Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի ամփոփիչ համերգը կկայանա վաղը

Հոկտեմբեր 23,2014 17:41

Վաղը՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 19-ին կամփոփվի Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը՝ համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ կունենան մակեդոնացի դաշնակահար Սիմոն Տրպչեսկին և բրազիլացի կիթառահար Ֆաբիո Զանոնը: Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 24-ն ընթացող ամենամյա փառատոնի ծրագիրն այս տարի ներառեց 9 համերգ, որի ընթացքում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես եկան այնպիսի անուններ, ինչպիսիք են դաշնակահար Ֆրանսուա-Ֆեդերիկ Գինը, ջութակահար Բորիս Բրովցինը և այլք:

Փառատոնի շրջանակներում վարպետության դասեր ունեցան նաև Էշլի Վոսը, Բորիս Բրովցինը, Ալեքսանդր Չաուշյանը, Վահրամ Սարաջյանը: Այսօր վարպետության դաս կունենա մակեդոնացի դաշնակահար Սիմոն Տրպչեսկին, բայց մինչ դասընթացի սկսելը դաշնակահարը բրազիլացի աշխարհահռչակ կիթառիստ Ֆաբիո Զանոնի հետ միասին հանդիպում ունեցավ լրագրողների հետ՝ պատմելու վաղը կայանալիք ամփոփիչ համերգի մասին ու կիսվելու հայաստանյան տպավորություններով:

Հանդիպմանը պետք է նաև գտնվեր դիրիժոր, փառատոնի գեղարվեստական ղեկավար էդուարդ Թոփչյանը, սակայն կազմակերպիչները տեղեկացրին, որ դիրիժորն այս պահին վատառողջ է, բայց վստահեցրին, որ վաղը կայանալիք համերգին նա անպայման կմասնակցի:

Դաշնակահար Սիմոն Տրպչեսկին հասցրել է շատ սիրել Հայաստանը. «Ինձ շատ հաճելի է արդեն երկրորդ անգամ գտնվել այստեղ: Շատերը հաճախ նույնիսկ կարծում են, թե ես հայ եմ. երկու տարի առաջ, երբ հյուրընկալվել էի Հայաստանում, ՀՀ կրթության և գիտության նախարարը կատակելով նկատեց, որ ես հաստատ հայկական արմատներ ունեմ:
Ես մեծ սիրով եմ վերաբերվում Հայաստանին, քանի որ այստեղ մարդիկ շատ բարի սիրտ ունեն՝ մակեդոնացիներիս նման: Տպավորությունը, որը ես ստացա այստեղ, ցնցող է. այն, ինչ ցուցադրեցին ՀՊՖՆ-ի երաժիշտները դիրիժորի հետ միասին, ապացուցում է, որ Հայաստանում երաժշտական բարձր մակարդակ կա: Երաժիշտները հոգով ու սիրով են նվագում, իսկ դա ամենակարևորն է: Համերգի գլխավոր փորձն անցել է շատ լավ, ես հուսով եմ, որ վաղը մաեստրոն իրեն շատ ավելի լավ կզգա ու մենք դրական լիցքերով գեղեցիկ համերգ կունենանք: Երկու տարի առաջվանից մինչ այսօր ես շատ լավ եմ հիշում հանդիսատեսի ջերմությունն ու սերը երաժշտության նկատմամբ, որը նրանք ցույց տվեցին համերգի ընթացքում»:

Կիթառահար Ֆաբիո Զանոնը նկատեց, որ ցավոք, հայաստանյան կոմպոզիտորների մոտ չի նկատել ստեղծագործություններ, որոնք գրված կլինեն հատուկ կիթառի համար. «Ես իրոք կուզեի հայկական երաժշտության մասին ավելի շատ բան իմանալ: Աշխարհահռչակ հայ կոմպոզիտորների ես գիտեմ, բայց դեռևս չեմ տեսել որևէ ստեղծագործություն, որը գրված կլինի դասական կիթառի համար, այդ իսկ պատճառով ցավում եմ, բայց հայկական ոչ մի ստեղծագործություն չեմ կարողանա կատարել»,-նշեց կիթառահարը:

Սյունե Սևադա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. (Կիթառահար Ֆաբիո Զանոնը նկատեց, որ ցավոք, հայաստանյան կոմպոզիտորների մոտ չի նկատել ստեղծագործություններ, որոնք գրված կլինեն հատուկ կիթառի համար):

    Խնդրեմ հայտնեցեք կիթառահար ,հարգարժան Ֆաբիո Զանոնին որ ես մենանվագ կիթառի համար «Մտորումներ»վերնագրով պիես ունեմ(Հակոբ Գոլանյանի խնդրանքով գրված):Պատրաստ եմ եւ ուրախ կլինեմ փոխանցել նրան հրատարակված նոտաները(կան նաեւ գրադարաններում՝ Կոնս.Երաժշտագիտական,Ազգային,եւ ԿՄ):ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031