոկտ. 23-ի էքսպոյի նյութը, արդարության խորհրդաժողովի ուղերձը ու ընդունելությունների հոդվածները Առավոտում բոլորը մամլո հաղորդագրություններ են: Դեպի մարզեր ուղևորության մասին էլ բնականաբար մամլո հաղորդագրություն կա. այդ բացթողումը Առավոտի ո՞ր բաժնի թերացումն է:

  3. Իհարկե’, պարոն Աբրահամյան,ձեր խնդիրը քաղաքական իրադարձությունների լուսաբանումը,մեկնաբանումն է,այն էլ անկողմնակալ ձևով:Բայց ձեր այս հոդվածի առաջին պարբերության մեջ ձեր կողմից արտահայտած մտքերը,կամ` կարծիքները ընթերցողի մոտ հակառակ տպավորությունն են թողում:Պարզ երևում է,որ ձեր արտահայտած մտքերով ավելի շատ վարկաբեկվող իշխանության ջրաղացին եք ջուր լցնում:Հարկավոր է ռեալ իրականությունը ռեալ ձևով ներկայացնել:

    • Հրանտ Պապիկյան says:

      Սարգիս ջան Իշխանության ջրաղացին ամենաշատ ջուրը լցնում է հենց այս այսպես կոչված ընդիմությունը՝ իր խայտաբղետ կազմով, իրար հետ ոչ մի գաղափարական եզր չունեցող՝ իբր թե կուսակցություններով, հարթակի վրա կանգնած տխրահռչակ ու ծիծաղելի դեմքերով, որոնք այնքան քաջ հայտնի են հանրությանը, որ նրանց ազգափրկիչ ներկայանալու փորձերը ԿՈԿԱ-ԿՈԼԱՅԻ գովազդի է նման՝ ՛՛կրկին փորձիր՛՛: Մի խոսքով խղճուկ պատկեր է: Ժողովրդի մեծ մասը իրոք դժգոհ է իշխանությունից: Ես էլ եմ դժգոհ, մեր տնից էլ ևս յոթ հոգի…
      Բայց տեսնելով թե ովքեր են հավակնում այս իշխանության տեղը գրավելու, մեծամասամբ ժողովուրդը հասկանում է, որ միայն անուններ են փոխվելու…
      Այստեղ նույնիսկ փորձած թանի և չփորձած մածունի համեմատության հարցը չկա: Սաղ փորձած ա, բոլորին գիտենք, էդ մածունը արդեն կերել էլ ենք, փսխել էլ…
      Աբրահամյանը որ ուզենա էլ, չի կարող այնպիսի հոդված գրել, որ մարդիկ հիշողությունները կորցնեն ու հիացած բացականչեն՝ էս ինչ հզոր ու թարմ մտքեր են արտահայտում այս անաչառ ու ազնիվ մարդիկ, էս ուր էին սրանք մինչ այսօր:
      Իսկ որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն լուրջ դեմքերով ասում են, որ պետք է ժողովրդից թալանածը վերադարձնել ժողովրդին, ես ծիծաղից մեռնում եմ: Չի կարելի մարդկանց այդքան պրիմիտիվ համարել: Եթե ՌԵԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ այն է, որ այս ՛՛հեղափոխական՛՛ ԴԵԺԱՎՅՈՒՆ արդեն ծիծաղ ու խղճահարություն է առաջացնում, ապա դա հենց այդպես էլ պետք է լրագրողը ներկայացնի:
      Ի դեպ իմ մոտ ՛՛մայդան՛՛ բառը ասոցացվում է ՛՛մայմուն՛՛ բառի հետ: Գիտեք ինչու? Երկուսն էլ մաքուր թուրքերեն բառեր են…

  4. մէջբերում՝ «արդյոք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի՞, որ իր եւ իր կուսակցության նպատակն է Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնից հեռացնելը ու արտահերթ նախագահական ընտրություններում հաղթելը: »

    Յարգելի – եւ նոյնիսկ, իրօք, սիրելի – Պարոն Ապրահամյան,

    Ձեր հարցումի, իսկապէս, իսկանան հարցո՞ւմ է:

    Ինծ’ թւում է թէ ոչ:

    Պարզապէս որովհետեւ՝ եթէ վաղը (= էգուց) Սերժ Սարգսյանը դադրի ըլլալէ (այո, ինչ որ ել անեմ, ասեմ ու լինեմ՝ մնալու եմ «ախբար» …) Հայաստանի նախագահ,

    ո՞վ է,

    ո՞ւմ է (քանզի երեւի մի քիչ սովորել եմ Հայաստանի խօսուածքը )

    առնելու է նրա տեղը…

    Իմն ել իասկական հարցում չի, անշուշտ…

    Հետեւաբար՝ ինչո՞ւ համար վատնում ենք այսքան ջանք ու ժամանակ…

    Ո՞վ է – առաջին հերթին – օգտւում այս ժամանակի, ջանքերի ու ճիգերի կորուստից
    (մի ուրիշ ձեւական հարցում եւս, ներողամիտ եղէք…)

    Մ. Հայդուկ Շամլեան
    Գատանա

  5. Յ.Գ. Այո, մի քանի վրիպակներ փախել է նախորդ ակնարկութեանս մէջ, թերեւս նոյնիսկ սոյն գրութեան մէջ: — Սակայն այդ ոչինչ է՝ բաղդատած ԼԱՏԻՆԱՏԱՌ ՋԻՆԱՐԵ՛ՆԷնին զորս շատ մը հայորդիներ ընդհանրապէս գործածում են, արտայայտուելու համար Համացանցի վրայ (եթէ ոչ միշտ այստեղ, երեւի շատ յաճախ այլուր): — Իսկ մանաւանդ, վրիպակները մէկդի, քոնէ ես, որպէս օտարերկրացի աղբար, կամաւոր աքսորեալ ու ղարիպ՝ գրում եմ գոնէ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի – եւ ոչ թէ Սթալինեան – ուղղագրութեամբ: Այդ մէկն ալ ներեցէք, խնդրեմ: (Թէկուզ ազգային աւելի լուրջ նիւթ է, քան թէ… ասենք… Սերժ Սարգսյանը…) — Հ.Շ.

  6. Հարգելի Հրանտ Պապիկյան,համաձայն եմ,որ ընդդիմությունը ներկայանում է խայտաբղետ կազմով և ժողովուրդը լավ չի ընկալում,թե ինչն է նրանց միավորում և ինչ իրական նպատակ են հետապնդում այդ քաղաքական ուժերը,կամ`դրանց քաղաքական ղեկավարները:Շատերի մոտ ծիծաղ է առաջանում,երբ նրանք խոսում են պետությունից և ժողովրդից համազգային ունեցվածքի կատարված թալանի մասին:Հարց է առաջանում`միլիոնատեր Ծառուկյանը մասնակից չէ’ այդ թալանին,կամ`այդ թալանը Լևոնի ժամանակ չէ’ սկիզբ առել,ուր եր այդ ժամանակ նա:Դուք և շատերը չեն կարող հավատալ,որ նրանք կարող են նման հարց բարձրաձայնել:Բայց ես հավատում եմ,որովհետև շատ հարցերի տեղյակ եմ:Մի բան միայն բացահայտեմ:Երբ Լևոնի օրոք սկսվեց սեփականաշնորհման գործընթացը,հենց նույն ժամանակ պարզվեց,որ կատարվում է պետական ունեցվածքի թալան:Ծառուկյանը այն ժամանակ երիտասարդ եր և պատրաստ էր պայքարել դրա դեմ:Այդ ժամանակ այս թալանի մասին բարձրաձայնեց ՀՅԴ-ն:Ծառուկյանը ուզում էր մտնել այդ կուսակցության մեջ պայքարին միանալու ակնկալիքով,բայց նրան խորհուրդ տվեցին դա չանել,քանի վոր ՀՅԴ-ն պայքար եր տանում սիրողական մակարդակով:Շատ չերկարացնելով ասեմ:Այդ ժամանակ նրան խորուրդ տվեցին մտնել խաղի մեջ`խաղալ,ճանաչել թալանչիներին,հարստանալ,ստեղծել մի նոր, առանց կողմնակի ազդեցությունների կուսակցություն,հզորանալ և նոր սկսել պայքարը:Լևոնի մասին կասեմ` նա ևս հայրենասեր անձ է և խաբված թալանչիների կողմից:Շատերի նման նրա եղբայրը ևս թալանչիների զոհն է:Այն ժամանակ Լևոնը քաղաքականապես հասուն գործիչ չէր և կարող էր խաբվել:Քաղաքական իշխանության որպես ղեկավարի նրա վերադարձը կնշանակի մերկացում բոլոր թալանչիներին,մարդասպաններին, ազգասերի դիմակի տակ թագնված ՀՀԿ-ն իրենց ձեռքը վերցրած իրենց ազգային ինքնությունը գիտակցող խաչագող կոչված այլազգիներին,որոնք Հայաստանի այս անտանելի վիճակի հասցնողներն են:Րաֆֆիի մասին ասեմ, որ նա խաղալիք է իշխանությունների ձեռքին,պարում է արևմուտքի թմբուկի տակ և ոչնչի չի հասնի:Մնում է հանդես գա երկրորդականի կարգավիճակով:Որքանով գիտեմ մայմուն կապիկ է նշանակում:Եթե այդպես է,կնշանակի արևմուտքը Կիևի <>(հրապարակ) մի ողջ ժողովրդի պարեցրին կրկեսի կապիկների նման:Հայաստանում մայմունները հրապարակից դուս են պարում:Գուցե իրենց վերջին պարը:Հարկավոր է լավատես լինել:

  7. Հրանտ Պապիկյան says:

