Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանյան լուսանկարչական ստուդիաներ

Հոկտեմբեր 24,2014 13:00

Հնի եւ նորի խաչմերուկում

Հիմա բոլորն էլ կարող են լուսանկարել ու լուսանկարվել երբ եւ որտեղ ցանկանան: Մինչդեռ տարիներ առաջ մարդիկ հատուկ պատրաստություն էին տեսնում լուսանկարչատուն գնալու եւ ընտանեկան ալբոմը հարստացնելու համար: Արդյոք Երեւանում մնացե՞լ են այդ հին լուսանկարչատները եւ ինչպիսի՞ նոր ստուդիաներ են եկել դրանց փոխարինելու:

Ամեն ինչ սկիզբ առավ 1839 թվականին, երբ Փարիզի Գիտությունների ակադեմիայում ներկայացվեց ֆրանսիացի ֆիզիկոս Ժոզեֆ Նիսեֆոր Նիեպսի հայտնագործած սարքը, որով հնարավոր էր լուսանկար ստանալ՝ մի քանի րոպե նույն դիրքում կանգնած մնալով (այնինչ՝ մի քանի տարի առաջ օրեր էին պահանջվում դրա համար): Լուսանկարչական այս հեղափոխությունը Հայաստան եկավ շուրջ մեկ դար անց՝ 1927 թվականին, երբ Երեւանում բացվեց առաջին լուսանկարչատունը՝ Ֆոտո Խանոյանը:

Հիմնադիրը ծագումով վանեցի Գուրգեն Խանոյանն էր (իսկական ազգանունը՝ Ալեքսանյան): Աբովյան 12 հասցեում գտնվող շենքը՝ իր հայտնի կամարներով եւ պատին փակցված լուսանկարներով, միշտ ասոցացվում էր հենց Խանոյանի լուսանկարչատան հետ, որն այդտեղ գործել է 81 տարի՝ մինչեւ 2008 թվականը, իսկ հետո տեղափոխվել Աբովյան 8: Այժմ լուսանկարչատունն աշխատեցնում է Խանոյան լուսանկարիչների երրորդ սերունդը՝ Արմեն Խանոյանը, որ շարունակում է հոր՝ Օնիկ Խանոյանի գործը:

Xanoyan

Ռուբեն Հախվերդյանի լուսանկարը. «Ռետրո» ֆոտոստուդիա:

Արմեն Խանոյանի մոր հորեղբայրը՝ Հայկ Փախչանյանը, նույնպես զբաղվել է լուսանկարչությամբ. նա համարվում է Վանի առաջին լուսանկարիչը: Արմենը դեռ մանկուց աշխատել է հոր եւ պապի հետ. «Ես, բնական է, որ կսովորեի, որովհետեւ լուսանկարչի ընտանիք է. մայրս էլ ռետուշ է անում»: Արդեն 25 տարի է, ինչ Արմենն այս գործով է զբաղվում, չնայած ավարտել է Ժողովրդական տնտեսության ինստիտուտը (այժմ՝ ՀՊՏՀ) եւ 10 տարի աշխատել տնտեսագիտության բնագավառում: Ասում է, որ հոր մահից հետո չուզեց, որ լուսանկարչատունը փակվի… Ինքը՝ լուսանկարիչը, չի սիրում լուսանկարվել. «Վանեցին ասում է՝ մարդ մի խատ բնավորություն կունենա. դրա համար էլ ես միայն նկարել եմ սիրում, ոչ թե նկարվել»:

Պահպանվել են բոլոր հին ֆոտոխցիկներն ու պարագաները, որոնք օգտագործվել են լուսանկարելու համար: «Այստեղ մի աթոռ կա՝ ինձնից էլ մեծ՝ 54 թվի,- պատմում է Արմենը:– Մի մարդ կա, որ փոքր ժամանակից պարբերաբար նկարվել է այդ աթոռի վրա: Հիմա էլ է գալիս նկարվելու ու ասում է, որ իր երեխան էլ, թոռն էլ պիտի նկարվեն»: Ըստ լուսանկարչի՝ դեռ կան ընտանիքներ, որոնք, ավանդույթները պահպանելով, ժամանակ առ ժամանակ գալիս են թարմացնելու իրենց ընտանեկան ալբոմները: Խանոյան լուսանկարչատուն են այցելել այնպիսի հայտնի եւ ճանաչված դեմքեր, ինչպես Ավետիք Իսահակյանը, Պարույր Սեւակը, Հովհաննես Շիրազը, Սոս Սարգսյանը, Ջոն Կիրակոսյանը, Արաքս Մանսուրյանը եւ այլք: Իսկ Արմեն Խանոյանի ֆոտոխցիկի առջեւ են հայտնվել Ֆորշը, Միքայել Պողոսյանը, Արամոն:

«Վերջերս Կարեն Ջանիբեկյանը եկավ լուսանկարվելու. նրա հայրն էլ էր միշտ գալիս: Որ Կարենի երկար մազերը թափված էր, Քրիստոսին նմանեցրի: Երբ նկարեցի, իրոք նման էր»,- հիշում է Արմեն Խանոյանը: Ժամանակի ընթացքում շատ բան է փոխվել լուսանկարչության բնագավառում: Ինչպես ասում է Արմեն Խանոյանը՝ եթե իր պապն ու հայրը ողջ լինեին, շատ կզարմանային: Առաջ եթե գունավոր նկարներ տպելը տեւում էր 4 ժամ, հիմա 2 րոպեում է հնարավոր նույն արդյունքը ստանալ: Հետաքրքիր է, որ առաջ գունավոր նկարներն էին թանկ, իսկ հիմա, նրա ասելով, ժապավենով նկարած սեւ ու սպիտակ նկարները, քանի որ ավելի աշխատատար են. «Լուսանկարից հասկացողը վազում է սեւ ու սպիտակ նկարի վրա. եթե գունավորը տպես սեւ ու սպիտակ, կտեսնես, որ նկար չկա, իսկ եթե սեւ ու սպիտակն ես տպում գունավոր, տեսնում ես, որ լուսավորություն եւ ամեն ինչ կա: Հիմա թվային ֆոտոխցիկներով գունախաբություն է գնում»: Արմեն Խանոյանը մինչ օրս շարունակում է նկարել ֆոտոստուդիայի ամենահին՝ «Կոդակ» ապարատով, որով դեռ իր պապն էր նկարում:

«Սա մեր պատմությունն է, մեր թանգարանն է,- ասում է Արմենը եւ հավելում, որ թանգարաններից հաճախ են գալիս, նկարներ խնդրում, սակայն ինքը չի տալիս: –Շատ վատ է, որ վերցնում են մեր նկարները, օգտագործում եւ չեն նշում, թե ովքեր են դրանց հեղինակները: Օրինակ՝ PanArmenian Media Group-ը վերջերս մետրոյի կայարաններում լուսանկարներ էր ցուցադրում: Դրանց մեջ էր նաեւ հիմա Պատմության թանգարանում գտնվող Կարաբալայի նկարը, որ հայրս էր նկարել: Լուսանկարչի անունը չի նշվում: Ես հարգում եմ այս նախաձեռնությունը, բայց պետք է նշվի, թե ով է լուսանկարիչը: Չէ՞ որ եթե նրանք չլինեին, այդ լուսանկարները չէին հասնի իրենց»:
Արմեն Խանոյանը դեռ ամուսնացած չէ, բայց համոզված է, որ հետագայում իր սերունդները նույնպես այս ոլորտում են աշխատելու. ընտանեկան ավանդույթները պետք է շարունակվեն:

Իհարկե, Երեւանում եղել են նաեւ այլ ֆոտո-ատելյեներ, ինչպես, օրինակ, Խանդիկյանի, Եգարյանի, Մակարյանի, Միսակյանի լուսանկարչատները, որոնք բավական հայտնի են եղել քաղաքում: Սակայն սրանցից շատ քչերը՝ 1-2-ն են պահպանվել այսօր, իսկ մյուսների փոխարեն կա՛մ «հաց ուտելու տեղ», կա՛մ ինչ-որ գրասենյակ է բացվել: Այսօր արդեն Երեւանում գործում են հարյուրավոր նորաբաց ֆոտոստուդիաներ, որոնց մեծ մասն իրարից ոչնչով չի տարբերվում, բայց կան նաեւ թեմատիկ ստուդիաներ:

Հայկական տարազ՝ ոսկեթել եւ կարմիր ծոփքերով, արդուզարդ, կուժ ու կուլա, սայլի անիվ, իլիկ…սրանք են ապահովում «Ռետրո ֆոտոստուդիայի» կոլորիտն ու տրամադրությունը: Ստուդիան սկսել է գործել այս տարվա հունվարի 1-ից: Մտահղացումը եղել է Մարգարիտա Հովհաննիսյանինը եւ ամուսնունը՝ Գեղամ Գինոսյանինը, ովքեր, մի քանի երկրներում տեսնելով նմանատիպ ստուդիաներ, որոշել են Երեւանում նույնպես ունենալ ռետրո ոճի լուսանկարչատուն: Հետագայում պլաններ կան նաեւ այլ ազգերի հագուստներով, մուլտֆիլմերի եւ ֆիլմերի հերոսների կերպարներով լուսանկարներ անել:
Ինչպես ասում է Գեղամ Գինոսյանը՝ հենց ռետրո ոճի համար է իրենց ֆոտոստուդիա ավելի շատ մարդ հաճախում, քան սովորական ֆոտոստուդիաներ. «Մարդիկ այստեղ չեն գալիս զուտ նկարվելու, որ ասեն, թե իրենք հին մարդ են: Գալիս են այստեղ, օրինակ, ընկերներով եւ կարող են լավ ժամանակ անցկացնել: Իհարկե, մենք փորձում ենք ազգային արվեստն էլ ներկայացնել, բայց շատ չենք կենտրոնանում դրա վրա: Ավելի շատ փորձում ենք զվարճանքի, ժամանցի վայր ստեղծել: Մարդ կա գալիս է, օրինակ, հատուկ հայ աղջկա կերպար ստանալու, մարդ էլ կա, գալիս է բեղեր դնում, նկարվում, որ հետո ընկերներով ծիծաղեն»: Ֆոտոստուդիայում եղել են բազմաթիվ հայտնի դեմքեր՝ Ռուբեն Հախվերդյանը, Հարութ Փամբուկչյանը, Անահիտ Բախշյանը, Հայկոն, Գոռ Սուջյանը…

ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարում` «Խանոյան» ֆոտոստուդիան:

«Առավոտ» օրաթերթ
23.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031