Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարցման մասնակիցներից աղջիկների 95%-ը համաձայն է պարտադիր զինվորական ծառայության անցնելու

Հոկտեմբեր 24,2014 15:00

ՀՀ փորձագետների կողմից մշակվել է 36 կետից բաղկացած օրենքի փաթեթ, որոնցից մեկը վերաբերում է հայ աղջիկներին պարտադիր զինվորական ծառայության անցնելուն՝ 6-12 ամիս ժամկետով: Փաթեթը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: Այն, որ հայ տղաները պարտադիր զորակոչվում են 18 տարեկանից, դա փաստացի հանգամանք է, սակայն աղջիկների պարտադիր զինվորական ծառայության անցնելու հարցը հասարակության լայն շերտերում մեծ արձագանք ստացավ: Այդ մասին են վկայում «Առավոտի» հարցումները:
«Առավոտն» այցելեց ՀՀ բուհեր, քոլեջներ:

Պատկերն այսպիսին էր. աղջիկների 95%-ը համաձայն է պարտադիր զինվորական ծառայության անցնելու, իսկ 5%-ն առաջարկում է կամավոր զինվորական ծառայության անցնելու սկզբունքը: Աղջիկները, որոնք համաձայնեցին պարտադիր զինվորական ծառայության անցնելուն, առաջ էին բերում իրենց հուզող հարցերը: Նախ՝ խոսքը հայ աղջկա մասին է, իսկ հայ ավանդական ընտանիքում աղջկա՝ բանակում ծառայելու հանգամանքը մի կողմից իր դրական կողմերն է առաջ բերում, իսկ մյուս կողմից՝ բացասական: Խոսենք դրականի մասին: Հայ աղջկան կընձեռվի հնարավորություն սկզբունքորեն ավելի աչալուրջ լինելու եւ նրանց ներկայությունը կպարտավորեցնի տղաներին ծառայության ընթացքում խուսափել մանր-մունր զրույցներից, որոնք հետագայում սրվում են այնքանով, որ ողբերգական ավարտ են ունենում: Աղջիկների՝ բանակում ծառայելու հետ կապված կարծիքներ եղան, որ դա կլինի հնարավորություն թշնամուց վրեժխնդիր լինելու, որի պատճառով, խաղաղ պայմաններում, զինվորներ են մահանում:

«Վրեժխնդրությունն աղջիկների հոգում ավելի շատ է, եւ մենք կարող ենք վրեժխնդիր լինել թշնամուց՝ մեր կողմից ընկած ամեն զինվորի համար եւ միայն այդ միտքը մեզ պարտավորեցնում է տղամարդկանց հետ հավասարապես ծառայել բանակում»,-«Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց ուսանող Լիլիթ Գեւորգյանը: Դա դրականի մասին, իսկ բացասականի մասին խոսելիս մեզ պարզ դարձավ, որ հայ աղջիկներն արդեն իսկ կռահում են, որ իրենց ծնողները կտրուկ դեմ կլինեն իրենց աղջիկներին զինվորական ծառայության անցնելուն: Այդ մասին վկայեցին դասախոսները, ովքեր ծնողներ են նաեւ: «Ես չեմ պատկերացնում, որ իմ աղջիկը գնա բանակ ու ծառայի, քանի որ հայ աղջիկն արդեն իսկ ծանր աշխատանք ունի կյանքում, եւ դա ծննդաբերությունն է, երեխային խնամելն ու մեծացնելը»,- ասաց դասախոս-ծնողը: Հարցման մասնակից բոլոր աղջիկները, ովքեր կողմ արտահայտեցին պարտադիր զինվորական ծառայության նախագծին՝ առաջ բերեցին իրենց պայմանները:

