Ս.թ. հոկտեմբերի 25-ին Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կկազմակերպվի Արցախյան թթվի փառատոն:
Փառատոնի ավելի քան 50 տաղավարներում համտեսի և վաճառքի կներկայացվեն Դրախտիկի և Հադրութի շրջանի ևս 16 գյուղերի ավանդական թթվի հարուստ տեսականի, ինչպես նաև արցախյան խոհանոցի այլ ուտեստներ:
Փառատոնին կներկայացվեն նաև արցախյան մշակութային արժեքների, ավանդական արհեստների և կենցաղի ցուցադրություններ, ազգագրական պարեր: Ազգային նվագարաններով ու ժողովրդական երգ ու նվագով հանդես կգան Հադրութի «Դիզակ» համույթը, երաժիշտներ ու երգիչներ Ստեփանակերտից:
Միջոցառման նպատակը դարերից եկող ազգային ավանդույթները արժևորելն ու դրանք սերնդեսերունդ փոխանցելն է, ինչպես նաև բնության բարիքներից օգտվելու՝ հադրութցու բազմաշնորհ տաղանդը ներկայացնելը: Այն նաև մշակութային ժառանգության, մասնավորապես, ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող արցախյան խոհանոցի, ժողովրդական բանահյուսության, բարբառի և ենթաբարբառների պահպանման և հանրահռչակման նպատակ ունի:
«Արցախյան թթվի փառատոն»-ի կազմակերպիչներն են՝
Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը
Հադրութի շրջվարչակազմը
Փառատոնի մեկնարկը կտրվի ժամը 12:00-ին:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն