Լրահոս
Օրվա լրահոսը

Հարց նախարարին` «Դուք գիտե՞ք, որ հղիներին սթրեսի ենթարկել չի կարելի» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2014 17:01

Այսօր կառավարության նիստից հետո աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին ներկայացրեց մայրության նպաստի մասին  նախագիծը:

Նախարարն անդրադառնալով օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությանն, ասաց, որ վերջին 4 տարիների ընթացքում ժամանակավոր անաշխատունակության՝ բյուլետենների եւ հղիության եւ ծննդաբերության նպաստին ուղղվող ծախսերն ավելացել են 3 անգամ, եւ 4,5 միլիարդից աճել է, այս տարվա համար պետբյուջեով նախատեսվում էր, որ տարին կամփոփվի 12.5 միլիարդով: Ըստ նախարարի, ծախսերն ավելացել են, բայց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նպաստառուների 20%-ը աշխատանքի են ընդունվել դեկրետ գնալուց, ասենք, 2 ամիս առաջ, ընդ որում՝ բարձր աշխատավարձ են ստացել, ըստ այդմ էլ բարձր նպաստներ:

Բացի այս, բյուլետեների մասով էլ, ինչպես նախկինում Վերահսկիչ պալատն էլ բացահայտել էր, կրկին անարդյունավետ ծախսեր են եղել, որոնք կասկածելի են թվացել: Օրինակ, ինչպես նախարարն ասաց` փաստեր կան, որ հիվանդանում են բարձր աշխատավարձ ստացողները, ստացվում է, որ չաշխատողն ավելի շատ եկամուտ է ստանում, քան աշխատող մարդը, ու ծախսերն, որոնք նախատեսված են, չեն բավականացնում:

Ինչ վերաբերում է աշխատող հղիներին տրվող նպաստներին, Արտեմ Ասատրյանն ասաց, կրկին ուսումնասիրությունները ցույց են տվել, այս մասով էլ ծախսերն ավելացել են, բայց ծնունդների մեծ աճ չի գրանցվել. «Ես վստահ եմ, կառավարությունը մեծ հաճույքով ծախսերը կավելացներ եթե, իրոք ծնունդների աճ լիներ: Այսինքն` մենք պետք է ծախսերը նպատակային եւ արդյունավետ անենք: Սրանք դեռ առաջարկություններ են, մենք շարունակելու ենք քննարկումները շահագրգիռ կողմերի հետ եւ արդարացի ու ընդունելի տարբերակ ընդունենք»:

Պարոն նախարարն ասաց, որ 100%-ով փոխհատուցում աշխատող հղիների նպաստի համար որեւէ երկրում չկա, ուստի ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը՝ հաշվի են առնվել նախագծում ներկայացվող առաջարկությունները:

«Դուք գիտե՞ք, որ հղիներին սթրեսի ենթարկել չի կարելի»,- Aravot.am-ի այս հարցին պարոն Ասատրյանն ասաց` «Այո, միանշանակ»: «Բայց հիմա, այս նախագծի պատճառով բազմաթիվ հղիներ նյարդայնանում են, սթրեսի մեջ են»,-Aravot.am-ի այս հարցի պարոն նախարարի պատասխանը` տեսանյութում

Երեկ Aravot.am-ն «Վաղն Արտեմ Ասատրյանն ո՞ր մուտքից դուրս կգա» հրապարակման մեջ նախարարին հարց էինք ուղղել` մտահոգություն չունե՞ք, որ աշխատող հղիների նպաստը կրճատելով բողոքի ալիք կբարձրանա, պարոն նախարարը վստահեցրել էր  որ հասարակության մեծ մասը դրական կարձագանքի, բայց մի քանի դժգոհողներ կլինեն: Նույն նյութում նաեւ կասկած էինք հայտնել, որ այսօր կառավարության նիստից հետո պարոն Ասատրյանը գլխավոր մուտքից դուրս չի գա, քանի որ նրան կդիմավորի ցուցարարների բանակը: Այսօր կառավարության շենքի մոտ ցույց էր, պարոն Ասատրյանից հետաքրքրվեցինք` չի՞ պատրաստվում դուրս գալ գլխավոր մուտքով ու զրուցել ակցիայի մասնակիցների հետ: Նախարարը վստահեցրեց, որ երեկ հանդիպել է հղիների հետ:

Նախարարն այսօր կառավարության շենքից դուրս եկավ ետնամուտքով:

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող ակտիվ որոշ հղիներից հետաքրքրվեցինք` երեկ նախարարի հետ հանդիպում ունեցե՞լ են, թե` ոչ: Մեզ հետ զրուցածները վստահեցրին, որ իրենք տեղյակ էլ չեն այդ հանդիպումից:

Նախարարության մամուլի ծառայության պատասխանատուն մեզ վստահեցրեց, որ բողոքի ակցիա անողներից մի քանի ակտիվիստների է մոտեցել եւ հրավիրել երկուշաբթի կրկին հանդիպել ու քննարկել խնդիրը նախարարի հետ. «Նրանք հրաժարվեցի, ասացին մենք ԱԺ լսումներին կմասնակցենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031