Լրահոս
Օրվա լրահոսը

Կիեւը խաղաղ է ու առաջվա նման գեղեցիկ

Հոկտեմբեր 24,2014 14:00

Վերջերս, ոմանք, երբ լսեցին, որ պետք է Կիեւ մեկնեմ, զարմացան, «համոզում» էին չգնալ, իբր անգամ մայրաքաղաքում վտանգավոր է: Վերադառնալիս էլ մեր օդանավակայանում հարցնում էին՝ ինչ-որ բան մնացե՞լ է Կիեւից, պատասխանում էի, որ եթե հավատանք ռուսական քարոզչությանը, ապա՝ ոչ:

Իրականում Կիեւը ոչ միայն խաղաղ է, այլեւ նախկինի պես գեղեցիկ է, արքայավայել շուքով, իսկ մարդիկ՝ բացսիրտ ու զբոսաշրջիկների հանդեպ ընդգծված հարգանքով, հումորի զգացողությամբ: Անկախ տարիքից, անցորդները սիրով են պատասխանում օտարերկրացիների հարցերին, հաճույքով բացատրում, թե որ տեսարժան վայր ինչպես պետք է գնալ: Երիտասարդներն էլ մեր երիտասարդների նման են՝ ո՛չ բոլորը գիտեն, թե որ արձանն ումն է: Կիեւի տեսարժան վայրերին անդրադառնալու հարկ չկա, շատերն են այցելել հայտնի վայրերը, ուստի փոքրիկ դրվագներ կներկայացնենք կարճատեւ այցելությունից, որոնք տպավորվել են:

kiev-3 Kiev_2

Միխայիլ Բուլգակովի թանգարանի մոտակայքում գտնվող սրճարանում գրիվնյայի փոխարեն սխալմամբ եվրո էի դրել, հինգ ժամ հետո, երբ վերադարձանք նույն սրճարան, մատուցողուհին ժպիտով վերադարձրեց գումարը, ասաց, որ ինքն էլ էր զարմացել ու հասկացել էր, որ սխալմունք է եղել: Ամեն դեպքում հաճելի էր, ու նման բաները դրական շտրիխ են ավելացնում ժողովրդի հավաքական կերպարին:

Կիեւում շատերը ժպտում էին, երբ տեղեկանում էին, որ Հայաստանից ենք, խնդրում էին լուր տալ, որ իրենց քաղաքում ոչ ոք ոչ մեկի չի սպանում ու խեղաթյուրված տեղեկատվությունը տարածում են ռուսական քարոզչամիջոցները: Տաքսու մի վարորդ էլ, երբ իմացավ, որ հայ ենք, քիչ էր մնում գրկեր բոլորիս, ասում էր, որ հայերն ու ուկրաինացիները եղբայրներ են: Նա հասցրեց ճանապարհին պատմել իր նախկին շեֆ Գագիկից, որի մոտ մտնելը, նրա ձեւակերպմամբ, «փորձանք» էր, հյուրասիրում էր հայավարի, պնդում, որ ամեն ինչ համտեսի, նոր գնա, ու դա ձգվում էր 4-5 ժամ: Օդանավակայան տանելու ճանապարհին վարորդը պատմեց նաեւ մի զվարճալի միջադեպի մասին: Տարիներ առաջ մարզական խաղերի առիթով տարբեր երկրներից մարզիկներ էին ժամանել Կիեւ, բոլորին տեղավորել էին բարձրակարգ հյուրանոցներում, միայն շվեդներն էին հրաժարվել հարմարավետությունից: Նրանք ցանկացել էին վրանների տակ գիշերել մի լողափում, որը, պարզվում է, նուդիստական էր: Ուկրաինացու պատմելով, քաղաքային իշխանությունները ստիպված են եղել նուդիստներին տարհանել, սակայն հագցնելուց հետո. յուրաքանչյուրին տվել են 25-ական եվրո, որ խալաթ գնեն մոտակա կրպակից, հագնեն ու ժամանակավորապես լքեն տարածքը:

Պարզվում է՝ Կիեւում էլ կա վատ իմաստով՝ «Կիեւյան կամուրջ», այսինքն՝ վայր, որտեղից ինքնասպանության փորձեր են անում, դա 102 մետրանոց Մայր հայրենիք հուշարձանն է, որ գտնվում է Դնեպրի աջ ափին: Քաղաքի գեղեցկությունները ներկայացնելուց հետո, մեր էքսկուրսավարը պատմեց, որ Ուկրաինայի ամենաբարձր քանդակի ներսում թանգարան կա, նաեւ երկու վերելակ, որոնցից մեկով հնարավոր է բարձրանալ մինչեւ քանդակի գլուխը: Ասաց, որ երբեմն այստեղից ինքնասպանության փորձեր են լինում ու ժամանակ առ ժամանակ մարդկանց արգելում են վերեւ բարձրանալ: Ներկայումս նույնիսկ «ֆեյս կոնտրոլ» է իրականացվում՝ հղիների, մինչեւ տասներկու տարեկան երեխաների եւ ծերերի մուտքն արգելված է՝ անվտանգության նկատառումներով:

Ի դեպ, անվտանգության մասին. Կիեւում գիշերներն էլ են խաղաղ, հանգիստ կարող ես գիշերվա ժամը երկուսին զբոսնել քաղաքով. Օպերային թատրոնի շենքը, լույսերի ծովի մեջ «թաղված» տաճարներն ու մյուս մշակութային օջախներն ուղղակի հրաշք են:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Կիեւ-Երեւան

Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
23.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031