Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հուշ դարձան նորմալ ընկերական հարաբերությունները

Հոկտեմբեր 24,2014 14:30

Կյանքում գոյություն ունեցող բազմապիսի հարաբերություններից` բարեկամական, քավոր-խնամիական, աշխատանքային, պաշտոնական, հարեւանական, ընկերական… կփորձեմ առանձնացնել ընկերական հարաբերությունները` որպես առանձնահատուկ կատեգորիա, որը որեւէ իմաստով պարտադրված չի լինում: Մարդկային կյանքը հուշում է, որ մաքուր, ազնիվ ընկերական հարաբերությունների հիմքում՝ բացի ընկերական զգացմունքից, որը ծնում է նաեւ ընկերական իրավունքներ եւ պարտականություններ, այլ երեւույթներ չպետք է լինեն, քանզի ընկերական հարաբերություններին ամենամեծ հարվածը հասցնում են շահը, անազնվությունը եւ դավաճանությունը: Նրանք, ովքեր ապրել են խորհրդային տարիներին եւ տեսել են, թե ինչ ասել է իսկական ընկերություն, կարող են վկայել, որ չհաշված որոշ բացառություններ, այսօր՝ իսկական ընկերություն համարյա չկա: Այսօրվա՝ վայրի կապիտալի հարաբերություններում, կյանքի՝ բացառապես բոլոր հանգրվաններում, շահը ոչ միայն բացասական հետք է թողնում, այլ համարյա ամեն ինչ ինքն է որոշում ու թելադրում:

Իսկ ինչո՞ւմ է գաղտնիքը, որ իսկական ընկերությունն իր տեղը հիմնականում զիջել է հաշվարկի, շահի ընկերությանը: Ժամանակը՝ որպես դատավոր, մշտապես ապացուցել է, որ ընկերությունը բնական, գեղեցիկ, անփոխարինելի զգացմունք է եւ նրանք, ովքեր իրենց կյանքն անցկացրել են՝ առանց դրա համն ու հոտը զգալու, նրանք կամ կիսատ են ապրել, կամ ընդհանրապես չեն ապրել: Ոչինչ չարժե այն մարդու կյանքը, ով շահի ետեւից ընկած, զբաղված է միմիայն մեծ փողեր կուտակելով եւ իր ապրած ժամանակից որոշակի հատված չի հատկացնում ընկերությանը: Իհարկե, նման մարդիկ եւս, հանգամանքների բերումով երբեմն՝ ֆիզիկապես հայտնվում են ընկերական սեղանների շուրջ, սակայն այդ ամբողջ ժամանակ՝ նրանք իրականում մենակ են լինում: Շատ-շատերի մոտ բնական հարց է առաջանում. տեսնես ինչի՞ց է, որ շարունակաբար շահ հետապնդող մարդկանց որոշ օրգաններ (ի նկատի չունենք հիվանդության կամ օրգանիզմի խախտման դեպքերը) դադարում են արձագանքել բազմապիսի ազդակների եւ ավելի շատ մահացածի կարգավիճակ են գրանցում:

Ի՞նչ է դա. կենսաբանակա՞ն, թե՞ հոգեկան խանգարում, որի արդյունքում ուղեղի որոշ կենտրոններ դադարում են համապատասխան ելեւէջներ գրանցելուց: Զարմանալ կարելի է, որ նման վիճակում անգամ, այդ մարդկանց մոտ՝ առանց ընդհատման, լարված եւ հրաշալի աշխատում են միմիայն շահի բջիջները: Կարծում եմ, այստեղ հիմնավոր պատճառներ փնտրելն այնքան էլ լուրջ չէ: Ուղղակի, շահամոլ մարդկանց մոտ համարյա չեն գործում ուղեղի` նորմալ հարաբերություններ գրանցող եւ արձագանքող բջիջները (եթե, իհարկե, նրանք գոյություն ունեն), որոնք էլ անհրաժեշտ գրգիռներ չեն ուղարկում այդ մարդկանց համապատասխան օրգաններին: Ի հակառակ այդ ամենի, նրանց մոտ հրաշալիորեն աշխատում են միմիայն շահի, ագահության, չտեսության, չարության բջիջները: Ցավոք, իմ երբեմնի եւ այսօրվա մտերիմ շրջապատում եւս կան մարդիկ, ովքեր բացի իրենցից, իրենց ընտանիքներից, այլ մարդ, այլ էակ, այլ ընտանիք՝ ոչ տեսնում, ոչ հասկանում, ոչ հաշվի առնում, ոչ գնահատում, ոչ էլ ընդունում են: Նույնիսկ ավելին, նրանք հիմնականում առաջնորդվում են պիղծ քայլերով եւ դերասանական կեցվածքով, շարունակ խոսելով միայն ընկերությունից, ազնվությունից, Աստծուց:

