Լրահոս
Օրվա լրահոսը

Սինդր Կոն

Հոկտեմբեր 23,2014 20:46

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Աշխարհում կա Սյեռա Նեւադա լեռնաշղթա՝ ձյունածածկ գագաթներով եւ այդ լեռնաշղթայի հարավակողմում Լասեն արգելանոց, ընդ որում՝ այնքան գեղեցիկ, որ թվում է, թե Բնության Աստվածն ապրել եւ գուցե հիմա էլ ապրում է այնտեղ։ Եթե ոչ ինքը, ապա ուրիշ ո՞վ կարող էր այդպես հրաշագործել նրա տիրույթները՝ ընդհուպ մոտեցնելով դրախտին։ Լասենը ծառի, ծաղկի, լեռների ու հովիտների, գետերի ու աղբյուրների ազնվածոր Հայրենիք է, իր նախակերտ մաքրությամբ այնքան վեհաշուք ու կատարյալ, որ բառն ընկճվում, բառը դժվարանում է փոխադրել այդ աշխարհը բառապատկերների մեջ, որովհետեւ Լասենի հողը որքան հողեղեն, շատ ավելի ոգեղեն է, որովհետեւ Լասենի ծաղկի մեջ ծաղիկն ավելի շատ է, գույնի մեջ գույնը, բույրի մեջ բույրը, եւ, երեւի թե, ոչ թե գինի, այլ՝ բույր է խմել եւ բույրերով է արբել Բնության Աստվածն իր Լասենում։
Լասեն. Արեգունի հովիտներ, արեգունի ծաղկադաշտեր– ինչպիսի՜ նախշեր, ինչպիսի վառվռուն գույներ ասես, որ չէին կարող ընդօրինակել արեւելյան նշանավոր գորգագործները՝ լինելով այս արգելանոցում։

Լասեն. Շողշողուն կանաչ եւ ոսկեգույն կանաչ անտառների հեքիաթային հայրենիք։
Ինչպիսի՜ ծառեր ասես, որ չեն հանդիպում այստեղ՝ եղեւնիներ, սոճիներ, բուրանոճիներ, բրգաձեւ կաղամախիներ ու ծփնիներ… բազմատեսակ անծանոթ ծառեր։
Անհիշելի ժամանակներում այս արգելանոցի որովայնից դուրս են հորդել բազալտի շիկացած գետեր եւ դարձել բազալտե միակտոր քարափներ, բազալտե ընդարձակ սալադաշտեր, քարե կիկլոպներ ու քարի քարացած շատրվաններ։
Քարափների քարոտ փեշերից խլացնող խշշոցով ցած են իջնում չորս-հինգ գրկաչափ գետեր ու գետակներ։ Լեռնապարի վրա իշխող գորշաճերմակ ձիու նման սարից ցած են գահավիժում կաթնափրփուր ջրվեժներ եւ անհայտանում քարե դեզերի մեջ։
Նայում ես բազալտե սարադաշտերին: Մի բուռ հող չկա, բայց եղեւնիներն ու սոճիները զվարթ աճում են ապառաժ քարերի վրա եւ «մագլցելով» վեր բարձրանում ուղղաբերձ քարափների ժայռոտ երեսներին։

Լասենը երգող բնաշխարհ է: Երեւի թե աշխարհում թռչուն չկա, որ այստեղ չլինի։ Ես ճանաչում եմ հազիվ մի քանիսի: Կապույտ երաշտահավեր, կեռնեխներ, քարակտցարներ, արոսներ ու անտառաճայեր, ինձ հուզելու չափ հարազատ ծղրիդներ։ Ոսկեդեղին երկար կտուցով կարմրափետուր մի թռչուն վերվերիկի պես թռվռում էր մեր շուրջը, ձեւացնելով, թե ամեն անգամ պատահաբար է հանդիպում մեզ։ Երեւի թե սովորել էր զբոսաշրջիկներից «թեյավարձ» ստանալ եւ անհամբեր սպասում էր, որ այդ հասարակ բանը ի վերջո մենք էլ հասկանանք։

