«Գովազդի լեզուն լեփ-լեցուն է գրական լեզվի դեմ մեղանչումներով, ականջ ծակող շեշտադրությամբ եւ հնչերանգով»,- այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «Անալիտիկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԵՊՀ դասախոս Նարինե Ներսիսյանը:
Նա նշեց, որ գովազդներում հաճախ հանդիպում են նյարդ սղոցող արտասանության, բառագործածության, շարադասության, խնդրառության եւ համաձայնության սխալներ. «Անհատական գազի կաթսաներ – գազի անհատական կաթսաներ, բուրավետ աղբի փաթեթներ-աղբի բուրավետ փաթեթներ, բուժիչ սեղանի հանքային ջուր – սեղանի բուժիչ հանքային ջուր: Կամ՝ միակ ատամի մածուկը Հայաստանում, այսինքն՝ մյուս ատամներին չի՞ վերաբերում, կամ՝ կազմակերպությունը ջնարակված պանրիկներ է հրամցնում մատաղ սերունդին, ջնարակված նշանակում է քիմիական նյութ, որով կարելի է պատել, օրինակ՝ կավի ամանները, բայց փաստորեն ջնարակված պանրիկներով ապագա սերունդ են աճեցնում ու մեծացնում»:
Տիկին Ներսիսյանն անդրադարձավ նաեւ «էլիտար» բառին՝ նշելով, որ այն իր իմաստից շատ է հեռացել. «Էլիտար խորոված, էլիտար ուտեստներ, էլիտար հանքային ջուր: Չգիտես՝ ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ որեւէ գյուղի՝ քարի տակից բխող ջուրը էլիտար է, ոչ մի բացատրություն չկա: Եվ փոխվել են նաեւ էլիտարի մասին մեր պատկերացումները: Եթե անցած դարում էլիտար էր Թումանյանը, այսօր էլիտար է խորովածը կամ զուգարանակոնքը, եւ էլիտար ուտեստը միայն էլիտար մարդկանց համար է նախատեսված»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