Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւորականները ֆուտբոլ խաղացին, խաղից առաջ էլ չխաչակնքեցին

Հոկտեմբեր 24,2014 16:40

Երեկ հոգեւոր աշխարհում, կարել է ասել, բացառիկ օր էր. առաջին անգամ մարդիկ շատ հոգեւորականների տեսան ոչ թե վեղարով, սեւ սքեմով՝ խաչը կրծքներին, այլ վարտիքով, բայց սպորտային: Երեկ «Բանանց» մարզադաշտում հայ եւ ռուս հոգեւորականները մրցում էին, ֆուտբոլ էին խաղում. հատուկ այս խաղի համար էին Հայաստան հրավիրվել ռուս հոգեւորականները: Պայքարը թեժ էր, առաջին խաղակեսին ռուսները հաշիվը բացեցին՝ մերոնց դարպասը գնդակ ուղարկեցին ու՝ գոլ: Այս գոլով ռուսական թիմը շատ չոգեւորվեց, ու պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների պես ոչ իրար շալակ թռան, ոչ ուրախ բացականչություններ արեցին, ոչ էլ իրար համբուրելով շնորհավորեցին: Իսկ մերոնք տխրեցին, բայց ջանք չէին խնայում, որ մի գոլ էլ իրենք խփեն: Մարզիչ Երվանդ Սուքիասյանը հրահանգներ էր տալիս, ոգեւորում մերոնց՝ «Առաքյալներին». այս անուն էին իրենց թիմին դրել հայ հոգեւորականները:

Մարզիչն անընդհատ «Առաքյալներին» կոչ էր անում մոտենալ ռուսների դարպասին, մերոնք մոտեցան, գնդակը մի քանի անգամ ուղարկեցին ռուսների դարպասը, բայց ռուս հոգեւորական դարպասապահը լավ մարզավիճակում էր, գնդակը մի երկու անգամ հաջող բռնեց, իսկ մնացած հարվածները հայերը շեղ խփեցին: «Այնպես չէ, որ այս խաղում պետք է պարտվենք՝ պետք է ամեն ինչ անել՝ փրկելու իրավիճակը՝ աշխատում եք միայն հարված դարպասին»,- առաջին խաղակեսի ավարտից հետո՝ ընդմիջմանն «Առաքյալների» թիմին դիմեց մարզիչը:

Hogevor_futbol-2

Առաջին խաղակեսին հաշիվը 1: 0 էր՝ հօգուտ ռուս հոգեւորականների, ու այս հաշվով էլ խաղն ավարտվեց: Մերոնք պարտվեցին, չնայած դա պարտություն չհամարեցին, խաղն ընկերական էր: Ընդ որում, մերոնք մի բան լավ էին հաշվարկել. երեկ ռուս հոգեւորականներին մի լավ, հայավարի, ճոխ ու համեղ հյուրասիրություն էին կազմակերպել, պիտի որ լավ ուտելուց հետո դժվար լիներ վազելը, բայց ռուսները լավ էլ թեթեւ էին վազում դաշտում:

Hogevor_futbol-3

Սրբազանը առաջին գոլից հետո:

«Երեկ մեզ շատ համեղ հայկական ուտեստներ հյուրասիրեցին, որը նպաստեց, որ խաղը դժվարանա: Այս խաղը մեզ համար դժվար էր նաեւ, որ մեր մրցակիցները շատ լավ էին խաղում, բացի այդ էլ, մենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ չենք, եւ երկար վազելը դժվար է»,- խաղի ավարտից հետո ասաց ռուս հոգեւորականների թիմի խաղացող Հայր Բոգդանը:
Իսկ «Առաքյալների» մեջ նախկին ֆուտբոլիստ կար. մեր թիմի ավագ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մինչեւ հոգեւորական դառնալը ֆուտբոլով է զբաղվել: Սա էլ եղել է մտահղացման պատճառը, որ Սրբազանը ֆուտբոլային հանդիպում է կազմակերպել հայ եւ ռուս հոգեւորականների միջեւ:

«Առավոտի» հետ զրույցում Սրբազանն ասաց. «Այս խաղը նվիրված էր խաղաղությանը մեր տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում: Սա մի միջոց էր՝ եւս մեկ անգամ այդ վեհ գաղափարը շեշտադրելու եւ խոսելու դրա մասին խաղի միջոցով, որը նաեւ սոցիալական դրսեւորում ունի»: Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը համեմատելով ռուս եւ հայ հոգեւորականների սպորտային պատրաստվածությունը՝ նշեց, որ ռուսները 5 տար է՝ ֆուտբոլ են պարապում, իսկ մերոնք ընդամենը 1 ամիս են պարապել, ու նման տարբերության դեպքում դժվար էր խաղալ: «Ռուս հոգեւորականների թիմը տարվա ընթացքում բազմաթիվ այսպիսի խաղեր է ունենում, մեզ համար առաջին անգամ էր: Իրենք շաբաթը 2 անգամ մարզվում են, ունեն ձեւավորված թիմ, որը Ռուսաստանի սահմաններից դուրս էլ է խաղում: Կարճ ժամանակ մարզվելուց հետո մենք դուրս եկանք խաղադաշտ՝ փորձելով լավագույն ձեւով ներկայանալ»:

Իսկ Հայր Բոգդանն իրենց հաղթանակն այլ հանգամանքով պայմանավորեց: «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ հաղթեցին, ռուս հոգեւորականն ասաց. «Մեր հայ մրցակիցները մեր նկատմամբ շատ քաղաքավարի գտնվեցին եւ հաղթանակը մեզ զիջեցին»:
Մեր հարցին էլ՝ որեւէ կապ կա՞ սպորտի եւ հոգեւորի միջեւ, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասաց. «Նախ՝ մրցակցությունը տեղի է ունենում արդար կերպով՝ արդար խաղի կանոններով: Ֆուտբոլը ներդաշնակության, արվեստի եւ գեղեցկության խաղ է, ոչ միայն պարզ մրցակցություն, այլ նաեւ ներդաշնակություն ունենալու, սոցիալական հարաբերություն ունենալու եւ միեւնույն ժամանակ՝ մարզվելու, մարզանքն էլ վեհ գաղափար է»:

Հայր Բոգդանն էլ ավելացրեց. «Այս թիմը ստեղծված է հասարակական եւ միսիոներական խնդիրներ լուծելու համար: Երիտասարդները պետք է տեսնեն, որ հոգեւորականները միայն նրանք չեն, ովքեր մորուքներով եւ խաչերը կրծքերին քարոզում են ապաշխարելու եւ փրկելու մասին: Նրանք մարդիկ են, ովքեր իրենց օրինակով ցույց են տալիս, որ հետաքրքիր են, սիրում են ֆուտբոլ խաղալ, եւ մեզ էլ օտար չեն կյանքի հետաքրքրությունները: Մենք պարզապես չենք խաղում հաճույքի համար, սա սոցիալական նպատակ ունի: Ավելի լավ է սպորտով զբաղվել, քան գարեջուր խմել եւ ծխել, այնպես որ՝ «առողջ մարմնում՝ առողջ հոգի» ասվածը տեղին է, եւ քարոզում ենք առողջ ապրելակերպ»:

«Առավոտի» հարցին՝ մարզադաշտ դուրս գալուց առաջ, ինչպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներն են անում, խաչակնքեցի՞ք, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասաց. «Մենք ձեռքսեղմումով մտանք խաղադաշտ ու խաղացինք»:
Նշենք, որ խաղը տեւեց 1 ժամ, ամեն թիմը 7 խաղացող ուներ:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031