Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կարող է առաջարկել Գագիկ Ծառուկյանը ժողովրդին

Հոկտեմբեր 24,2014 17:00

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ընդառաջ՝
ԲՀԿ առաջնորդի «անկեղծության պահին» սպասելիս

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ընդառաջ՝ տարբեր շրջանակներում խոսվում է այն մասին, թե ինչ է հայտարարելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եռյակի հանրահավաքին: Սպասվում է նրա ծրագրային ելույթը:

ԲՀԿ-ական մամուլը գրում է, թե «դա լինելու է Ծառուկյանի անկեղծության պահը», եւ «Ծառուկյանը սխալվելու իրավունք չունի»:

Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստից հետո հայտարարվեց, թե «Գագիկ Ծառուկյանն ասելու է այն, ինչ ցանկանում է լսել ժողովուրդը»:

Հայտնի է, թե ինչ է ցանկանում լսել ժողովուրդը՝ դատելով այն դժգոհություններից, որոնք հնչում են անհատ քաղաքացիների շուրթերից, դատելով մեր երկրում աղքատության ցուցանիշից, դեսպանատների առաջ գրանցվող հերթերից եւ արտագաղթի տեմպերից:
Այլ հարց է, թե ԲՀԿ առաջնորդը կարո՞ղ է բարձրաձայնել ժողովրդին իրականում հուզող խնդիրներն ու հետամուտ լինել դրանց լուծմանը:

«Առավոտի» հետ զրույցում «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծիք հայտնեց, թե «ՀՀ քաղաքացիները իրական փոփոխություններ են սպասում, այլ ոչ թե ականջահաճո խոսակցություններ, բարեմաղթանքներ կամ կենացներ»: Պարոն Մեհրաբյանը դրանք վաղուց անցած շրջան է համարում ու ցավում, որ «վաղուց տրորված այս արահետը որոշ մարդիկ կրկին տրորում են»:

Պարոն Մեհրաբյանի կարծիքով՝ առաջնայինը «քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժումն է, քաղաքականությունը բիզնեսից տարանջատելը, քաղաքական եւ տնտեսական դաշտի ապամենաշնորհայնացումը»: Քաղաքագետը, սակայն, թերահավատորեն է մոտենում այս խնդիրների լուծումը եռյակի հանրահավաքների հետ կապելուն: Մեր դիտարկմանը՝ գուցե Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 24-ին հենց ա՞յս բովանդակությամբ ծրագրային ելույթ է պատրաստել, պարոն Մեհրաբյանն արձագանքեց. «Նա ինքը ՀՀ-ում ոչ թե օլիգարխ է, այլ սուպերօլիգարխ: Նա մնում է համակարգի կարեւորագույն հենասյուներից մեկը եւ համակարգի շրջանակներով էլ սահմանափակված է»: Հանրահավաքի ելքի ու հավանական սցենարների մասին խոսելով՝ Ռուբեն Մեհրաբյանը շեշտում է արտաքին ազդեցությունը. «ՀՀ ներքին քաղաքականությունն առայժմ, ցավոք, որոշվում է Մոսկվայից: Այնտեղ ինչ որոշվի՝ դա էլ կլինի: Եռյակը լինելու է իրականացնողներից մեկը»:

Մեր հարցին՝ համամի՞տ է եռյակի այն հավաստիացումներին, թե Սերժ Սարգսյանի՝ սահմանադրական բարեփոխումների մասին իր վերջնական դիրքորոշում հայտնելը հետաձգել մինչեւ 2015-ի փետրվար-մարտ ամիսներ եռյակի ձեռքբերումն է, պարոն Մեհրաբյանն արձագանքեց. «Դա կատարվեց ինչ-ինչ ներիշխանական հաշվարկներից ելնելով: Եռյակը կարող է առավոտյան արեւածագն էլ իր արժանիքը համարել, ինչպես նաեւ մայրամուտը երեկոյան: Բայց իրականությունը բազմաշերտ է»:

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ մարդիկ իրական գործողություններ են պահանջում, քանի որ բոլորս գտնվում ենք «ընդհանուր նավի մեջ»: Մեր հստակեցմանը՝ եռյակն ի՞նչ գործողության դիմի, գրավի՞ Բաղրամյան 26-ը, քաղաքագետն արձագանքեց. «Ես դա չեմ ասում, բայց փաստ է, որ ՀՀ-ն քաղաքական, տնտեսական, համակարգային, ֆունկցիոնալ ճգնաժամի մեջ է: Դրա համար էլ ես ասում եմ՝ եթե կարող եք, այդ գործողություններն արեք, չեք կարող, ասեք` չենք կարող»:

Ռուբեն Մեհրաբյանը այս առումով հիշեցրեց, որ դրա համար գոյություն ունեն բազում գործիքներ՝ արտահերթ ընտրություններ կամ հասարակությանն ընդառաջ քայլեր: Հոկտեմբերի 24-ի նախօրյակին Ռուբեն Մեհրաբյանը հորդորում է «հասարակությանը հիմարի տեղ չդնել, ինչով այժմ զբաղված է թե՛ իշխանությունը, թե՛ եռյակը»: Եվ գուցե դա է պատճառը, որ ըստ փորձագետի՝ հասարակության գերակշիռ մասի ռեակցիան այն է, թե «հիմարը դուք եք»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gibindus says:

    Չգիտեմ ինչ կարա առաջարկի Գագո ախպերս`հերիք ըլավ, ես եմ առաջարկըմ: Թող գյուլաշ հասնեն: Հաստատ: Արա ախպեր, սաղին գլուշիտ կանի Գագոն: Հերիք ըլավ էս ժողովուրդը ըսենց կոտորվի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031