Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը

Հոկտեմբեր 23,2014 19:12

Հոկտեմբերի 23-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել Ալվինա Գյուլումյանը: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ անդամը պաշտոնը ստանձնում է ՀՀ Աժ նիստում տրված երդումով:

Ալվինա Գյուլումյանը հանդես է եկել երդման տեքստով, որում մասնավորապես ասվում է. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ անդամի կոչմանը»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Ալվինա Գյուլումյանին եւ հաջողություններ մաղթել նրան:

Այնուհետեւ պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ կառավարության ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը:

Օրենքի նախագծի վերաբերյալ պատգամավորները շարունակել են ներկայացնել իրենց տեսակետները:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկել է հստակորեն առանձնացնել սահմանամերձ եւ սահմանապահ գյուղերը, եւ բացի հարկային արտոնություններից, տալ նաեւ որոշակի սոցիալ-տնտեսական աջակցություն:

Արաիկ Հովհաննիսյանը կարեւորել է օրենքի նախագիծը` նշելով որ, սահմանամերձ շրջանները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Դրա մասին են վկայում, ըստ պատգամավորի, նախագահի, վարչապետի, պատգամավորների հաճախակի այցերը սահմանամերձ շրջաններ:

Կորյուն Նահապետյանը ողջունել է սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու կառավարության նախաձեռնությունը: Նա առավել կարեւորել է նախաձեռնությունը երկրի պաշտպանության եւ անվտանգության համատեքստում:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է սահմանամերձ գյուղերի դերն ու նշանակությունը, քանի որ ըստ նրա` այդ համայնքներն ունեն ռազմավարական նշանակություն:

Անդրադառնալով կառավարության նախաձեռնությանը` նա նշել է, որ օրենքի նախագծով ամբողջությամբ չեն լուծվում սահմանամերձ համայնքների խնդիրները:

Հրանտ Բագրատյանը նկատել է, որ թեեւ օրենքի նախագծի որոշ դրույթներ ընդունելի է համարում, սակայն խնդիրն, ըստ նրա, կարելի էր լուծել կառավարության որոշումով:

Անդրադառնալով սահմանամերձ համայնքներում մատուցվող ծառայություններին` պատգամավորը նշել է, որ պետք է դրանց գները իջեցնել:

Ըստ Գուրգեն Արսենյանի՝ հարկային արտոնություններն անհրաժեշտ է դարձնել հասցեական: Պատգամավորն, ընդհանուր առմամբ ՀՀ կառավարության նախաձեռնությունը դրական է գնահատել:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նկատել է, որ նախաձեռնության վերաբերյալ տեղի են ունեցել ակտիվ եւ շահագրգիռ քննարկումներ, ինչն օրինաչափ է: Ըստ Հերմինե Նաղդալյանի՝ հրաշալի է, որ սահմանամերձ համայնքների թեման հատուկ վերաբերմունքի է արժանացել ԱԺ բոլոր խմբակցությունների, ինչպես նաեւ կառավարության ներկայացուցիչների կողմից: ԱԺ փոխնախագահը նկատել է, որ ելնելով ազգային անվտանգության սպառնալիքից, կարիք կա առավել նախաձեռնողական եւ ակտիվ վերաբերմունք դրսեւորել այդ ոլորտում:

Անդրադառնալով այն պնդումներին, որ նախագիծը ներկայացվել է փաթեթով, որտեղ ընդգրկված հարցերը որեւէ կապ չունեն սահմանամերձ համայնքների հետ, տիկին Նաղդալյանը նշել է, որ փաթեթն ընդամենը մեկ ուղղության է վերաբերում՝ հարկային արտոնությանը, որի նպատակադրումները կարեւոր են:

Փոխնախագահի խոսքով` օգոստոսյան դեպքերից հետո, ակնհայտ է դարձել, որ սահմանային գոտու համայնքներն իսկապես վերածվել են յուրատեսակ սահմանապահների: Եվ կարեւոր է, որ խորհրդարանում եւ կառավարությունում քննարկվել են մի շարք համալիր խնդիրներ, որոնք կարեւոր են սահմանամերձ գյուղերի համար ` տնտեսության հարկային բեռ, գործունեության ազատականացում, սոցիալական վիճակ, անվտանգություն, կենցաղ, կրթություն:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: Խոսելով գյուղական համայնքների խնդիրներից` նա ներկայացրել է իր դիտարկումները եւ անդրադարձել նախատեսվող հարկային արտոնություններին, վճարներին, սահմանամերձ համայնքների պաշտպանության խնդիրներին:

