Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպագիր. Կարկառուն ՀՀԿ-ականի զգայուն քիթը…

Հոկտեմբեր 24,2014 18:00

… Որ ամեն տեղից փողի հոտ է առնում

Չէ, ինչ ուզում եք՝ ասեք, հարգելի տիկնայք եւ պարոնայք, սիրելի իմ ընթերցող բարեկամներ, Հայաստանի խորհրդարանի հատկապես իրեն իշխանություն համարող, ներողություն արտահայտությանս համար՝ կուսակցության անդամների ելույթներին հետեւելիս հասկանում ես, որ Երեւանի կրկեսի հարկադիր արձակուրդը բնավ չի ազդել երկրիս ուրախ տրամադրության վրա: Ներկայացումներն այստե՛ղ են կայանում՝ Բաղրամյան 19-ի նիստերի դահլիճում, իսկ գլխավոր դերերը կատարում են հենց կարկառուն ՀՀԿ-ականները (թող ներեն ինձ կրկեսի պրոֆեսիոնալ ծաղրածուները իրենց համար վիրավորական սույն համեմատության համար):

Շարունակելուց առաջ մի խնդրանք Հայաստանի բնակչությանը. շատ չոգեւորվեք ու հանկարծ մինչեւ 18 տարեկաններին չթողնեք դիտեն այդ ներկայացումները. դրանք նախատեսված են միայն մեծահասակների համար: Երեխեքը, եթե նայեն ու հանկարծ տեսնեն Գ. Սահակյանի, Է. Շարմազանովի, Վ. Այվազյանի կամ, ասենք, նորերս մեյդան ելած Վ. Բաղդասարյանի դեմքերը, գիշերները չեն քնի: Բա մեղք չե՞ն…

Ու եթե նախկինում Գ. Սահակյանը, Է. Շարմազանովն ու մի երկու երկարածամ ՀՀԿ-ական էին ինձ եւ շատ շատերին զվարճացնում իրենց, էլի ներողություն արտահայտությանս համար, մտքի մարգարիտներով ու գոհարներով, հիմա արդեն իբրեւ ծառայությունների դիմաց պարգեւ՝ խմբակցության ղեկավարի աթոռին արժանացած Վահրամ Բաղդասարյանն է խլում է նրանց հացը… Այ-այ-այ… Պարոնը երեւի չի բավարարվում ձեռք բերած նվաճումներով եւ հաստատ աչք ունի Գրիգորիչի աթոռի ու «փառքի» վրա:
Արդ, սույն Վահրամ Բաղդասարյանը, պարզվում է, շատ զգայուն քիթ ունի եւ ամեն տեղից հոտեր է առնում: Ու ոչ ավել-ոչ պակաս՝ փողի, էն էլ՝ դոլարի հոտ: Դե, ասում են, փողի հոտը նրան լավ ծանոթ է, որ ծանոթ չլիներ, էդքան հեշտ կառնե՞ր…

Հա, ինչ էի ասում. սույն պարոնը, չկարողանալով առարկայական որեւէ պատասխան տալ իշխանության հասցեին հնչող քննադատությանը, վերցրեց ու խորհրդարանում հայտարարեց. «Ինձ համար հասկանալի է, որ Արեւմուտքից բավականին գումարներ են ներհոսում այստեղ, եւ մեր որոշ գործընկերներ պատվերներ են կատարում: Այս դահլիճում երեկ զգացի ալիեւյան նավթադոլարների հոտ: Կարծես թե արդեն ֆինանսավորման ուղղությունները փոխվել են, այդտեղից են ֆինանսավորում ստանում»:

