«Մենք դեմ չեն չաշխատող մայրերին տրվող նպաստին, մենք ասում ենք` աշխատող հղիների հաշվին մի արեք»-այսօր կառավարության շենքի մոտ Մայրության նպաստի վերաբերյալ նախագծի որոշ դրույթների դեմ բողոքի ակցիա անողների դիրքորոշումն է:
Ի՞նչ հետեւանքներ է կարող է թողնել աշխատող մայրերի վրա կառավարության նախագիծը: Այսօր Aravot.am-ը զրուցեց մի քանի աշխատող մայրերի, հղիների հետ եւ այն մայրերի հետ, որոնք ծրագրել են մոտ ապագայում հղիանալ:
Նրանք բոլորը պնդեցին, որ կառավարությունը չպիտի աշխատող հղիների նպաստները կրճատի, որպեսզի չաշխատողների նպաստները վճարի:
Aravot.am-ը փոխանցեց կառավարության այն պատճառաբանությունը, որ ամենեւին էլ աշխատող հղիների հաշվին չեն չաշխատողներին նպաստ տալու, քանի որ լրացուցիչ գումարներ են հարկավոր, որպեսզի շուրջ 30 հազար չաշխատող հղիներին այդ գումարները հատկացվեն:
Կարդացեք նաև
«Երբ 2014 թվականի մայիսին «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություն արեցին եւ որոշեցին 25 միլիոն դրամից ավելի արժեք ունեցող մեքենանների 20% ակցիզային հարկը հանել, այ, եթե այդ հարկը չհանեին, ու դրանցից գանձեին, ապա այդ գումարը կբավականացներ չաշխատող հղիներին վճարվելիք նպաստի համար: Իրենք հանեցին շքեղ ավտոմեքենայի հարկը, այսինքն` շքեղ ավտոմեքենաները ձեռք են բերում հարուստները, իրենց այդ հարկից ազատեցին, իսկ հիմա աշխատող հղիներից են պահում անում»,-Aravot.am-ին ասաց մայրերից մեկը:
Օֆելյա Մակարյանը հղի է, նա եւս նախագծից դժգոհ է. աշխատում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, բարձր աշխատավարձ է ստանում: Իսկ մայրության նպաստի նախագծով հաշվարկման մեխանիզմ կա եւ բարձրների դեպքում առաջարկվում է վերին շեմ սահմանվելու, այսինքն` որքան էլ բարձր լինի հղիի նպաստը, շեմից ավելին չեն տալու:
«Մեր ոլորտում բարձր է միջին աշխատավարձը, մենք հարկվում ենք շատ, բայց ստանալու ենք քիչ, ուստի վերին շեմ սահմանելն անընդունելի է ինձ համար: Կարծեմ վերին շեմի սահմանը 300 հազար դրամն է հղիության նպաստի, մեզ մոտ միջին աշխատավարձը 500 հազար դրամ է, իսկ այս գումարով հաշվարկելիս 300 հազարից էլ պիտի անցնի այդ նպաստը»,-ասաց Օֆելյա Մակարյանը:
Մեր հարցին, թե արդյոք հաշվարկե՞լ է նախագծով սահմանված նպաստի կրճատումից հետո որքա՞ն գումար է կորցնելու, Օֆելյան ասաց. «Դա հաստատ մի 100 կամ 1000 պամպերսի գումար չէ, դա շատ-շատ ավելին է»:
Aravot.am-ի այն հարցին էլ` եթե նախագիծն ընդունվի ներկայիստեսքով, արդյոք հաջորդ երեխան կծրագրի, Օֆելյա Մակարյանն ասաց, որ 2-րդ երեխայով է հղի, եւ 3-րդ երեխայի պլանավորումը հաստատ կհետաձգի. «Ինձ կխանգարի այդ նախագիծը, որովհետեւ վարկ ունենք վերցրած եւ պիտի մտածեմ` այս վարկն էլ մարեմ` հետո, այսինչ ծախսերն էլ անեմ` հետո, իսկ երբ ամուսնու աշխատավարձ էլ չկա, ընդհանրապես դժվար է ու կառավարությունն էլ բավականին կրճատում է մեր հասանելիք նպաստը»:
Բողոքի ակցիային մասնակցող մեկ այլ երիտասարդ մայր`Ինեսա Մուրադյանն էլ, որը միջազգային կազմակերպությունում է աշխատում, կառավարությանը խորհուրդ տվեց իրենց փոխարեն չհաշվարկել, թե հղին, որքան գումար է ի վիճակի տնտեսել:
Հիշեցնենք, որ բարձր աշխատավարձ ստացողներից ավելի շատ պահում անելը, նախագծի հեղինակները պատճառաբանել են, որ նրանց եկամուտները բարձր են եւ խնայած գումարներ կունենան:
«Մեր փողերն են հաշվու՞մ: Եթե մեր աշխատավարձերը բարձր են համարվում, ապա դա բավականացնում է նորմալ ապրելուն, ոչ թե հետ գցելուն: Եթե մինչեւ ամուսնանալը ինչ-որ առումով հերքում էր կողմնակի ծախսերի համար, ապա բալիկ ունենալուց հետո ծախսերն ավելանում են, ու հետ գցել հնարավոր չէ, երեխայի խնամքը ծախսատար է»,-ասաց Ինեսան, որը 4 ամսական փոքրիկը գրիկին մասնակցում էր բողոքի ակցիային:
Aravot.am-ի հարցին` հաշվարկե՞լ է` նպաստի կրճատումն իր դեպքում որքա՞ն է կազմելու` ձմեռվա մեկ ամսվա սպառած գազի վճար, կամ` երեխայի խնամքի պարագաների ու հագուստների գումարի կրճատում, Ինեսան ասաց, որ իր հաշվարկները ոչ թե գումարային են, այլ ամիսներով. «Ես հաշվարկել եմ, թե քանի ամիս եւս կկարողանամ տանը մնալ ու խնամել, զբաղվել երեխայիս հետ: Այսինքն` որքան մեծ լինի գումարն՝ այնքան երկար կմնամ տանն ու այնքան երկար ժամանակ երեխայիս կրծքով կկերակրեմ: Ճիշտ է, իմ գործատուն կերակրելու համար ընդմիջման ժամ է տալիս, ավելի շուտ եմ տուն գնում, բայց ոչ բոլոր հիմնարկներում է այդպես: Ենթադրենք, մայրն ուզում է 1 տարի կերակրել, իսկ եթե նպաստը կրճատում են, շատ կանայք ստիպված կլինեն 2-3 ամիս հետո գնալ աշխատանքի` երեխային թողնելով արհեստական կերի հույսին, այդ մայրերին գումար է հարկավոր: Կասեն` երեխայի նպաստ կա` ամսական 18 հազար դրամ, ձեռ են առնում, ես կուզենայի տեսնել էդ օրենքը գրողները ո՞նց կկարողանան 18 հազարով երեխա պահել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հետաքաքիր է, տեսնես ում խորհրդով են ընդունել այս օրենքը ու «ճիշտ ժամանակին» դրել շրջանառության մեջ??