Այսօր Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը լրագրողներին ներկայացրեց ընթացիկ տարվա 9 ամսվա ընթացքում Կապանում կրթության, քաղաքաշինության եւ մյուս այլ ոլորտներում կատարված աշխատանքները, խոսեց ընթացքի մեջ գտնվող աշխատանքների մասին եւ պատասխանեց լրագրողների հարցերին:
Այս տարվա ընթացքում ՀՀ պետբյուջեի միջոցներով` 30 մլն դրամով, ասֆալտապատվել է Կապանի ծայրամասային Բարաբաթում թաղամաս տանող ճանապարհը, դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ գազաֆիկացվել է Վաչագան թաղամասը, որի համար ծախսվել է 10 մլն դրամ, Ասիական զարգացման բանկի միջոցներով` 2 472 000 000 դրամով, խմելու ջրի ցանցի բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Կապանում, վերանորոգվել են տանիքներ, վերելակներ եւ այլն:
Նշված ժամանակահատվածում 11 քաղաքացի վարչական պատասխանատվության է ենթարկվել, վճարված տուգանքների արդյունքում համայնքային բյուջե է մուտքագրվել 2 018 740 դրամ: 8 հոգի վարչական պատասխանատվության են ենթարկվել (2 000 000 դրամ) ինքնակամ շինարարություն իրականացնելու համար, 2 հոգի էլ անասուններն առանց հսկողության թողնելու համար 10 հազար դրամ տուգանք են վճարել, մեկ հոգի նախազգուշացվել է եւ այլն:
Քաղաքապետի խոսքով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անցած 9 ամսվա ընթացքում եկամուտների հավաքագրման առումով աճ է գրանցվել: «2014թ.-ի հաշվետու ժամանակաշրջանում հավաքագրվել է 729 630,6 հազար դրամ կամ նախատեսվածի 93,3 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 5.6 տոկոս: Սեփական եկամուտները հավաքագրվել են 79.8 տոկոսով: Շուրջ 19,6 տոկոսով հարկերի ու տուրքերի հավաքման մակարդակը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը», – նշեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:
Կարդացեք նաև
Մինչեւ օրս քաղաքացիներից 1223 դիմում է ստացվել:
Քաղաքացիների ընդունելության օրերին Կապանի քաղաքապետին դիմել են տարբեր հարցերով` այդ թվում նաեւ աշխատանքի տեղավորման խնդրանքով: Աշոտ Հայրապետյանի խոսքով` իրեն դիմած քաղաքացիների շրջանում տարբեր մասնագիտության տեր մարդիկ են եղել, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտածների շրջանում մեծ թիվ են կազմում ճարտարագետները, սակայն բոլոր դիմողներին աշխատանքի տեղավորել չի հաջողվում:
Իրականացված աշխատանքներին զուգահեռ` Կապանում բազմաթիվ խնդիրներ դեռեւս շարունակում են չլուծված մնալ, որոնք, ըստ Աշոտ Հայրապետյանի, չեն լուծվում անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