Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հրահանգել է ևս հինգ միլիոն դրամ հատկացնել «ՌեԱնիմանիա» կինոփառատոնին

Հոկտեմբեր 23,2014 20:35

Հոկտեմբերի 25-31-ը անիմացիոն ֆիլմերի շաբաթ է. մեկնարկում է «ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը:

Փառատոնն այս տարի կհյուրընկալի համաշխարհային անիմացիայի առաջատար երկրներից ժամանող շուրջ 20 ճանաչված հյուրերի (Մարկ Շապիրոն, Գարի Շվարց, Կարոլին Շվայցեր, Շառլի Սանսոնետտի, Արմինե Սանսոնետտի և ուրիշներ):

Այս տարի «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնն ստացել է 900 հայտ՝ շուրջ 90 երկրից, որոնցից կցուցադրվեն 400 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր ու հոլովակներ:

«Դեռևս 2009 թ. հիմնադրված այս կինոփառատոնը տարիների ընթացքում բավականին լուրջ դերակատարություն է ունեցել մեր անիմացիոն ֆիլմարտադրության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ հիշելով, որ առաջին անգամ, երբ այս փառատոնը ներկայացվել է Մշակույթի նախարարությանը քննարկման համար, իրեն միանգամից հետաքրքրել է դրա անվանումը. «Երբ կազմակերպիչներին հարցրի՝ ինչու «ՌեԱնիմանիա», նրանք մեկ նախադասությամբ բացատրեցին փառատոնի հիմքում դրված գաղափարախոսությունը՝ վերականգնել անիմացիոն ֆիլմարտադրության լավագույն ավանդույթները և համաշխարհային ասպարեզում պարզել մեր մշակույթի տեղն ու դերը»,- պատմեց մշակույթի փոխնախարարը և ուրախությամբ նկատեց, որ փառատոնն արդեն իր ուրույն տեղն ունի և դարձել է տարածաշրջանային նշանակության փառատոն. «Այն իր տեսակով միակն է տարածաշրջանում և շատ արագ կարողացավ ընդգրկվել միջազգային ցանցի մեջ»,- հավելեց նա:

Պարոն Պողոսյանը տեղեկացրեց նաև, որ փառատոնն իր մեծ հեղինակության շնորհիվ այս տարի արժանացել է Կառավարության հատուկ վերաբերմունքին, և վարչապետը հրահանգել է ևս հինգ միլիոն դրամ հատկացնել փառատոնին:

Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին էլ ասաց, որ այս տարվա փառատոնն իր համար առանձնանում է հատկապես երկու կարևոր կետերով. «Նախ՝ այն, ինչ խոստացել էինք տարիներ առաջ, այսօր արդեն իրականացրել ենք: Այսինքն՝ սկզբում թերահավատություն կար, մարդիկ մտածում էին, թե միայն ցուցադրություններ կլինեն ու վերջ, բայց ժամանակը ցույց տվեց, որ սա միայն ցուցադրություն չէ, այլև նոր սերնդի մասնագետների պատրաստում: Ասածիս վառ ապացույցը մեր երիտասարդ մասնագետներից մեկի՝ Լևոն Պետրոսյանի՝ Անգլիայում վերապատրաստման կուրս անցնելն էր: Լևոնը հիմա ստուդիա ունի Էջմիածնում, որի սաներից մեկն ամեն տարի մեկնում է վերապատրաստման:

Երկրորդ կարևոր կետն ինձ համար դեռևս արտադրության մեջ գտնվող անիմացիոն կինոնախագծերն են, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանությանը (Սերժ Ավեդիքյանի «Վերջին ռաունդը Ստամբուլում» և Իլյա Յուդովիչի ու Վալենտին Լապինի՝ Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» վիպակի հիման վրա նկարահանվող «Իմ սիրտը» ֆիլմերը)»,- ասաց Վ. Քասունին՝ հավելելով, որ եթե հաջողվի այդ կինոնախագծերն ավարտին հասցնել, ապա դրանք կցուցադրվեն արդեն 7-րդ «ՌեԱնիմանիայի» շրջանակներում:

Կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Րաֆֆի Մովսիսյանն էլ անդրադարձավ փառատոնին ներկայացված պրեմիերաներին, որոնք այս տարի վեցն են և, Ր. Մովսիսյանի խոսքով, աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմերից են. «Մարդիկ համաձայնեցին այդ ֆիլմերը տալ, որովհետև հասկացան, որ սա լուրջ փառատոն է»,- ասաց «ՌեԱնիմանիայի» գեղարվեստական ղեկավարը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031