Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք լրագրողները եղան Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում

Հոկտեմբեր 23,2014 22:20

Aravot.am-ը տեղեկացրել է, որ  մասնակցում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ  Եվրամիության ֆինանսական աջակցությամբ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրին, որի շրջանակներում հայ եւ թուրք լրագրողները երկշաբաթյա ավտոբուսային ուղեւորություն են անցկացնում Թուրքիայում եւ Հայաստանում:

Լրագրողների խումբն արդեն Հայաստանում է, եւ առաջին օրը նրանք եղան Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում եւ այցելեցին նաեւ Ցեղասպանության հուշահամալիր:

Թուրք լրագրողներին ներկայացվեց, որ  ինստիտուտ-թանգարանում այժմ վերանորոգման եւ ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, այդ պատճառով թանգարանի  ամբողջ հավաքածուն ցուցադրված չէ: Ներկաներին, այնուամենայնիվ, ներկայացվեց  հավաքածուից մի փոքր հատված, որը Թուրքիայի նկարագրում էր ցեղասպանության իրականացման շրջանը:

Լրագրողները նաեւ հանդիպեցին  Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:Նրա հետ  զրույցի ընթացքում թուրք լրագրողներից մեկը  հետաքրքրվեց, արդյոք հասանելի են արխիվները դրսի ուսումնասիրողների համար:

Հայկ Դեմոյանը պատասխանեց. «Չունենք ոչինչ թաքցնելու»: Նա ներկայացրեց, որ այստեղ շատերն են գալիս թեման ուսումնասիրելու համար, թանգարան-ինստիտուտը վայր է նաեւ այլոց պատմությունն ուսումնասիրելու համար: Իսկ առաջիկայում, վերազինված եւ համալրված թանգարան ինստիտուտը, ըստ պարոն Դեմոյանի, նաեւ փորձելու է ցույց տալ մարդու ապրումները, այն մարդկանց, ովքեր անցել են Ցեղասպանության միջով, մի մասը դիմացել են, մյուս մասը՝ ոչ:

Թուրք լրագրողներից մեկը հետաքրքրվեց, արդյոք Հայաստանում կուզեին, որ բացվեին նաեւ թուրքական արխիվները՝ պատմական փաստերը ուսումնասիրելու համար: Պարոն Դեմոյանը պատասխանեց, որ մենք  կցանկանայինք, որ որոշ վավերագրեր կամ դրանց պատճեններ հասանելի լինեին, բայց Թուրքիան թույլ չի տալիս, որ անգամ Թուրքիայում հետազոտողները դրանց հետ ծանոթանան: Թուրք լրագրողի մտավախությանը՝ գուցե դրանք ոչնչացված են, պարոն Դեմոյանը պատասխանեց, որ եթե ոչնչացված են, ապա պետք է ցավել, որովհետեւ անվերադարձ է լինելու կորուստը երկու ժողովուրդների պատմությունը ուսումնասիրելիս: Սակայն ըստ պարոն Դեմոյանի, եթե Թուրքիան չի ցանկանում բացել արխիվները եւ հասանելի դարձնել, ապա նշանակում է, որ ինչ-որ բան է թաքցնում:

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Հայկ Դեմոյանը նշեց. «Ցեղասպանության փաստի ճանաչումը կարեւոր նախապայման է երկու երկրների միջեւ իրական հաշտություն ունենալու համար»: Ըստ պարոն Դեմոյանի՝ Թուրքիան չի ուզում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, որովհետեւ վախենում է հոգեբանական փլուզումից, տարիների ընթացքում մատուցվող պատմությունը փոխելուց եւ դրա հետեւանքով մարդկանց մեջ առաջացող հոգեբանական բարդույթից: «Պետք է հաղթահարել այդ հոգեբանական բարդույթը»,- ասաց պարոն Դեմոյանը՝ ավելացնելով, որ պետք է փորձել գտնել պատմական ճշմարտությունը, չժխտել կամ կոծկել այն:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Սոնա ԱԴԱՄՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031