Այսօր կառավարության առաջ ոչ միայն մայրիկներն էին բողոքի ակցիա անում, այլեւ փոքրիկները: Աշխատող հղի կանայք ու ի պաշտպանություն նրանց հանդես եկող այլ քաղաքացիներ կառավարությունից պահանջում էին վերանայել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը, որով նախատեսվում է կրճատել աշխատող հղի կանանց տրվող նպաստները` փոխարենն այդ գումարներն ուղղելով չաշխատող հղիներին:
«Ով հղիանա, ով բյուջե լցնի», «Կառավարությունը ծննդաբերում է մեռելածին օրինագծեր», «Ո՞ւր է ձեր ասած սոցիալական պետությունը» պաստառներով ակցիայի մասնակիցները վանկարկում էին` «ամո~թ, ամո~թ» վարչապետին կոչ անելով բյուջեն լցնելու համար ոչ թե հղի կանանց գրպանը մտնել, այլեւ այլ աղբյուրներից օգտվել: Նրանք կառավարության պատասխանատուներին ցույց տվեցին այն գումարների տեղը, որտեղից կարող են վճարել չաշխատող հղիներին:
Կարդացեք նաև
Ըստ ակցիայի կազմակերպիչների, ակցիզային հարկից կամ շրջանառության մեջ դրված, սակայն օրենքի ուժ այդպես էլ չստացած «Շքեղության հարկ»-ից պետք է վճարել չաշխատող հղիներին:
Քաղաքացի Հասմիկ Բաբայանի խոսքերով. «Շատ վրդովված եմ այդ որոշում կայացնողների տրամաբանության վրա: Կինը երբ չի ծննդաբերել նա մեկ անձ է, ծախսերը մեկի համար են, երբ ծննդաբերում է դառնում են երկու անձ, ծախսերը շատանում են, ի՞նչ է նոր ծնվող երեխան որեւէ կարիք չունի՞, ի՞նչ միջոցներով պետք է պահի երեխային, փոխանակ քաջալերեն, ավելացնեն այդ գումարները` կրճատում են: Եթե այդ որոշում կայացնող պաշտոնյաներն իրենց գրպաններից մի փոքր գումար ներդնեն կառավարությունը կարող է վճարել նաեւ չաշխատող հղի կանանց: Իրենք պատճառաբանում են, որ ցանկանում են օգնել չաշխատող հղիներին, շատ լավ ցանկություն է: Թող բոլոր պաշտոնյաները, բոլոր պատգամավորները, այսպես կոչված ունեւորները, թող իրենց եկամտի որոշ տոկոսը ներդնեն եւ օգնեն չաշխատող հղիներին, շատ մարդասիրական քայլ կլինի, մենք չենք նեղանա»:
Երեք երեխաների մայր Սյուզաննա Ակրիտովան էլ, որն իր մեկ ու կես տարեկան փոքրիկի հետ էր մասնակցում բողոքի ակցիային ասաց. «Մեր երկրում հիմնական աշխատուժը մնացել են կանայք, իրենք փորձում են այդ բանակը կանանց, որոնք աշխատում են եւ վճարում են հարկեր, անընդհատ աշխատեցնելով իրենց բյուջեի բացերը լցնել ու նաեւ դեմոգրաֆիկ հարց են լուծում, այսինքն` աշխատող կանայք կաշխատեն, պետբյուջեն կլցնեն, իսկ իրենք կխթանեն, որ գումար ստանալու ակնկալիքով չաշխատող կանայք երեխա ունենան»:
Ըստ մեր զրուցակցի՝ այս օրենքում փոփոխությունը նախեւառաջ սահմանադրական իրավունքների խախտումով է իրականացվում. «Աշխատողները համապատասխան հարկեր են վճարում, որից պետբյուջեում ձեւավորվում են համապատասխան սոցֆոնդեր, որից վճարվում է նպաստներ, այն սուրբ գործի համար, որը կինն աշխատելով իրականացնում է նաեւ իր առաջին կոչումը` մայրությունը: Նշված օրենքի առաջին խայտառակ նախագիծը եղել է 2010 թվականին, ապագա մայրերի, բողոքների արդյունքում վեց ամիս հետո փոփոխվեց: Ներկա նախագծում մի շարք սահմանափակումներ կան աշխատող մայրերի համար: Մեզ մոտ սահմանադրությունը սահմանում է, որ յուրաքանչյուր կին մայրության համար ունի վճարովի աշխատանքի իրավունք, այսինքն` արձակուրդը դա աշխատավարձի չափով վճարվող գումարն է, որը աշխատող կինը պետք է ստանա, տվյալ դեպքում սահմանափակվում է այդ գումարի չափը»:
Ակցիայի մասնակիցներին, ինչպես միշտ կառավարությունից լսելու դուրս եկավ նամակների բաժնի ղեկավարը` Ալեքսանդր Ղազարյանը` խոստանալով քաղաքացիների դժգոհությունները տեղ հասցնել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