Լրահոս
Օրվա լրահոսը

Առեղծվածի կապույտ քառակուսին

Հոկտեմբեր 23,2014 15:28

ՊԱՏՐԻԿ ԱՐՏԵՄԻ

Ծովը, միայն ծովը… և ամեն ինչ ասված է։ Հորիզոնից- հորիզոն՝ ծով, մայրցամաքից -մայրցամաք՝ ծով, ծովի արքայություն, ծովի գալակտիկա։ Ամենուր եւ ամեն ինչ համեմատելի է, բայց ինչի՞ հետ համեմատես ծովի վեհությունն ու ծովի խորությունը, ծովի փոթորիկն ու ծովի ծովությունը։ Ով ծով չունի, ոչինչ չունի՝ ծովի կարոտից բացի։
Մալեւիչի «Սեւ քառակուսու» պես ծովն էլ առեղծվածի «կապույտ քառակուսին» է՝ ժամանակի արծաթե շրջանակի մեջ։ Այդ անդուլ և անքուն ծովը աշխարհ ցնցող իր տարերքի մեջ կրճատում եւ ընդալայնում է ծովի եւ ցամաքի սահմանները, կղզիներ ու արշիպելագներ է տանում ներս եւ դուրս հանում նորերը, հարդարում եւ ավերում է իր հին ու նոր ափերը, սրբագրում իր ափերին հանգրվանած մեծ ու փոքր քարափների ուրվագծերը։
Ինչպիսի՜ անհամար գանձեր, ջրասույզ նավերի ինչպիսի՜ հավաքածուներ, կործանված աշխարհամասերի ու քաղաքակրթությունների ինչպիսի՜ հետքեր ու հիշողություններ ասես, որ չի պահում ծովն իր կապույտ քառակուսու կապույտ գաղտնարաններում։
Նայիր ծովի «կապույտ քառակուսուց» ներս, եւ զարմանքից կկտրվի շունչդ նրա բազմաշերտ խորքերում եռացող կյանքի անսպառ ձեւերից։ Ոչ մի կասկած, որ կյանքի սկզբնանյութը, հենց ինքը՝ կյանքն արարվել է ծովում եւ հետո միայն գնացել դեպի ցամաք։
Ծովը, միայն ծովը… եւ ամեն ինչ ասված է։ Այնտեղ՝ ժամանակի կապույտ ափերում անդադար ծփում են կապույտ ծովերը, հարազատ ափերից դեպի անհայտ հեռուներ են լողում ճերմակ առագաստանավերը, ծովերի կապույտ հորիզոններից անդին վառ շողշողում են սիրո եւ հույսի կապույտ աստղերը։

