Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոտկատեղից ներքեւ հարվածներ» հայրենի ԱԺ-ում

Հոկտեմբեր 24,2014 17:30

Սահմանամերձ գյուղական համայնքներում հարկային
արտոնություններ տալու մասին նախագիծը կրքեր է բորբոքում

Արդեն երրորդ օրն է՝ խորհրդարանում քննարկվում է ՀՀ կառավարության ներկայացրած նախագիծը` «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», որը կարգավորում է կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված մոտ 30 սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու հետ կապված հարաբերությունները:

Մասնավորաբար, այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչության մանրածախ վաճառքի իրականացման գործունեությունից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից, իսկ այդ գործունեությունն իրականացնող եւ շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից: Արտադրության (բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների) կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից, օտարման գործարքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից, իրացումից ստացման ենթակա եկամուտներն ազատվում են շահութահարկից կամ եկամտային հարկից: «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործունեությունը, բացառությամբ թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեության, ազատվում է արտոնագրային վճարից, իսկ այդ գործունեությունն իրականացնող եւ անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից եւ այլն:

Արդեն երրրորդ օրն է՝ այս նախագիծն արժանանում է ոչ միայն ընդդիմադիր, այլ նաեւ իշխանական պատգամավորների քննադատությանը: «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով իր կուսակիցների դիտողություններին, մասնավորաբար՝ ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հարցին` ճի՞շտ է վարվում կառավարությունը, երբ եկամտահարկից հիփոթեքային վարկի տոկոսն է մարում, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասաց, որ իր կարծիքով՝ ճիշտ է վարվում. «ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում, որտեղ մարդն առանձնացված եկամտային հարկի վճարումներ է իրականացնում, ասվում է` երեխաս սովորում է, ես էլ նոր բնակարան եմ գնել: Նոր բնակարանի հիփոթեքային վարկի տոկոսն ինքը ներառում է եկամտահարկի մեջ, եւ պետությունն այդքան մասով վճարում է: Եթե այսօր որեւէ մեկի երեխան սովորում է, լավ կլինի, որ այդ չափով եկամտահարկի մասից պակասեցնի: Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ: Քաղաքական կողմնորոշման խնդիր է: Ես գտնում եմ, որ լավ է: Եթե մարդը նոր բնակարան է առնում, վարկի հիմնական գումարը ինքը պետք է տա, պետությունն ասում է` տոկոսը ես կտամ:

Հիմա` պետությունը լա՞վ բան է անում, թե՞ ոչ: Պետությունն ասում է՝ եթե դու, ենթադրենք, մեկ միլիոն եկամուտ ես ստանում, որից 200 հազարը հիփոթեքային վարկի տոկոսն է, այդ գումարը պակասեցրու, նոր հարկ վճարի: Դրա լավ կամ վատը դուք որոշեք»: Հաջորդ վիճահարույց հարցը շրջանառության հարկի հետ է կապված, մասնավորաբար՝ պարտադիր փաստաթղթավորման: «Հարկայինն ասում է` շրջանառության հարկը զրո է, հարկ չի վճարվում, ինձ քո փողը պետք չի, բայց փաստաթուղթ տուր, որ մի շիշ օղու փոխարեն չասեն, որ մի միլիոն շիշ են ծախել: Մենք շատ լավ գիտենք, չէ՞, որ սահմանամերձ համայնքում մարդն իր տան քաշած օղին է խմում, չի կարող մի միլիոն շիշ վաճառվի: Եթե փաստաթուղթ չուզեցիր, ո՞նց ապացուցես, որ մի միլիոն շիշ չի կարա վաճառի: Դուրս եկա՞վ, որ խոշորին չբռնեցինք: Ես էլ ասում եմ՝ լավ կլիներ, որ փաստաթուղթ ուզելու փոխարեն էնպես անենք, որ ՀԴՄ-ի շրջանառությունը հարկայինում երեւա: Սրա մասին է գնում խոսակցությունը: Եթե վատ է, ասեք՝ վատ է»:

