Քիչ առաջ ԱԺ-ում քվեարկության դրվեց եւ 96 կողմ, 5 դեմ, 2 ձեռնպահ արդյունքներով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությանը հարկային արտոնություններ տալու մասին» կառավարության բերած օրենսդրական փաթեթը:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց իրենց խմբակցության որոշումը, որ իրենք կողմ են քվեարկելու փաթեթին՝ պայմանով, որ իրենց առաջարկությունները հաշվի առնեն, փաթեթից առանձնացվեն Պետտուրքի մասին օրենքի փոփոխությունները, որովհետեւ նույն նախաձեռնությամբ ԲՀԿ-ն հանդես է եկել եւ քառօրյայում պետք է քննարկվի:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ իրենք նույնպես նախագծին կողմ կքվեարկեն՝ վերապահումով. «Ընթացքում պետք է աշխատենք, որովհետեւ մեզ համար մտահոգիչ է տարանջատել նաեւ, թե որոնք են սահմանապահ եւ սահմանամերձ համայնքները, որքան են լինելու»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ հայտարարեց, որ կառավարությունը օրենսդրության տակ այլ գաղափարախոսություն է դրել. «Մենք ակնկալում էինք, որ պետք է մեր կողմից ներկայացվեր, հետո նոր քննարկվեր: Ցավոք, այդ բովանդակությունը, գաղափարախոսությունը այսօր, ըստ էության, տեղ չի գտել այս փաթեթում արհեստական է փաթեթ ձեւավորվել, որովհետեւ բերված օրենքների մեծ մասը կապ չունեն հիմնական մեր մոտեցումների հետ: Մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին»:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոստացավ, որ խմբակցությունների առաջարկությունները կքննարկվեն առաջիկայում, իսկ դրանք մասամբ են կապված այս օրինագծի հետ:
Ուշագրավ էր, որ եռյակն այս հարցում միասնական դիրքորոշում չուներ եւ միասնական չգործեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