Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավատալու բա՞ն է` Լևոնն ու Րաֆֆին միանան, որ Ծառուկյանին նախագահ դարձնեն»

Հոկտեմբեր 23,2014 17:38

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու հիմնադիր հանրապետականներից մեկը` ՀՀԿ Գյումրի 3-րդ շրջանային կազմակերպության նախագահ, Շիրակի նախկին փոխմարզպետ Բորիս Ալեքսանովը կարծիք հայտնեց, որ եռյակից յուրաքանչյուրը պայքար է մղում միայն նախագահի աթոռին տիրանալու համար:

«Նախագահի աթոռը մեկն է, տիրանալու ցանկություն ունեցողներն անթիվ ու անհամար: Եթե իրենց նպատակը երկրում բարեփոխումներ անելն է, բարեփոխումները նման ձևով չեն անում, թող նստեն կլոր սեղանների շուրջ, քննարկումներ անցկացնեն…Ինձ համար իրոք զարմանալի է այս երեք ուժերի միասնական գործելը, երեքի լիդերներն էլ առանձին-առանձին մի նպատակ ունեն. դառնալ նախագահ: Ենթադրենք՝ արտահերթ ընտրությունների հասնեն, ասենք թե՝ ստացվեց, թեև բացառում եմ, դա կլինի Հայաստանի վախճանը, կործանումը. արյունալի պատերազմ կսկսվի այս երեքի մեջ, որովհետև չեն կարողանա աթոռը բաժանել:

Ասեմ, որ այդպես էլ չեմ հասկանում հանրահավաքների նպատակը, ճիշտ է` եթե այդքան մարդ հավաքվում է, դժգոհ են, ուրեմն մենք` իշխանություններս, մտածելու առիթ ունենք, երկրում իրոք բարեփոխումների կարիք կա, բայց չեմ կարծում, որ հանրահավաքներով պիտի լուծվեն այս խնդիրները: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հանրահավաքներ էր անցկացնում, ավելի շատ մարդիկ էին հավաքվում, վերջում ի՞նչ եղավ. կամաց-կամաց մարեց էդ շարժումը:

Անկեղծ ասած, երբ քառյակը ձևավորվեց ու ինձանից կարծիք հարցրեցին հրաշալի քառյակի մասին, ես առաջին վայրկյանից ասի` քառյակը հրաշալի չէ և շուտով կքայքայվի: Երբ նման կարծիք էի հնչեցնում, մտածում էի, որ ՀԱԿ-ը`նախկին ՀՀՇ-ն, ու Դաշնակցությունը չեն կարող մի տեղ լինել.Դաշնակցությունը երևի թե չէր մոռանա այն սև օրերը, որ ՀՀՇ-ն ընկավ հետևից, բոլորին բանտարկեց…Տեսաք, այդպես էլ եղավ, քառյակը քայքայվեց` դարձավ եռյակ: Հիմա էլ նույնն եմ պնդում, հեչ չեմ պատկերացնում եռյակում ով ում համար ինչ ձևով պիտի աշխատի, Ծառուկյանն ու Րաֆֆին պիտի միանան, որ Լևոնին նախագահ դարձնե՞ն, կամ, ասենք, Րաֆֆին ու Լևոնը` Ծառուկյանի՞ն, բա դա պատկերացնելու կամ հավատալու բա՞ն է: Դա բացառվող է, իհարկե, ժողովուրդը դժգոհ է, գնում է հանրահավաքների, բայց մի քիչ էլ պիտի տրամաբանի, բա սրանք համատեղելի քաղաքական ուժե՞ր են…Կարծում եմ՝ մեր ժողովուրդը բոլորին լավ գիտի, նրանք եղել են իշխանության մեջ, գործ անող որ լինեին, հենց այդ ժամանակ կանեին:

Իսկ Ծառուկյանի մասին գնահատական հնչեցնելիս պիտի ազնիվ լինենք ու ասենք, որ այս մարդը ոչ մի բանի կարիք չունի, սկզբում կոալիցիայի մեջ էր, հետո իրեն այլընտրանք հռչակեց, հիմա էլ եկել է, թե ես ընդդիմություն եմ: Ինձ զարմացրեց նրա հայտարարությունը, որ իր մտքում նախագահի 3-4 թեկնածու կա, բայց եթե ժողովուրդը իր պահանջը զգա, ինքը կառաջադրվի: Նա միանգամից անցավ նախընտրական քարոզարշավի: Քանի՞ կուսակցություն ունի Հայաստանը, պատկերացրեք ամեն մի կուսակցության լիդեր իր մտքում 3 հոգու ի նկատի ունենա, մեր հալը ինչ կլինի՞…Ես ասել եմ` պարոն Ծառուկյանը լավ գործարար է, բայց քաղաքականության մեջ շատ դժվար է նրան բնութագրել… »:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031