Շեշտեցին, որ բանակում կծառայեն միայն այն դեպքում, եթե լինի աղջիկների եւ տղաների առանձնացված զորամասեր, եւ իրենք ոչ մի ընդհանուր կապ չեն ունենա տղաների զորամասերի հետ: Ցանկություն հայտնեցին, որ օրենքի կիրառելիության դեպքում հաշվի առնվի նաեւ այն հանգամանքը, թե՝ աղջիկները չեն կարող հավասար պայմաններում կատարել ֆիզիկական վարժանքներ՝ դրանք կլինեն ամենօրյա վազքեր կամ ֆիզիկական այլ վարժություններ եւ այն, որ հրամանատարները լինեն միայն տղամարդիկ: Այն, որ աղջիկները դեմ են միեւնույն զորամասում տղաների հետ միասին ծառայելուն՝ իրենց պատճառներն ունեն, եւ իրենք ամենեւին էլ կողմ չեն փորձագետների այն մտքին, որ աղջիկների ներկայությունը կնվազեցնի մահացությունների թիվը եւ կարգապահություն կլինի: Ավելին, կարծիքներ եղան, որ աղջիկների ներկայությունը զորամասերում՝ տղաների կողքին, կարող է մեծ կոնֆլիկտների պատճառ դառնալ, ինչպես օրինակ, այդ անգամ արդեն ի հայտ կգա աղջկա համար իրար հետ վիճելու սպառնալիքը:

Աղջիկները, որոնք դեմ եղան պարտադիր զինվորական ծառայության անցնելու նախագծին, ասացին, որ իրենք նպատակահարմար են գտնում դա լինի կամավոր սկզբունքով, քանի որ սա Հայաստանն է եւ մեր մտահորիզոնում չկա այնպիսի պատկերացում, թե՝ հայ աղջիկը պետք է պարտադիր նաեւ զենք կրի:

Պարտադիր ծառայությանը կողմ աղջիկներն ասացին նաեւ, որ իրենց համար 12 ամիս բանակում գտնվելը չափից շատ կարող է լինել: Հայտնեցին ցանկություն, որ այն լինի 6 ամիս ժամկետով:

«Մենք գիտենք հայոց պատմություն եւ գիտենք, թե որքան տառապանքների միջով է անցել մեր ժողովուրդը: Գիտենք նաեւ, թե որքան է հարվածել թշնամին խաղաղ պայմաններում, ուստի մեզ համար պատիվ կլինի դուրս գալ այն մարդկանց դեմ, ովքեր ձեռք են բարձրացրել մեր ազգի վրա»,- ասաց բժշկական քոլեջի ուսանողուհին: Կարծիքներ հնչեցին նաեւ այն մասին, որ պարտադիր զինվորական ծառայության մասին օրենք ընդունվելու դեպքում աղջիկներին բանակ ներգրավեն որպես մասնագիտացված անձինք: Ասել է թե՝ իրենք կարող են իրենց ծառայության ընթացքում զբաղվել սանիտարահիգիենիկ բնույթի աշխատանքով, որն էլ իր հերթին կնպաստի բանակի մաքրությանը:

Հայ տղամարդն ընդհանրապես չի պատկերացնում, որ իր քույրը կամ կինը կարող է ծառայել հայոց բանակում, եւ բոլոր տղաները դեմ արտահայտեցին պարտադիր զինվորական ծառայության անցնելու նախագծին՝ ասելով. «Մենք հայ տղամարդիկ ենք եւ չենք ընդունում այն հանգամանքը, որ մեր քույրը պետք է լինի ոչ թե տանը, այլ բանակում»:
Որքան էլ պատրաստ լինեն հայ աղջիկները զինվորական ծառայության անցնելու, ապա դա միայն դարավոր ցանկություն է, որի հոգեբանական կողմը մշուշոտ է: Աղջիկները ցանկություն ունեն, սակայն հոգեպես դեռ պատրաստված չեն: Ինչպես տղաներին են դեռ երեխա ժամանակ դաստիարակելիս ասում. «Իմ զինվոր բալա» եւ այդպես հոգեբանորեն ձեւավորում, որ երեխան ապագա զինվոր է, հայրենիքի պաշտպան, ապա այդպես էլ աղջիկներին դեռ մանկուց պետք է հոգեբանորեն զարգացնել որպես ապագա զինվորներ:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Narek says:

    Տղաներինն էլ չպիտի պարտադիր լինի. էս թվերը խախուտ, պարապ, ճամփա չգտած ժողովրդի մասին են խոսում

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031