Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները ազգային երգեր երգեցին, CD-ներ բաժանեցին ավտոբուսներում. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 23,2014 21:55

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմացի այգում կայացավ «Մենք հայ ենք, սա է մեր երաժշտությունը. հայ երգով լցնենք հանրային տրանսպորտը» թեմայով միջոցառում, որ նախաձեռնել էին «Խազեր» երգչախումբը, «Մենք» ազգային երգի ու պարի խումբը, «Քարահունջ» ֆոլք, «Կանաչ ջոկատ» բնապահպանական խմբերը, Նախախորհրդարանի երիտասարդները: Նրանց միացան բազմաթիվ կամավորներ:

PrevPhoto
NextPhoto

Երիտասարդները նախ պար բռնեցին Կոմիտասի արձանի մոտ, հայկական զուլալ երգեր երգեցին, ապա 5-6-հոգանոց խմբերով բարձրացան ավտոբուսներ: Նրանք երգում էին ուղեւորների ու վարորդների հետ, իջնելիս վերջիններիս նվիրում հայ ազգային երգերով ձայնասկավառակներ:

«Խազեր» երգչախմբի ղեկավար Անի Նավասարդյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ որոշել են հայկական ժողովրդական երգեր քարոզել նման ակցիաների միջոցով. «Անցյալ անգամ էլ արեցինք ու արդյունքից գոհ ենք: Մարդիկ հոգնած տուն էին գնում, կարծես ոչ մի սպասելիք չունեին, սակայն մեր ակցիայի արդյունքում իրենք աշխուժանում են, ոգեւորություն էր առաջանում: Ոչ միայն տրանսպորտում, այլեւ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով երաժշտություն է պտտվում, որ ոչ մի ձեւով համահունչ չէ մեր ազգային երաժշտության հետ, կարծիք է ստեղծվում, թե այդ ռաբիս երաժշտությունն է մերը: Մարդիկ իսկապես չգիտեն ո՞րն է մեր ազգային երաժշտությունը: Ցավոք, Կոմիտասի ընդամենը անունը պտտեցնելով ման են գալիս, բայց իր գործը ոչ մի ձեւով չի շարունակվում պետական մակարդակով, ժողովրդի մեջ էլ անհատներ են փորձում ինչ-որ բան անել»:

Նարինե Նուռը (Պողոսյան) պատմեց, որ մշտապես մասնակցում է ազգայինի ջատագով երիտասարդների միջոցառումներին: Նա համոզված է, որ նման ակցիաներով հնարավոր է մտայնություն փոխել ու մարդկանց ականջը սովորեցնել ազգային երաժշտությանը: «Եթե արդյունավետ չլիներ, չէի մասնակցի»,-ասում է Նարինեն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031