Բուզանդ թաղամասի բնակիչները կրկին ՀՀԿ գրասենյակի առջեւ են հավաքվել: Նրանք ՀՀԿ ԳՄ նիստի մասնակից վարչապետ Հովիկ Աբրահամյանին տեսնելու հույսով են եկել: Նիստը սկսվելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաքվածների կողքով անցնելիս միայն խոստացավ, որ շաբաթ օրը կընդունի նրանց, բայց բնակիչներին այդ խոստումը չգոհացրեց, ասացին՝ կսպասեն մինչեւ նիստն ավարտվի, բայց վարչապետը մերժեց, ասաց՝ իր ժամանակն ինքը չի տնօրինում:
Բնակիչներն էլ խնդրեցին հանդիպում՝ կառավարության աշխատակազմի դիմում բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ: Վարչապետը նախ զարմացավ ու տեղը չբերեց Ալեքսանդր Ղազարյանին, բայց հետո դրական պատասխան տալով բնակիչների այդ առաջարկին, հեռացավ:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ, Բուզանդ թաղամասը տարիներ առաջ ճանաչվել է գերակա շահ՝ փոխհատուցման խոստումով, ինչը մինչեւ այսօր բնակիչները չեն ստացել:
Բնակիչների պատմելով, մեկ շաբաթ առաջ վարչապետի հետ հանդիպման ժամանակ վարչապետն անձամբ հավաստիացրել է, որ իրենց խնդիրը կլուծվի, բնակիչներին վստահեցրել է, որ փոխվարչապետ (արդեն նախկին) Արմեն Գեւորգյանն է այդ հարցով զբաղվում:
«Հիմա ինքը չկա, մենք եկել ենք իմանանք, թե ինչ է լինելու մեր վիճակը: Ինչքան կարող ենք սպասել»,- դժգոհեց բնակիչներից մեկը:
Կարդացեք նաև
Բնակիչները որոշեցին հեռանալ՝ համակերպվելով շաբաթ օրվա հանդիպման առաջարկի հետ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