Այս պահին ԱԺ-ում քննարկվում է «Շրջանառության հարկի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության նախագիծը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին հարցրեց՝ «Նշեցիք, որ անհարկի ստուգումներ չեք անելու: Ի՞նչ է նշանակում անհարկի: Դուք, ասելով, որ անհարկի ստուգումներ չեք անելու, հաստատում եք, որ մինչեւ այդ արել եք անհարկի, անտեղի ստուգումներ: Դա ոչ իրավաբանական ձեւակերպում է օրենքում՝ չանցկացվեն անհարկի ստուգումներ»:
Հետո նա տեղեկացրեց, թե «Արդեն սկսել են փակվել ՓՄՁ-ներ, երբ սկսվի օրենքը համատարած կիրառվել, էլի են փակվելու: Եթե ձեր ծրագիրը ձախողվի ու 500 ՓՄՁ փակվի, դուք հրաժարական կտա՞ք, կընդունե՞ք ձեր ձախողումը: Չնայած այդ դեպքում 500 ընտանիք սոված կմնան»:
Վախթանգ Միրումյանը պատասխանեց. «Մենք չենք ասում, որ անհարկի ստուգումներ են անցկացվել: Ինձ համար առնվազն տարօրինակ է, որ արդեն սկսել են փակվել ՓՄՁ-ները, որովհետեւ 3 տոկոսի փոխարեն 1 տոկոսի հարկ վճարողները ինչո՞ւ պետք է փակվեն, եթե չենք կիրառում դեռ փաստաթղթաշրջանառությունը, պատասխանատվությունը: Առաջին անգամ եմ լսում, որ սկսել են փակվել: Ինչ վերաբերում է հրաժարականին, այդ հարցին ֆինանսների նախարարը սպառիչ պատասխան տվել է»:
Կարդացեք նաև
Արամ Մանուկյանն արձագանքեց. «Այո սպառիչ պատասխան տվել է, որ հրաժարական չի տա: Դե հիմա ինքն էլ է պրոյեկտի տեր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