Պարզվում է, որ Լասենը միայն գեղեցկություն եւ հովվերգություն չէ: Ինչպես Երկիր մոլորակն է երկբեւեռ / ի՞նչ իմանաս՝ գուցեեւ Տիեզերքն էլ/, երկբեւեռ է նաեւ Լասեն արգելանոցը, որի մի կողմում, ինչպես ասացինք, եթե ապրում է բնության Աստվածը, ապա մյուս կողմում էլ… ես կարծում եմ արդեն կռահեցիք, հենց ինքը՝ Սատանան։ Ինչպես ցուլն է գազազում կարմիր գույնը տեսնելուց, այնպես էլ Սատանան, երբ տեսնում է աշխարհը ծաղկուն եւ երջանիկ։ Ուրեմն, հետեւություն՝ ըստ Սատանայի, այն, ինչ եղել է ու կա, այլեւս չի լինելու եւ այն, ինչ չէր կարող լինել՝ լինելու է անվերապահ– ամենուրեք եւ ամեն ինչում։ Ելնելով իր այդ իմաստաբանությունից՝ նա անմիջապես հոգացել է, որ իր բաժին տիրույթները կրեն իր գոյության առասպելին բնորոշ պատկերները։ Խորամանկության այդ հանճարն արել է այն, ինչը կարող էր անել միայն ինքը՝ սարքելով սանդղավոր ծուղակների մի գլուխկոտրուկ, կալանել է ամենազոր ժամանակը եւ շղթայել այնպես, որ Լասենի իր բեւեռը հայտնվի ժամանակազերծ գոյության ծանր ու կեղեքիչ լռության մեջ։ Սատանան նաեւ աշխատասեր է եւ թշնամի պարապ-սարապ նստելուն: Նա բառացիորեն խանձել-այրել է ծաղիկն ու կանաչը, չորացրել գետերը, առուներն ու աղբյուրները։ Նայել է հրաշագեղ անտառներին եւ քմծիծաղել՝ հերթը ձերն է: Անտառները փոխակերպել է անտերեւ, անճյուղ, քարացած ծառերի, այրված, սեւացած ցցերի, խեղված ծառաբներով գերեզմանոցների, իսկ համառորեն կենդանի մնացած ծառերը ծածկել է ուտիճներով եւ քարաքոսով, որ կարճ ժամանակ անց հյուծվեն եւ ծյուրվեն զառամախտից։ Ապա դարձել է թռչնաշխարհին: Կտրել է թռչունների լեզուները, որ դադարեն լուսաբացին օրհներգել կյանքը, որն արդեն չկար։ Բայց Սատանան չէր լինի Սատանա, եթե գոհանար այդքանով: Նա, աշխարհ խառնակող իր երկար ձեռքը մտցնելով նույնպես Լասեն կոչվող խոշորագույն հրաբխային լեռան տակ, երկրակեղեւից էլ ցած, երկրի որովայնում շիկացած հալոցքի ոչ թե լճեր, այլ բոցալեզու ծովեր է պատրաստում, որ մի օր նենգորեն բացի լեռան դարպասները եւ կրակով ծածկի ոչ միայն Լասենը, այլեւ… Կա գիտական կանխավարկած, որ գերհրաբուխն այդ արթնանալու դեպքում կարող է ոչնչացնել ամերիկյան աշխարհամասի կեսից ավելին, հրաբխի ավերիչ հարվածները կարող են հասնել ոչ միայն Եվրոպա, այլ՝ ընդհուպ մինչեւ Սանկտ Պետերբուրգ։

Լասեն լեռնագագաթը տեսնելը ինքնըստինքյան հետաքրքիր է ու գրավիչ, բայց ուշ ժամերին այնտեղ մարդ չես տեսնի, քանի-որ այցելուները, մութ ուժերի ներկայությունից դիվալլուկ, գերադասում են մինչեւ մայրամուտ հեռանալ այդտեղից։

Լասենը որքան էլ բարձր ու հանրահայտ, բայց արգելանոցի այցելուներին մագնիսի պես ձգում է իր չափերով շատ ավելի համեստ մի ուրիշ լեռ՝ էլ ավելի միստիկ եւ խորհրդավոր։ Սինդր Կոն… այդպես է կոչվում արտասովոր այդ լեռը, որը կարծես սգավոր կին լինի գլխից մինչեւ ոտքերը սեւ սքեմի մեջ, իսկ ավելի ճիշտ՝ ոնց որ դրսից ջնարակված աշխարհի ամենասեւ ձյութով։ Բայց իրականում սարը ծածկված է կես մետրից ավելի սեւ խարամի փոշով ու սեւ ավազով։ Երբ փորձում ես բարձրանալ սարնիվեր, ոտքդ մինչեւ ծունկը, դեռ մի քիչ էլ ավելի, խրվում է այդ սեւ ավազածածկույթի մեջ։ Այստեղ ձմռանը ձյուն է գալիս, գարնանը տեղում են հորդ անձրեւներ, աշնանը փչում են հյուսիսային եւ հարավային ուժեղ քամիներ, բայց, օ՜, զարմանք, Սինդր Կոնի ծածկույթից կարծես թե ոչ մի ավազահատիկ չի պակասում եւ չի էլ ավելանում։ Անձրեւներն ու քամիները, հենց ինքը նորին մեծություն Ժամանակը գուցե շրջանցո՞ւմ են այդ սարը, թե չէ ինչո՞ւ անհիշելի ժամանակներից մինչեւ հիմա Սինդր Կոնը չի փոխում իր տեսքը։ Հիրավի, շատ տարօրինակ այդ սարը, ակամայից մտածում ես, որ երեւի թե ամենահարմար տեղն է, որտեղ գիշերով հավաքվում են ալքերը, շվոտներն ու փոխակերպուկները եւ զվարթ ոստոստում Սատանայի խենթ ու խելառ սուլոցների տակ։