Որոշ ընդդիմադիրների քննադատությունը Վարդան Այվազյանի համար անընդունելի է, քանզի, ըստ նրա, գործում է «ինչքան վատ` այնքան լավ» սկզբունքը: Բայց կան ընդդիմադիր պատգամավորներ, ովքեր փաստարկված քննադատություններ են հնչեցնում: Այս իրավիճակն ավելի տիպիկ բնութագրելու համար Վարդան Այվազյանը մի անեկդոտ պատմեց. «Երկու հոգի իրար են հանդիպում: Մեկը մյուսին հարցնում է` ի՞նչ ես կերել: Պատասխանում է` ոչ մի բան: Մյուսն է հարցնում` դու ի՞նչ ես կերել: Ասում է` վռիկ ապուր: Ասում է` այ տղա, բա դա ուտելու բա՞ն ա: Մյուսը հակադարձում է` չեղավ-չեղավ, քո հեչի չափ է՞լ չեղավ»: Շարունակելով դեռ խորհրդարանի դահլիճում Նիկոլ Փաշինյանի հետ սկսած «բանավեճը» (մանրամասները` www.aravot.am կայքում)՝ Վարդան Այվազյանը նկատեց. «Եթե ինձ ասի` էդ փաստաթղթի տեղը շրջանառությունը ֆիքսելու քայլեր անենք, հասկանալի է, բայց երբ ասում է` ինչի՞ ես հարկից ազատում… Ասում ա` սահմանամերձ շրջաններում տատի-պապիներն իրենք են իրենց մազերը կտրում: Բայց էդ մկրատն էլ ա, չէ՞, ընդեղ ծախվում: Էդ խանութում ինչ առեւտուր է լինում, թող անի, ինքն իրա գլուխը պահի, պետք չի, որ պետությանը հարկ տա: Վա՞տ ա»:

Շարունակելով թեման՝ մեր զրուցակիցն ասաց. «Անկախ իր ամպագոռգոռ խոսելուց՝ պարոն Փաշինյանն առաջարկում է հոսանքի եւ գազի արտոնություններ տալ: Համաձայն եմ, բայց նման հասկացություն չկա, ինչ-որ մեկն իր վրա պետք է վերցնի դա: Պետությո՞ւնը: Պետությունը մյուսներից պիտի հավաքի, որ տա: Այսինքն՝ խնդիրը մեխանիզմի մեջ է, ոչ ոք գաղափարին դեմ չէ: Տիկին Բիշարյանն ասում է` թոշակառուն վատ է ապրում: Բայց ես չեմ կարող գրել, որ թոշակառուով ստեղծված գործարանն ազատվում է ավելացված արժեքի հարկից: Որովհետեւ ստեղի ամենալավ գործարանի տերը վազելով կգնա էնտեղ, իր թոշակառու մորը կտանի, կգրանցի, կդնի ու հարկերից կազատվի: Ես էլ ասում եմ` եկեք կոնկրետ ասենք, Պողոսյան Վարդուշին օգնենք, ով իր ամուսնու հետ ապրում է սահմանամերձ տարածքում եւ 200 կիլովատ հոսանք է ծախսում, եկեք փոխհատուցենք: Ոչ թե գրենք` թոշակառուին 50 տոկոս էլեկտրաէներգիայի ու գազի զեղչ, որ մեկն էլ բերի մի հսկա ձուլարան դնի ու էդ անվան տակ 50 տոկոսը տա: Ես չեմ ասում, որ ես ձեզանից շատ հայրենասեր եմ, բայց դուք էլ մի ասեք, որ ինձանից հայրենասեր եք:

Մեխանիզմը ճիշտ ընտրենք, ոչ թե հելնենք ասենք` այ քաչալ շուն, այ գող կատու: Հասկանալի է, ընդդիմադիրներ են, իրենք պետք է սցենաներ սարքեն: Խնդիր չկա, քաղաքական բեմի վրա ինչքան ուզում են` վիճենք, բայց երբ դու իջնում ես գոտկատեղից ներքեւ, անձնականին ես սկսում կպնել` ինձ համար ընդունելի չի: Ես ոչ մեկին թույլ չեմ տա իմ անձնականին կպնեն: Քաղաքական ցանկացած հայտարարություն կարող են անեն, բայց իմ անձնականին չպետք է կպնեն»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031