Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՃՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ

Հոկտեմբեր 24,2014 10:03

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ քսանմեկերորդ

ՀԱՃՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ

Եվ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Եղբայր Վարդգեսը պարապությունից շատ էր նեղվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իմ պես» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բայց ինքը չէր արտահայտվում. ներս էր գցում», եւ ես ասացի՝ «դրա համար էլ սիրտը չի դիմացել», եւ Հավատացյալը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ սիրտը չի դիմացել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «սիրտը որ դիմանար, չէր մեռնի», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրանք Աստծո իմանալիք բաներ են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հորական տատս էլ էդ տեսակ արդար մահով մահացավ» եւ թախծոտ ավելացրեց՝ «Վարդգեսի պես քնեց ու չզարթնեց» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «տատիս ժպիտն էլ էր դեմքին մնացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «սովորաբար տատս բոլորիցս շուտ էր զարթնում. մինչեւ մենք զարթնում էինք, ինքն արդեն նախաճաշի սեղանը գցած էր լինում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բայց էդ օրը մենք բոլորս զարթնել էինք, ու ինքը դեռ քնած էր, ու որ մեծ ախպերս տատիս ականջին գոռաց, ու որ տատս ժպտալով չզարթնեց, մտքովս վատ բան անցավ, եւ չնայած մի մատ էրեխա էի ու մահացած որեւէ մեկին կյանքումս չէի տեսել, հենց որ մեծ ախպերս տատիս ականջին գոռաց, ու տատս էլ ժպտալով չզարթնեց, էդ պահին մտքովս մահն անցավ», եւ ես Խորենին հարցրի՝ «տատդ քանի՞ տարեկան էր», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրա իսկական տարիքն ինքն էլ չգիտեր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «երեւի ութսունն անց», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «սովորաբար մեծ տարիքում են էդ տեսակ երջանիկ մահով մահանում» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «բայց ձեր Վարդգեսը համեմատաբար ջահել ա էղել», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «տարիքը ոչ մի կապ չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնականում արդար մարդիկ են էդ տեսակ երջանիկ մահով մահանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «իրանցը ոչ թե մահ ա, այլ՝ երջանկություն» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իրանք ոչ թե մահանում են, այլ առանց ցավերի ու առանց չարչարանքների ճանապարհ են ընկնում իրանց հավերժական տուն», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բացառություններ էլ են լինում», եւ Հավատացյալը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «ի՞նչ բացառություններ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «կարող ա արդար մարդը հիվանդանա ու ցավեր կրի» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «կամ՝ հակառակը», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն ինչ էլ հնարավոր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես օրինաչափությունների մասին եմ խոսում, դու՝ բացառությունների» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ մենք չենք որոշում՝ ով ա արդար մարդ, ով՝ չէ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մարդ կա՝ արտաքուստ իրան շատ լավ ա դրսեւորում, բայց հենց իրա ես-ի ու նյութականի հարցն ա առաջանում, նոր ես իրան սկսում ճանաչել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «սովորաբար էդ տեսակ մարդիկ շատ ճարտար են լինում. ոնց որ ժողովուրդն ա ասում՝ օձին բնից կհանեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «եղբայր Վարդգեսին քցած մեր էդ եղբայր կոչեցյալը ճիշտ էդ տեսակ մարդ էր», եւ ես հարցրի՝ «ինքն էլ ա՞ մահացել», եւ Հավատացյալը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա ասում, որ մահացել ա», եւ ես ասացի՝ «իրա մասին անցյալ ժամանակով ես խոսում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ մարդուց ոչ մի տեղեկություն չունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իրականում ինքն ա մահացել, ոչ թե՝ եղբայր Վարդգեսը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Վարդգեսի պես արդար մարդիկ մահ չունեն», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «մենք չենք որոշում՝ ով ա արդար, ով՝ չէ», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Վարդգեսն ինքն էլ չգիտեր, որ ինքն արդար մարդ ա. ինքը իրա մասին համարյա չէր մտածում. հիմնականում ուրիշների մասին էր մտածում. նույնիսկ իրան խաբած ու քցած անձնավորությունների մասին էր սիրով ու խղճահարությամբ արտահայտվում», եւ ես հարցրի՝ «ուրիշներն էլ էի՞ն իրան քցել» եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «էս թազեքից ում հետ գործ էր բռնել՝ խաբել էին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նույնիսկ ֆահլաբազարի տղերքն էին իրան խաբել. տարել աշխատացրել էին, բայց փողը չէին տվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ավելի ճիշտ՝ իրան հասանելիք գումարի չնչին մասն էին տվել», եւ ես զարմացած հարցրի՝ «ինքը ֆահլաբազար էլ է՞ր գնում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի քանի անգամ հետները գործ ա բռնել, բայց էդ մասին մենակ ինձ ա ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը չէր ուզում, որ իրանց տնեցիք ու մանավանդ տղեն էդ մասին իմանան, որովհետեւ տղեն Ռուսաստանից իրանց ամսական որոշակի գումար էր ուղարկում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, նյութական իմաստով եղբայր Վարդգեսն առանձնապես ծանր վիճակում չէր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որ ծանր վիճակում չէր, էլ ինչի՞ էր ֆահլաբազար գնում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի քանի պատճառով» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հիմնականում՝ էրկու պատճառով» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «առաջին պատճառն էն էր, որ ինքը չէր սիրում ուրիշի հաշվին ապրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «թեկուզ տվյալ դեպքում էդ ուրիշն իրա հարազատ տղեն էր», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «բա մյո՞ւս պատճառը որն էր», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքն իրա արհեստները շատ էր սիրում, մանավանդ՝ գաջի գործը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքն էդ գործերը ձրի էլ կաներ. ուղղակի սիրտը նեղվում էր, որ մարդիկ իրան խաբում են» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ոնց որ բանաստեղծն ա իրա հաճույքի համար բանաստեղծություն գրում, էդպես էլ ինքն էր իրա գործից հաճույք ստանում» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ դու փողի համար ես բանաստեղծություն գրում», եւ ես ժպտալով ասացի՝ «արդեն ահագին վախտ ա՝ բանաստեղծություն չեմ գրում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բայց որ գրում էիր, կարող ա՞ փողի համար էիր գրում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որ գրում էի, միշտ էլ հոնորար էի ստանում», եւ Խորենը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բայց որ հոնորար չտային, կարող ա՞ չգրեիր», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «չգիտեմ»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031