Կյանքը մրցակցության հրավեր է: Հաղթում են նրանք, ովքեր խիզախ են։ Այդպիսիք կային Լասենում եւ մտածում էին, թե ինչպես բարձրանալ սեւամութ լեռան գագաթը։ Սինդր Կոնի հյուսիս-արեւմտյան լանջին ինչ-որ բարակ, հազիվ նշմարելի ոտնահետքեր էին երեւում։ Ինձ թվաց՝ դրանք ոչ թե իրական ոտնահետքեր են, այլ սարն էր ներսից նշան անում, որ մարդիկ խիզախեն։ Մի քանի ձիգ եւ ամուր տղաներ, միմյանց գոտեպնդելով, սկսեցին վերելքը։ Ես էլ, հաշվի չառնելով տարիքս, ընկա նրանց ջրերին եւ, ոտքերս ծնկներիցս էլ վեր խրելով սեւափոշի-սեւ ավազի մեջ, հետեւեցի նրանց։ Բայց մի հիսուն մետր հազիվ բարձրանալուց հետո զգացի, որ ուժերս ցամաքում են եւ խոհեմաբար բռնեցի դարձի «ճամփան»: Ներքեւում մի քիչ հանգստանալուց հետո որոշեցի պտույտ տալ Սինդր Կոնի շուրջը եւ սարը նայել բոլոր կողմերից։ Սինդր Կոնը բոլոր կողմերից նույնն էր. ստորոտից մինչեւ գագաթը հավասարաչափ թեքությամբ սահադաշտի պես ողորկ սեւ-ավազածածկ լանջեր։ Բացառություն էր կազմում միայն հյուսիսային երեսը, որտեղ գագաթից մոտ երեքհարուր ոտնաչափ ներքեւ կար մատուռի նման ոչ մեծ մի խոռոչ, եւ, օ՜, զարմանք, այնտեղ նստած էին ջահել մի տղա եւ աղջիկ։ Այ քեզ առեղծված, բայց ինչպե՞ս, ինչպե՞ս են նրանք հայտնվել այնտեղ։ Ներքեւից բարձրանալ անհնար էր, վերեւից… ախր, հեշտությամբ կարող էին գլորվել ցած։ Գուցե … հորիզոնական թեքությամբ. դա էլ խելքի մոտ բան չէր։ էլ չեմ ասում, որ պիտի այնպիսի ճշգրտությամբ անցնեին այդ բավականաչափ երկար, սուր եւ տանջալից թեքությունը, որ ճիշտ եւ ճիշտ հայտնվեին մատուռ-խոռոչի դիմաց։ Ինչ որ է. նրանք հրաշքով հասել են այնտեղ։ Այժմ պետք էր մտածել իջնելու մասին։ Ներքին մի անհանգստություն պաշարեց ինձ: Ա՜յ քեզ խելապակասներ, ո՞վ էր ձեզ ուղարկում Սատանայի այդ դղյակը, բա հիմա ի՞նչ եք անելու…

«Սըր, ինչո՞ ես այդպես կորցրել գլուխդ,- ես լսեցի Լասենից եկող մի ձայն,- անհոգ մնա, այդ տղային եւ աղջկան ոչ մի վտանգ չի սպառնում: Բա Սե՞րը, աշխարհ փրկող Սե՞րը…»։
Սե՜րը, այո, Սե՜րը… Ես չգիտեմ դու ո՞վ ես, ո՜վ փրկարար ձայն, բայց ժամանակին օգնության եկար ինձ։ Այո, Սերը… Սերն Աստծո ամենամեծ արարչագործությունն է: Սիրտն է Սիրո տունը, սիրտն առանց Սիրո նույնն է, թե տունն առանց կրակի, նույնն է, թե աստղերն առանց լույսի, երկինքն առանց աստղերի։ Այդ տղան եւ աղջիկը գտնվում են ոչ թե Սեւ լեռան Սատանայի դղյակում, այլ Աստվածային Սիրո հավերժական տիրույթներում։ Ես էլ միամիտ-միամիտ դարդ էի անում, թե ինչպես են իջնելու։ Առանց հասկանալու, որ նրանք գուցե թե չեն էլ ուզում իջնել եւ իրենց Սերը տանել դեպի ճղճիմ կրքերի աշխարհը, դեպի ստով ու կեղծիքով շաղախված պալատները։

Ինչո՞ւ իջնեն, երբ դեռ չգիտես էլ, թե նրանք Երկրից եկած, թե Սիրո Աստղից իջած Առաքյալներ են։ Գուցե նրանք եկել են, որ Աստծո պսակը վրան իրենց Սիրով ջերմացնեն Սեւ լեռան սիրտը, որ Սինդր Կոնը վերջապես դեն շպրտի սեւ սքեմը եւ երկինք ձգվող իր մերկ լանջերը բացի Լասենի խաս կանաչի եւ ոսկեվառ ծաղկի համար։

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031