    Ուրեմն 150 տարեկան կուսակցությունը սիրողական մակարդակով էր պայքարում, և դրա համար ՀԱՅՐԵՆԱՍԵՐ և ԱԶՆԻՎ Լևոնը նրանց փակել տվեց… Այն ժամանակ ես ծառայում էի ՆԳ մարմիններում, և անձամբ մասնակցել եմ ձերբակալություններին: Ասեմ, որ գործը սարքած էր թաղայինի մակարդակով, ուղղակի դաշնակների ՛՛ջեբը՛՛ հաշիշի փոխարեն զենքեր ու դիակներ էին գցում: Իսկ այն թեզը, իբր այսինչը լավն էր, բայց շրջապատը իրեն վարկաբեկեց, դա մանկամիտների համար է: Եթե երկրի ղեկավարը իր շրջապատից գլուխ չի հանում, ինչպե՞ս է նա գլուխ հանելու մեծ քաղաքականության ՛՛գայլերի՛՛ շրջապատից: Նրան կուտեն՝ մեզ էլ հետը: Այսինքն կամ այդպիսի մարդը ՛՛ազնիվ հարիֆ՛՛ ա, որին իր շրջապատը ֆռռացնում ա, կամ էլ հեչ հարիֆ չի ու հենց այն շրջապատն է ընտրել, որը իրեն ձեռնատու է: Երկու դեպքում էլ դա այն անձը չի…..
    Ինչ վերաբերվում է Ծառուկյանին, նրան շատ վաղուց եմ ճանաչում: Շատ անգամներ հետը հաց եմ կիսել ու շատ հարգում եմ այդ մարդուն: Ժողովրդական լեզվով ասած՝ կարգին տղա է, կամեցող, հասնող…: Ես շատ անհանգստանում եմ նրա համար և շատ կուզենայի նա մի կերպ դուրս գար այդ զզվելի բանի միջից, որ կոչվում է քաղաքականություն ու շարունակեր այն գործը, որտեղ հաջողակ է ու նախաձեռնող: Կարծում եմ նրան միտումնավոր են ներքաշել այս դավերի մեջ երկու նպատակով` օգտագործել հզոր ֆինանսական ռեսուրսը և ի վերջո նաև վարկաբեկել անունը, քանի որ վարկանիշ նա իրոք ունի ժողովրդի մոտ: Իսկ դա միշտ նախանձի տեղիք է տալիս հին քաղաքական աղվեսների մոտ: Չգիտեմ որտեղից եք վերցրել, որ երիտասարդ տարիներին Նա չգիտեմ ինչի դեմ է պայքարել,(ես չեմ նկատել) բայց նա այն մարդն է, որ պայքարելու կարիք չի ունեցել երբեք և ոչ մի իշխանության օրոք: Ստեղծող և հաջողակ բիզնեսմեն է, որի տեսակի կարիքը ունեն բոլոր երկրներն ու իշխանությունները:
    Խոսքս հիշեք՝ էդ մարդուն էլ է իր շրջապատը քաշելու, բայց ի տարբերություն Լևոնի՝ ոչ թե նախագահ եղած ժամանակ, այլ դրա ճանապարհին….

  8. Հ.Յ.Դ-ի նիւթով, Վերանկախութեան օրերին անոր մօտ 100 տարեկան (այդ 150ը ուրտեղի՞ց ելաւ…) լինելը, քաղաքական գետնի վրայ, յատկանշական չէր, քանզի ան երբեւիցէ, առաջնահերթօրէն կամ բառին էական իմաստով՝ քաղաքական կուսակցութիւն չէ եղած:

    Հ.Յ. Դաշնակցութիւնը, հիմնականօրէն եւ առաջին հերթին, գաղափարական շարժում մը եղած է, պարբերաբար մարտական գործունէութեամբ:

    Բարեբախտութիւն է որ, գոնէ այս օրերին, գոնէ այս անգամ, ան չի մասնակցում փողոցներում կատարուող այս անհեթեթ իրարանցումին – չասելու համար խեղկատակութեան – :

    Ամէն պարագայի, այսօրուայ Հոհիթան իր անցեալի շուքը իսկ չէ… Կը մնայ նայիլ եթէ դեռ կարող է մի օր որոշ չափով վերականգնիլ, դարձեալ ծառայելու համար Հայութեան եւ Հայաստանին:

    Հայդուկ Շամլեան

    • Հրանտ Պապիկյան says:

      Դե 124 տարեկանն էլ քիչ չէ, Հայդուկ ջան: Մնացած մասով նույնպես համաձայն եմ: Բայց միայն նրա համար, որ պատահական ու անկապ մարդկանց չեն ընդունում իրենց շարքերը, ընդամենը գլխաքանակ ապահովելու համար, հարգելու բան է արդեն: Բացի այդ` իրարանցումներին մասնակցել կամ մարտական գործողություններ իհարկե շատ են արել, բայց ոչ երբեք ուղղված հայ մարդու դեմ և հայկական պետության ներսում: Իսկ խեղկատակության… ով ով, բայց դաշնակները չեն մասնակցի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031