Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հեղինակավոր «Նյու Յորք թայմզ» թերթն իր վերջին համարում առանձին ներդիրով ծավալուն անդրադարձ էր կատարել Հայաստանին և հայ ժողովրդին: Անդրադարձի շրջանակներում թերթը հրապարակել է նաև հարցազրույց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ստորև ներկայացնում ենք «Նյու Յորք թայմզ»-ում հրապարակված հարցազրույցը՝ ոչ պաշտոնական թարգմանությամբ:
«Նախագահ Սերժ Սարգսյանը պատմում է իր առաջնորդած դինամիկ ու երիտասարդ ազգի, նրա պատմության, տնտեսության ու միջազգային կապերի մասին: Հայաստանն ամրապնդում է իր միջազգային դիրքերն ու ձգտում է շարունակել զարգացումը, և նախագահը բացատրում է իր երկրի ինքնությունն ու նշում այն լայն հնարավորությունները, որ ներդրումների համար բաց այս երկիրն ընձեռում է աշխարհին:
-Ինչպե՞ս կարող Հայաստանը կամուրջ դառնալ Արևմուտքի և Ռուսաստանի, ինչպես նաև ԱՊՀ երկրների միջև:
Կարդացեք նաև
-Անկախությունից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է եղել տարբեր համակարգերի և տարածաշրջանում հետաքրքրված ազդեցիկ կողմերի շահերի միջև, ի հակադրություն բաժանարար գծերի անցկացմանը: Լինելով ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) անդամ՝ Հայաստանը միաժամանակ զարգացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և մասնակցությունն՝ ուղղված միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովմանը:
Մեր երկիրը զարգացրել և շարունակելու է զարգացնել ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, և միաժամանակ հետևողականորեն առաջ է մղում եվրոպական օրակարգը: Այսօր էլ մենք հավատարիմ ենք մնում այդ սկզբունքին: Հայաստանը որոշում է կայացրել միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)` հաշվի առնելով մեր ազգային, տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը: Սակայն ինչպես ես ասել եմ իմ ելույթներում և հարցազրույցներում, դա չի արվել ի հաշիվ Արևմուտքի հետ ունեցած մեր հարաբերությունների:
Դա արտահայտվում է մեր ակտիվ ջանքերով, որոնք ուղղված են եվրոպական առանձին երկրների և Եվրամիության, ինչպես նաև ողջ Արևմուտքի հետ մեր հարաբերություններն առաջ մղելուն. այդ հարաբերությունները ձևավորում են մեր երկրի բարգավաճման կարևորագույն բաղադրիչներից մեկը: 2013 թվականի նոյեմբերին ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը վերահաստատում է համակողմանի համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու մեր ընդհանուր հավատարմությունը: Մենք համաձայնեցրել ենք և կիրառում ենք մուտքի արտոնագրերի դյուրացման մեխանիզմը, ինչը մեր համագործակցության շոշափելի արդյունք է: Մենք վճռական են շարունակելու ջանքերը՝ ուղղված ԵՄ հետ արդյունավետ համագործակցության մեխանիզմներ որոնելուն:
ԵՄ և արևմտյան օժանդակության շնորհիվ մեր երկիրն իրականացրել է կարևոր բարեփոխումներ ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և տնտեսության ազատականացման ոլորտում: Մենք փայլուն հասկանում ենք, որ այդ բարեփոխումներն ուղղված չեն այս կամ այն կազմակերպության հետ ինտեգրվելուն: Այդ բարեփոխումներն առաջին հերթին իրականացվում են հանուն մեր երկրի և մեր ժողովրդի բարօրության: Ես վստահ եմ, որ մեր արևմտյան գործընկերները կիսում են այս տեսակետը և կշարունակեն մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներին իրենց արդյունավետ աջակցությունը:
Միևնույն ժամանակ ես չեմ կարող չընդգծել, որ 21-րդ դարում, երբ գլոբալիզացիան ինտենսիվ ընթացքի մեջ է, երբ աշխարհը շարժվում է ընդհանուր տնտեսական գոտիների կայացման ուղղությամբ, երբ միջպետական տնտեսական սահմանները կորցնում են իրենց նշանակությունը, երբ ազատ տնտեսական գոտիներ են հաստատվում տարբեր աշխարհամասերի միջև, տարբեր ինտեգրացիոն կառույցների միջև դիմակայության մասին խոսելն իմաստ չունի: Այս կապակցությամբ ԵՏՄ մուտք գործելու շնորհիվ Հայաստանը կարող է կարևոր կապող օղակ դառնալ ԵՏՄ-ի և Արևմտյան գործարար համայնքների միջև: Այս համատեքստում մենք մտահոգված ենք Արևմուտքի և Ռուսաստանի միջև վերջին լարվածությամբ: Մենք շահագրգռված ենք, որ մեր գործընկերների հակասությունները հարթվեն, քանզի փոքր երկրները, ինչպիսին Հայաստանն է, նման վայրիվերումների նկատմամբ խիստ զգայուն են:
-Ի՞նչ է անում ձեր կառավարությունը, որպեսզի ձեռնոց նետի երկրի ու առհասարակ տարածաշրջանի վերաբերյալ կեղծ պատկերացումներ ձևավորելուն:
-Մենք միշտ ներկայացրել ենք մեր երկրին ու տարածաշրջանին ուղղված սպառնալիքները տարբեր կազմակերպություններում և երկկողմ ձևաչափերում:
Միջազգային հանրությունն ինքն է ականատես եղել, թե ինչպես է Ադրբեջանի արկածախնդրությունը տարածաշրջանում բռնությունների պատճառ դարձել՝ հանգեցնելով հրադադարի հաստատումից հետո հակամարտության ընթացքում ամենամեծ մարդկային կորուստներին: Բոլորն ականատես դարձան Ադրբեջանի նախագահի «թվիթերյան դիվանագիտությանը»:
Ամենաբարձր մակարդակով երկարամյա շարունակական սպառնալիքները վերածվեցին իրական գործողությունների, երբ քաղաքացիական օբյեկտները՝ մանկապարտեզներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ինչպես նաև խաղաղ բնակչությունը դարձավ կրակի թիրախ: Միջազգային հանրության թյուրընկալումը ես տեսնում եմ այն հարցում, որ հավասարության նշան է դրվում ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև: Ավելի քան 20 տարի Հայաստանը զգուշացնում էր Ադրբեջանի ռազմական մտադրությունների մասին, և ոչ մի արձագանք: Սա կամ թյուրընկալում է, կամ անտարբերություն: Մենք միջազգային հանրությանը մշտապես ներկայացրել ենք մեր տարածաշրջանի իրավիճակը, մնացածը կախված է միջազգային հանրությունից:
-Ի՞նչն է ձեզ վստահություն ներշնչում՝ կապված ձեր երկրի ապագայի հետ:
-Անկախությունն ինքը նշանակալից իրադարձություն էր մեր ժողովրդի պատմության մեջ: Այսօր աշխարհասփյուռ հայությունը հնարավորություն ունի պատմական հայրենիքի մի հատվածում անկախ Հայաստան կառուցել՝ մեր ժողովրդի հարյուրամյա երազանքը: Այսօր Հայաստանը երկիր է, որ զարգանում է քաղաքակիրթ աշխարհի կանոններով՝ արդյունավետ պետության, բաց հասարակության, մրցունակ տնտեսության կայացմամբ:
Հաշվի առնելով սա՝ ես իսկապես վստահ եմ մեր երկրի ապագայի հարցում և այդ վստահությունն առաջին հերթին գալիս է մեր հիանալի երիտասարդ սերնդից: Հայաստանի քաղաքացիների նոր սերունդը ավելի հայրենասեր է, քան իմ սերունդն էր, և կրթական ավելի մեծ հնարավորություններ ունի: Որպես իրենց երկրի իրապես հավատարիմ անձինք, նրանք միաժամանակ դաստիարակվել են որպես աշխարհի քաղաքացիներ:
Վերջին չորս-հինգ տարիների ընթացքում տարեկան մոտավորապես 100 երիտասարդ հայաստանցիներ ավարտել են աշխարհի առաջատար համալսարանները: Ուստի մենք մեր ժամանակակից ու անվտանգ երկիրը կփոխանցենք ապահով ձեռքերի, ու ես վստահ եմ, որ նրանք այն ավելի ծաղկուն կդարձնեն»:
Մանրամասները կարող եք կարդալ` Panorama.am-ի կայքում