Նրա խոսքով` սահմանամերձ համայնքներում անհրաժեշտ է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք մարդկանց կխրախուսեն այնտեղ բնակվելու: Նա առաջարկել է փոխհատուցել հողի հարկը եւ գույքահարկը: Պատգամավորի խոսքով` պետք է կազմակերպել ներգաղթ, որի արդյունքում բնակչությունը կավելանա եւ կզարգանա տնտեսությունը:

Ներկայացնելով ՕԵԿ խմբակցության տեսակետը՝ Մհեր Շահգելդյանը նշել է, որ, քանի որ սահմանամերձ բնակավայրերում ռիսկային է գործարարություն իրականացնելը, ուստի անհրաժեշտ է ստեղծել ռիսկերի ապահովման հիմնադրամ: Խմբակցության քարտուղարը սահմանամերձ գյուղական համայնքներում կարեւորել է համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը, սոցիալական պաշտպանության մեխանիզմների ընդլայնումը:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է Արծվիկ Մինասյանը: Նա նշել է, որ խմբակցությունը դրական է գնահատում օրենսդրական նախաձեռնությունը՝ որոշակի վերապահումներով եւ նկատառումներով: Պարոն Մինասյանի կարծիքով՝ քննարկումների արդյունքում ակնհայտ է դարձել, որ սահմանամերձ այլ բնակավայրերի եւ բնակիչների կողմից ընդունելի լինելու համար անհրաժեշտ է օրենքով ամրագրել սահմանապահ բնակավայր հասկացությունը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագիծը պետք է ներկայացվի առանձին: Պարոն Զուրաբյանն անդրադարձել է նաեւ սահմանամերձ համայնքների բնակիչների հիմնախնդիրներին:

ԲՀԿ խմբակցության անունից ելույթ է ունեցել Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ խմբակցությունը կողմ է սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու քաղաքականությանը, սակայն մտահոգված է արտոնություններ տալու վարչարարության վերաբերյալ:

Ներկայացնելով ՀՀԿ խմբակցության տեսակետը՝ Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունն ընդունելի է բոլոր քաղաքական ուժերի կողմից, սակայն բոլոր առաջարկները հնարավոր չէ համատեղել: Պարոն Բաղդասարյանը ներկայացրել է խմբակցության առաջարկները, այն է՝ հստակեցնել սահմանամերձ այն համայնքների ցանկը, որոնք օգտվելու են հարկային արտոնություններից, սահմանել սահմանամերձ եւ սահմանապահ համայնքներ հասկացությունները եւ այլն: Պարոն Բաղդասարյանը նշել է, որ խմբակցությունը ողջունում է օրենսդրական նախաձեռնությունը եւ հույս հայտնել, որ պատգամավորների մտահոգությունները մոտ ապագայում կդառնան քննարկման առարկա:

Եզրափակիչ ելույթում Վարդան Այվազյանը եւ Վախթանգ Միրումյանը անդրադարձան պատգամավորների ելույթներում հնչած հարցադրումներին եւ տվեցին պարզաբանումներ: Ըստ Վարդան Այվազյանի՝ կառավարությունը ռիսկային մեծ բեռ է վերցնում՝ փորձելով սահմանամերձ բնակավայրերում թեթեւացնելու հարկային բեռը եւ բարձրացնելու տնտեսական ակտիվությունը: Վախթանգ Միրումյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն ընդունում է պատգամավորների հնչեցրած այն առաջարկը, որ պետք է տարանջատել փաթեթը՝ առանձնացնելով «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագիծը: Ըստ փոխնախարարի՝ առաջին ընթերցմամբ քվեարկությունից հետո կառավարությունը երկրորդ ընթերցմամբ քննարկման կներկայացնի առանձին փաթեթ:

Այնուհետեւ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասինե օրենքի նախագիծը, որով կառավարությունն առաջարկում է օրենքի 12-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածում որեւէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւի տեղեկանք:

Ընդունման դեպքում օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման հաջորդ օրը եւ տարածվելու է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ծագած կամ ծագող հարաբերությունների վրա:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ քառօրյա նիստում:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031