Այստեղ, իհարկե, մեծն Սեւակն անպայման կասեր. դե, եկ վարդապետ ու մի խենթանա: Դե արի ու մի ասա. այ սրիկաներ, որ դուք նորմալ մարդ չեք, էդ հլա ոչինչ, բա ինչի՞ եք շարունակ ընկերությունից, ազնվությունից, Աստծուց խոսում: Երեւի, էդ ապուշներին թվում է, որ իրենց դիմացիններն այնքան հիմար են, իրենց նման այնքան փուչ, որ նման դատարկախոսների մեջ՝ ընկերոջ, արդարության մարտիկի եւ հավատքի կրող են տեսնում: Այ ամբիցիոզ, էգոիստ, եսասեր, շահամոլ, փառամոլ, նախանձ, չկշտացող…… շնչավորներ, ձեզ ո՞վ եւ ի՞նչն է մղում, որ մշտապես փորձում եք ազնիվի եւ հավատավորի դեր խաղալ: Այն իրողությունը, որ դուք՝ ձեր կեղծ պահվածքով, միայն բացասական հետքեր եք թողնում եկող սերունդների համար, կարծես թե քիչ է, հլա մի հատ էլ փորձում եք ազնվության եւ հավատքի դասեր տալ շրջապատի մարդկանց: Այն հանգամանքը, որ դուք՝ ձեր չկամեցողությամբ որեւէ մեկի համար, որեւէ լավ բան չեք արել ու չեք անելու, մի կերպ կարելի է հասկանալ, սակայն դրան զուգահեռ, անընդհատ ընկերությունից, ազնվությունից եւ Աստծուց եք խոսում, դա արդեն՝ անբարոյականության շրջանակներից էլ է դուրս:

Ի՞նչ եք կարծում, դուք այս կյանքից ի՞նչ պետք է տանեք, որ մշտապես՝ ամեն ինչ համառորեն կեղծում եք եւ ոչնչի առջեւ կանգ չեք առնում: Բա, գոնե մի պահ չե՞ք մտածում, որ բացի ձեզանից, այս աշխարհում էլի մարդիկ կան, որոնցից կգտնվեն՝ գոնե մի քանիսը, ովքեր ունակ կլինեն պարզորոշ զգալ ձեր պիղծ խաղերը: Բա, դուք՝ ձեզանից չե՞ք զզվում, բա, ձեր երեխաներին չե՞ք խղճում, եթե հանկարծ պարզվի, որ թեկուզ փոքրիկ չափով՝ նրանք ճիշտ նույն՝ ձեր տեսակն են: Իսկ, եթե ուրիշները ձեր նկատմամբ այդպես վարվեին, դուք ձեզ ո՞նց կզգայիք: Երեւի, այդ դեպքում գիշեր-ցերեկ բարոյականության դասեր տայիք բոլորին` բարբաջելով. այ, եթե նրանց փոխարեն դուք լինեիք, ձեր անձը «կմոռանայիք» եւ «ձեզ կզոհեիք» հանուն նրանց: Ասեմ միայն, որ իրականում դուք հայտնվել եք չափազանց խղճուկ վիճակում եւ դրանում միայն դուք չեք մեղավոր, քանզի այդ ամենը կարող է նաեւ ժառանգական օժտվածության հետեւանք լինել: Այնուամենայնիվ, դուք ահավոր շատ եւ աններելիորեն մեղավոր եք այնքանով, որ փոխանակ լռելու, Հռոմի պապից ավելի կաթոլիկ եք ձեւանում եւ անընդհատ ազնվությունից, Աստծուց եք խոսում:

Այ քաջնազարներ, եթե ուզում եք չարժանանալ Տիրոջ սարսափելի պատժին, ձեններդ կտրեք եւ երբեք նրա անունն ավելորդ անգամ մի տվեք…

ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031