Այոոոոոո, ինչպիսի՛ զգոնություն, հայրենասիրության (իրականում՝ տիրասիրության) ինչպիսի՛ դրսեւորում, սույն մտքի գիգանտի երեւակայության ինչպիսի՛ թռիչք… Սրան կնախանձեին անգամ անցած դարի 30-ական թվականների ՆԳԺ-ական մուղդուսիները, որոնք, հիշո՞ւմ եք, մեծ լեզվաբան Հրաչյա Աճառյանին մեղադրում էին այնքան երկրի «շպիոն» լինելու մեջ, որքան լեզվի տիրապետում էր գիտնականը: Ափսոս, ափսոս… Պատկերացնո՞ւմ եք ստալինյան դարը ինչպիսի՛ դասական «ստուկաչի» ու «զգոն հեղափոխականի» է կորցրել, որը միանգամից կբացահայտեր ժողովրդի բոլոր թշնամիներին ու Արեւմուտքի բոլոր գործակալներին: Եվ դա՝ ընդամենը ՅՈՒՐ ԶԳԱՅՈՒՆ ՔԹՈՎ հոտ առնելով… Էլ քննություն, հետաքննություն, ծեծուջարդ, «տրոյկա» պետք չէր գա. Վահրամ Բաղդասարյանի քթով առած հոտից լավ ապացո՞ւյց… Բայց ոչինչ, թող քթավետ պարոնը չհուսահատվի, շուտով իրեն հարազատ «Եվրասիա» ենք մտնում՝ Ռուսաստանի թեւի տակ, որտեղ նույնպես իշխանավորներն ամենուր լրտեսներ են տեսնում: Այ, Վահրամ Բաղդասարյանի նման զգայուն քիթ ունեցողի համար էդ ժամանակ գործունեության լայն դաշտ կբացվի…

Ես հիմա միայն մի բանի վրա եմ զարմանում. Վահրամ Բաղդասարյանն էդքան զգայուն քիթ ունենալով՝ ո՞նց է, որ չի զգում իր հարազատ իշխանությունից տարածվող ճահճագարշահոտը: Կամ՝ ո՞նց է, որ չի զգում ռուբլու հոտը՝ ռուսական ստրկությունն ընտրած իր շեֆերից…

Իսկ ավարտելուց առաջ խիստ զգայուն քիթ ունեցող սույն պարոնին եւ իր նման մյուս կարկառուն ՀՀԿ-ականներին մի հիշեցում եւ մի խորհուրդ՝ մեր համեստ անձից:

Հիշեցումը. պարոնայք, Աստված մարդուն լեզվից ու քթից զատ մի այլ կարեւոր օրգան էլ է տվել: Ի գիտություն ձեզ՝ այդ օրգանը նորմալ մարդկանց մոտ գտնվում է գլխում, ուղեղ է կոչվում: Նախատեսված է մտածելու համար: Ստամոքսը, հաստ աղիքը, նստուքը եւ նույնիսկ քիթը (որքան էլ այն զգայուն լինի) մտածելու համար հեչ հարմար օրգաններ չեն:

Խորհուրդը. պարոնայք, ձեր զգայուն քթերով օդը հոտոտելուց եւ խոսելուց առաջ երբեմն-երբեմն օգտագործեք գլխում գտնվող այդ պստլիկ օրգանը՝ ուղեղը: Այսինքն՝ հարկ է, որ երբեմն-երբեմն մտածեք: Ես գիտեմ, որ ձեզ նման կարկառունների համար դա բարդագույն գործ է, բայց, համենայնդեպս, փորձեք, ջանացեք, չէր խանգարի ուղեղի կուսությունը մեկ-մեկ խախտել (երջանկահիշատակ Վլադիմիր Նազարյանի խոսքն է), թե չէ՝ առանց մտածելու որ խոսում եք՝ գիտե՞ք ում եք նմանվում… Ո՞նց ավելի մեղմ ասեմ… Դե, նրանց, հիշո՞ւմ եք, միջնադարյան արքունիքներում կերպարներ կային, որոնց Արքան թույլատրել էր ամեն ինչ ասել… հիշեցի՞ք, պալատական ծաղրածուներ էին կոչվում…

Ձեզ համար եմ ասում, ինձ ի՞նչ կա՝ ծիծաղեցի, ուրախացա՝ ոնց որ կրկեսում, անցավ-գնաց…

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031