Լրահոս
Օրվա լրահոսը

Հրավիրե՞լ, թե՞ տոմսեր վաճառել

Հոկտեմբեր 24,2014 13:30

Մշակութային օջախների ղեկավարներից
ոմանք կանգնած են լուրջ երկընտրանքի առաջ

Վերջին շրջանում պետական կոլեկտիվներում (թատրոններ, պարային անսամբլներ, նվագախմբեր) հարցերի հարցը լեցուն դահլիճ ապահովելն է: Դրան հասնելու համար առաջին հերթին հարկավոր է գրագետ եւ ճիշտ գովազդ: Լեցուն դահլիճներ այսօր ապահովում են 1-2 նվագախմբեր, կամերային ձեւաչափի միջոցառումներն են լսարան հավաքում: Մյուսներն էլ ջանում են հրավիրատոմսերով «լցնել» հանդիսասրահը, ինչն այդպես էլ չի հաջողվում նրանց: Հարգելով արտիստներին՝ չենք հրապարակում այդ կոլեկտիվների անունները:

Մշակութային օջախների որոշ ղեկավարներ, որպես արդարացում, փաստում են, որ պատճառը արտագաղթն է, սակայն մոռանում են մի հանգամանքի մասին. եթե արտագաղթ չլիներ, կոնկրետ երեւանցիները ինչքա՜ն կարող են դիտել չփոփոխվող խաղացանկում եղած նույն ներկայացումները: Մեր տեղեկություններով, կան կոլեկտիվներ էլ, որոնք ցանկացած իրենց ելույթին գերատեսչություններին ու Ազգային ժողովին հաճոյանալու համար հրավիրատոմսերի տրցակ են «նվիրում», հաստատ իմանալով, որ պաշտոնյաները ընդամենը շնորհակալություն կհայտնեն եւ իրենց չգալն էլ կարդարացնեն գերզբաղվածությամբ: Ասվածը չի վերաբերում աշխարհահռչակ արվեստագետների երեւանյան հյուրախաղերին, որի ժամանակ համերգասրահի եւ թատրոնի ղեկավարները, մեղմ ասած՝ կրակն են ընկնում, քանի որ «վերեւից» ցանկանում են ոչ թե 1-2, այլ շատ հրավիրատոմսեր:

Լեցուն դահլիճ ապահովելը եղել եւ մնում է երկու մշակութային օջախների՝ 1056 հանդիսատեսի համար նախատեսված Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական եւ 930-ի համար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնների գերխնդիրը:

Վերջերս օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը «Առավոտին» հայտնել էր, որ իր թատրոն գալով՝ ապահովված է 100 տոկոսանոց լեցուն դահլիճ, ինչը իրականությունից միանշանակ հեռու է: Ազգային օպերային թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը մեզ փոխանցեց, որ իրենք քաղաքականություն են մշակել հրավիրատոմսերի քանակը սահմանափակելու մասին. «Նույնիսկ եթե հրավիրատոմսեր շատ տրամադրենք, ապա երաշխիք չկա, որ հրավիրվածները կգան: Մյուս կողմից, եթե հրավիրատոմսերը շատ լինեն, տոմսերի վաճառքի հավանականությունը կփոքրանա»:

Մայր թատրոնի մամուլի քարտուղար Վահե Մովսիսյանի խոսքերով՝ իրենք չեն տառապում լիքը դահլիճների մոլուցքով. «Անսահմանափակ հրավերներ չենք անում, դրանք լինում են մեծամասամբ պրեմիերաների օրը»:

Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը հայտնեց, որ իրենց յուրաքանչյուր ներկայացման համար նախարարությունը սահմանել է 100 հանդիսատեսի ներկայություն. «Քանի որ մենք մեր բեմը չունենք ու վերջին շրջանում էլ խաղում ենք Պատանի հանդիսատեսի թատրոնում, որը նախատեսված է 376 հանդիսատեսի համար: Եթե հանդիսասրահում լինի 100 հանդիսատես, պետք է մտածել, որ կեսն է՞լ լցված չէ… Ինչ վերաբերում է հրավիրատոմսերին, մենք հաճախ հրավիրում ենք դպրոցի ամբողջ դասարան: Իսկ եթե նրանք հավանում են ներկայացումն ու ցանկություն հայտնում այլ ներկայացման էլ ներկա գտնվել, ապա տոմսերը վաճառում ենք զեղչված գներով»:

Ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխտնօրեն Դավիթ Թերզյանն ասաց, որ համերգից առաջ մեծ աշխատանք պետք է տանել. «Բարձրակարգ երաժիշտ հրավիրելու դեպքում դահլիճը լեփ-լեցուն է լինում: Հրավիրատոմսերը պետք է տրամադրել սահմանափակ, դրանց խրձերով բաժանումը շատ սխալ է»:

Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը հավաստիացնում է, որ մեր ժողովուրդը սիրում է, որ հրավիրեն, հակառակ դեպքում՝ չի էլ գա. «Իհարկե, մեր թատրոնին չի վերաբերում, բայց հաճախ հնարավորություն ունեցողներն էլ են սպասում հրավերի»:

Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը հավաստիացրեց, որ իրենք հիմնականում հրավերները կազմակերպում են պրեմիերաների ժամանակ. «Իհարկե, գովազդը պահանջում է մեծ գումար, պետք է դա իրականացնես, որ մեծ գումար ակնկալես: Գտնում եմ, որ գովազդի ոլորտի մասնագետները ճիշտ աշխատանքներ տանելու դեպքում հասնում են ցանկալի արդյունքի»:

Երաժշտական կամերային պետական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը վստահեցնում է, որ մենք միշտ ունեցել ենք պահանջկոտ, բարձր արվեստը գնահատող հանդիսատես. «Այլ հարց է, որ վերջին տարիներին կարծես նրանց շարքերը ինչ-ինչ պատճառներով նոսրացել են: Գնողունակության խնդիր էլ կա. մարդ չի կարող իրեն ավելի հաճախ թույլ տալ այցելելու մշակութային օջախներ: Ես կուզեի, որ նման հոգսերը պարզապես վերանային: Ինչ վերաբերում է հրավիրատոմսերին, դրանք եղել են ու կլինեն: Կան «պաշտոնական», «կոլեգիալ» հրավերներ, ինչը նույնիսկ անհրաժեշտ է: Այլ խնդիր է, որ նման հրավերների դեպքում հաճախ հրավիրվող կողմը չի ներկայանում: Դա էլ հասկանալի է՝ գուցե մարդն ունի հարգելի պատճառ… Մենք ունենք վարկանիշով բարձր մշակութային օջախներ, պարզապես պետք է ճիշտ կազմակերպել ցանկացած միջոցառման գովազդը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031