Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը, անդրադառնալով հոկտեմբերի 19-ին Ալեք Ենիգոմշյանի հետ տեղի ունեցած միջադեպին , առաջարկեց ուշադիր դիտել ոստիկանության ներկայացրած տեսանյութը`
«Ցավո՜ք, ոստիկանությունը փոխանակ գնար այն ճանապարհով, որ պարզեր իրականությունը, գնաց իր որդեգրած ճանապարհով՝ փաստերի կեղծելու ճանապարհով: Ընդ որում՝ այդ զանցանքի կամ հանցանքի համար ոստիկանին շատ բան չէր սպասվում՝ ապացուցվելու դեպքում ընդամենը պատժվելու էր տուգանքով կամ առավելագույնը երկու ամիս կալանքով»:
Կարդացեք նաև
Դիտելով տեսանյութը՝ նա նշեց, որ ոստիկանությունը «Նախախորհրդարանի» հրապարակած տեքստի վրա ոստիկանությունը փորձել է այլ կերպ մեկնաբանել՝ իբրեւ թե «Նախախորհրդարանը» ապատեղեկատվություն է տարածել: Նրա խոսքերով՝ ոչ մեկ չի կարող ապացուցել, որ ոստիկանության տեսանյութում ոստիկան է Ալեք Ենիգոմշյանին ուղեկցում մայթ. «Եթե մեկը կարող է այս կադրից ապացուցել, որ այդպես է, ես ուրախ կլինեմ: Այնտեղ երեւում է Ալեք Ենիգոմշյանը եւ քաղաքացիական հագուստով ինչ-որ մեկը, որը ուղեկցում է պարոն Ենիգոմշյանին դեպի մայթ»:
Վարդան Հակոբյանը նկատեց, որ ոստիկանությունը ամբողջությամբ չի տրամադրել իր կողմից նկարահանված տեսանյութը, որից պարզ կլիներ, թե վարորդին ինչպե՞ս են բերման ենթարկել, քանի՞ րոպե է տեւել, Ալեք Ենիգոմշյանը ինչքա՞ն ժամանակ է մնացել փողոցի բանուկ հատվածում. «Ալեք Ենիգոմշյանը ոչինչ չի ստել, եւ նրան թողել են միայնակ, անօգնական փողոցի բանուկ հատվածում, դա ապացուցում է ոստիկանության տեսանյութը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