Լրահոս
Օրվա լրահոսը

Ադիբեկյանը՝ սկանդալային դասագրքի մասին

Հոկտեմբեր 24,2014 12:30

Խնդրում եմ մի թողեք ես գնամ դպրոց,
Ես ուզում եմ հեռու փախչել,
Ես ուզում եմ կյանքս վերջանա,
Ես տխուր ու զզվելի կյանք եմ ապրում,
Ես զգում եմ, որ մայրիկիս այս մասին չեմ կարող պատմել…

Ահա ինքնասպանությունը քարոզող այս բանաստեղծությունն անհասկանալի պատճառներով հայտնվել է 6-րդ դասարանի անգլերենի գրքում, մի զարհուրելի լուսանկարի հետ:

Ինչու է ինքնասպանություն քարոզող բանաստեղծությունը հայտնվել դասագրքում, կամ ինչպես է ստացվել, որ այն վրիպել է ԿԳ նախարարության աչքից, անհայտ է: Փաստ է, որ կատարվածն անհանգստություն է պատճառել ծնողներին, երբ պատահաբար բացահայտել են այն ու մտահոգվել, ինչի հետեւանքով հարց է բարձրացվել:

Թե որքանո՞վ է նպատակահարմար նման բանաստեղծությունը ներառել դպրոցական դասագրքում, կամ ի՞նչ հետեւանքներ կարող է առաջացնել այս անտարբերությունը, «Առավոտը» փորձեց պարզել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից: Բայց մինչ այդ, նշենք, որ դասագրքի հեղինակ Լուսինե Գեւորգյանը կայքերից մեկին տված հարցազրույցում պարզաբանելով կատարվածը, ասել էր, թե այն դաստիարակչական ուղղվածություն կարող է ունենալ, եթե ուսուցիչը ճիշտ ուղղորդի երեխային: Նա անդրադառնալով օտար լեզվի ուսուցանմանը՝ ասել էր, թե օտար լեզվի գլխավոր դաստիարակչական նպատակն է աշակերտի մեջ զարգացնել քաղաքացիական գիտակցություն ու ստեղծագործական կարողություններ եւ հմտություններ (հանդուրժողականություն, անձնական եւ հասարակական պատասխանատվություն, ինքնուրույնություն, ինքնազարգացում, քննադատական մտածողություն, ինքնարտահայտում…):

Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ շատ վատ փաստ է, որ նման բան է տեղի ունեցել: Ըստ նրա՝ «Այդ տարիքում երեխայի մոտ ձեւավորվում է աշխարհայացքը, նպատակները, կենսական ոլորտը եւ այդ ժամանակ նա անկայուն վիճակում է լինում: Եթե կյանքի դժվարությունները նրա անհատական կարողություններից մեկն է եւ կողքին բան չկա, ապա նրա համար կյանքը դառնում է անիմաստ: Երեխաները պետք է հավատան իրենց կարողությունների աճին, օգնող ունենան, այսօր դպրոցում հոգեբան ունենալու խնդիրը մնում է օրակարգային: Հոգեբանը կարող է եւ պարտավոր է վերահսկել երեխային, նրա հարաբերությունները շրջապատի հետ, տեսնի, թե նրա համար ամենաազդեցիկ գործոնները շրջապատի համար որոնք են, եւ դրանց միջոցով օգնի երեխային կայուն կանգնել: Այս տարիքի համար շատ վտանգավոր է»:

Ինչ վերաբերում է նրան, որ դասագրքի հեղինակն ասել է, թե այդ բանաստեղծությունը կարող է դաստիարակչական բնույթ կրել, Ահարոն Ադիբեկյանն էլ ասաց. «Ոչ մի բնույթ էլ չի կարող կրել: Այդ օրինակի վրա հնարավոր չէ դաստիարակել: Բացասական օրինակներով չի կարելի բան սովորեցնել, որովհետեւ երեխան մեծանում եւ կրկնօրինակում է: Օրինակ, գրական բոլոր հերոսները դժվարություններ են հաղթահարում, ապա դառնում հերոս, այսինքն՝ դա էլի դաստիարակչական նշանակություն ունի: Երեխան մտածում է, որ ես կպարտվեմ, եւ դա խելամիտ չի լինի, այսինքն՝ դա այնքանով է դաստիարակչական, երբ մեկը կա կողքին, որ նրա հակատիպն է, բայց երբ ինքն է դառնում հերոս, դա արդեն բացասական հետեւանքների կարող է բերել»: Ավելացնենք, որ դասագիրքը 2009 թվականին հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը, իսկ վերոնշյալ բանաստեղծությունը զետեղված է գրքի 14-րդ էջում:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031