ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի փոխարեն՝ Հայաստանում վաղաժամկետ պայմանական ազատման համակարգում առկա խնդիրներն ու լուծման հնարավոր ուղիներն անվանումով աշխատաժողովին այսօր մասնակցում էր ԱՆ մեկ այլ ներկայացուցիչ՝ Նորայր Բալայանը:
Աշխատաժողովը կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը՝ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, Եվրոպական միության եւ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության աջակցությամբ:
Քննարկմանը մասնակցում էին իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանությունից, ՔԿՀ այլընտրանքային պատիժների բաժնի աշխատակիցները:
Ըստ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Դանիելյանի, պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի թերությունները հանգեցրել են մի շարք այլ խնդիրների: Մասնավորապես, գերբնակեցվել են քրեակատարողական հիմնարկները, գործող համակարգը թույլ չի տալիս կատարել կրկնահանցագործության ռիսկի գնահատում. «հանցագործություն կատարած անձանց վերականգնողական ծրագրեր չեն առաջարկվում»:
Կարդացեք նաև
Հանցագործությանը հետեւում է կրկին մեկ այլ հանցագործություն:
Հասարակական կազմակերպությունից հանդես եկած Տաթեւիկ Ղարիբյանն ասաց, որ դատապարտյալների դիմումները, որոնք մերժվում են, հիմնականում Անկախ հանձնաժողովի, վարչական հանձնաժողովի կողմից, պատճառաբանված չեն, չեն կարող բողոքարկվել:
Ըստ նրա. «Ենթահանձնաժողովները չեն հանդիպում հաճախ դատապարտյալների հետ», ինչին առարկեց ներկա գտնվողներից մեկը, բացառելով, թե կարող է նման բան լինել, քանի որ, ըստ առարկողի, եթե կա հասցեատեր, պետք է պատասխանատվություն նա կրի:
Տաթեւիկ Ղարիբյանը ներկայացրեց միջնորդագրերի դինամիկան. մասնավորապես, 2006-ին 87 տոկոս է կազմել միջնորդագրերը, իսկ 2013թ-ին՝ 13: Միջնորդությունների թիվը նվազել է:
ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչի կարծիքով, տարիներ շարունակ իրենք աշխատում են դատապարտյալների հետ, իրենց չեն հավատում, փոխարենը հավատում են մեկին՝ մտավորականին, որն առաջին անգամ է մտնում հիմնարկ:
Իսկ «Իրավունքի պաշտպանություն» կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանի դիտարկմամբ, քրեակատարողական հիմնարկը վաղաժամկետի համար քիչ է ներկայացնում, քանի որ գիտի, որ այդքան է ազատելու չափը:
Ոստիկանության ներկայացուցիչ պարոն Սմբատյանի կարծիքով, նպատակային կլինի, որ վաղաժամկետ պայմանական ազատման ժամանակ ներկայացվի զբաղմունքը, ինչով պետք է զբաղվի դատապարտյալը, ընտանիքի հետ է, թե ոչ, աշխատանքը:
Հնչեցին կարծիքներ Անկախ հանձնաժողովի ինքնալուծարման մասին, երկաստիճան՝ վարչական հանձնաժողով-դատարան վաղաժամկետի հարցը լուծելու մասին, պրոբացիոն ծառայության գործունեության, նաեւ դատարաններին վերահսկողական գործառույթ դատապարտյալների նկատմամբ պատժի կիրառման համար կիրառելու համար:
«Եկեք՝ երկարացնենք ՔԿՀ-ների լեզուն», -ասաց ՔԿՀ աշխատակիցներից մեկը, որը նաեւ հայտնեց, որ այլընտրանքային բաժինը չունի հոգեբան եւ սոցիալական ծառայող, իսկ հոգեբանն էլ պետք չէ, որ այլ ոլորտի մասնագետ լինի:
Ըստ ՔԿՀ այլընտրանքային պատիժների կրման բաժնի աշխատակից Լեւոն Ավետիսյանի, իրենք տարիներով դատարաններից չեն ստացել որոշումներ, վաղաժամկետ ազատվողի համար. «ինչ-որ պայմաններ» դնելու մասին:
Նրա կարծիքով՝ պարտավորություններ պետք է դրվեն դատավորների վրա, թե ինչ հսկողական միջոցներ կիրառի հանցագործություն կատարած անձի նկատմամբ. մասնավորապես, թմրամիջոց օգտագործողին ասի՝ պիտի բուժվես թմրամոլությունից: «Մենք գործ ունենք հանցագործների հետ», -ասաց նա:
Ըստ նրա, եթե հավատում ենք դատապարտյալին, ապա պետք է հավատալ նաեւ քրեակատարողական հիմնարկի աշխատակցին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