Ծովը կանչում է… ծովը միշտ էլ կանչում է… Օ՜, երիտասարդ բարեկամ, եթե լսում ես ծովի կանչը, եթե ոսկեծուփ հարստության մեջ անգամ սիրտդ նեղվում է աղքատությունից, էլ մի սպասիր հրաշքի, դուրս արի հոգիդ մաշող «դեղին քառակուսու» դեղին տաղտուկից եւ գնա, գտիր քո ծովը…Ես՝ նախկին ծովայինս, ավա՜ղ, ծեր եմ արդեն եւ չեմ կարող գտնել հեռուներում թողած իմ ծովերը։ Բայց իմ բախտն այսօր բերել է՝ ես այսօր Խաղաղ օվկիանոսի եւ Ամերիկայի թիվ մեկ մայրուղու հյուրն եմ, մայրուղի, որն անընդհատ անցնելով խաղաղականի ափերով, ոլորվելով, ծալմլվելով, ճկվելով ու դզվելով, թռչելով ձորերի ու կիրճերի վրայով՝ Սան Ֆրանցիսկոյից ինձ տանում են դեպի Լոս Անջելես։
Ասում են՝ աշխարհում երկու բան կա, որ անվերջ կարող ես նայել, եւ առաջինը ծովն է։ Մեքենայի պատուհանից ես անթարթ նայում եմ օվկիանոսի ոսկեզօծ ափերին, նեղ ու լայն ծովածոցերին, ծովափնյա ուղղաբերձ լեռների կատարներին։ Ծովի ծովությունը, ծովի խոր շնչառությունը ինձ ձգում-տանում է իր խորունկ աշխարհը։ Եվ ես զգում եմ թարմ ծովաքամու, փափուկ ծփացող ջրերի եւ ծովախառն օդի համը, մինչն հատակը պարզ ջրերի մեջ կանգնած ծովափնյա քարափների ու դեղնավարդագույն ծովաբուստերի համը։
Ո՞վ չգիտի, որ ծովի հատակից մինչեւ մակերես խլխթում է կյանքը։ Նայի՛ր, եւ հիացի՛ր, նայի՛ր, եւ զարմացի՛ր…Ինչպե՞ս չնայես խելացի եւ մարդամոտ դելֆիններին, որոնք արնոտ ծովածոցի ջրերում իրենց զգում են ինչպես դրախտում։ Նրանց պտուտակաձև թռիչքներն ու խանդավառ ճախրը կապույտ ջրերի վրա նման է հրաշագեղ ծովահանդեսի։ Այդ զարմանահրաշ ծովաշխարհը, ո՞նց չնայես, թե ինչպես են փոկերն ու ծովակատուները սլանում ձկնապարսերի ու անձրուկների վտառների ետեւից, թե ինչպես են ծովացուլերը հարեմներով արեւկող անում ծովափնյա բազալտե սալերի վրա։ Ո՞նց չնայես, թե ինչպես են ջրակտցարները, խոյահարող կործանիչի պես, թեւերը կողերին սեղմած, սրընթաց սուզվում ծովի ալիքների մեջ եւ դուրս թռչում թպրտացող ձուկը կտուցին։ Ո՞նց չնայես, թե ինչպես են թեւերը ծովի ալիքներին քսելով, երկինք բարձրանում ծովարծիվները, ծովորորներն ու ճայերը։ Ծովափնյա ջրերից մեզ նայող մարդակերպ– կենդանակերպ վիմաձոնձերը, քարակերտ բարձր ձողաջահերը, հուլունքի պես ողորկ մեծ ու փոքր գլաքարերը, ծովափնյա սպիտակ, կարմիր եւ դեղնակարմիր ավազները, կողը կամ ցիցը փշրված և ափ շպրտված նավակներն ու մակույկները, ծովի կապույտ հայելու վրա կախված ժայռոտ քարափները, նոսրիկ ջրերի միջից վառ գույներով փայլփլող մարջանային կարալներն ու ծովաբուստերը– բոլորն իրենն են։ Անվերջ նկարում է, ջնջում, արարում եւ արարում…
Ծովը եւ ճանապարհը, միմյանցից անբաժան, ոսկեհյուս բնապատկերների միջով Սան Ֆրանցիսկոյից գնում են դեպի Լոս Անջելես։ Երջանիկ բերումով, ես՝ այսօր, ծովի եւ ճանապարհի հյուրն եմ եւ ուղեկիցը։ Թիվ առաջին մայրուղին զարմանալի հմտությամբ թեւածում է փոքր ու մեծ անդունդների, ձորերի ու ձորակների վրայով, հաղթահարում ցանկացած արգելք, որ ստիպված չլինի թեկուզեւ կարճատեւ մի պահ հեռանալ ծովից։
Մոտենում ենք Փոթորիկների ծովածոցին. անունը միանգամայն հարիր է էությանը։ Երեւի թե ոչ ոք չի տեսել կամ հազվագյուտ մարդու է հաջողվել տեսնել այդ ծովածոցը խաղաղ վիճակում, քանի որ ծոցը հավանաբար ունի իր դաժան եւ ամբարիշտ քամիները, որոնք փոթորկահույզ ջրերը բոլոր կողմերից քշում-բախում են միմյանց եւ ծոցում խառնիխուռն շաղ տված անհաշիվ փոքր ու մեծ քարակղզիներին։ Բախյունի աներեւակայելի ուժից բարձրանում են փրփուրի դեզեր եւ բազմաշերտ վարագույրներով ծածկում ծոցի մակերեսը։ Վարագույրները դեռ չբացված՝ ծովաջրերը վերստին սուրում են առաջ, որ դիվային կյանքը չքարանա այդ առեղծվածային ծովածոցում։ Եվ այդպես անվերջ եւ անվախճան։ Ծովածոցն իր հավերժական շարժման մեջ կարծես լինի Տիզերքի մինիպատկերը։

Առջեւում ծովի կատարմամբ անհամար բնապատկերները հաջորդում են միմյանց, անկանոն կտրտված ժայռոտ ափերով ֆիորդներ, ծովահրեշների տեսքով առեղծվածային փոքր խութակղզիներ, հելլենական սյունաշարեր, քարե առյուծներ ու քարե դինոզավրեր, կողք-կողքի հավասարաչափ շարված քարապատկերներ, որ կարծես տիբեթյան քրմեր լինեն մտասուզման մեջ։

Կեսօրից հետո արթնանում են էոլյան տավիղները. թեթե՜ւ, շատ թեթե՜ւ զեփյուռի հպումից տարածվում է ծովի քնքուշ մեղեդին։ Ճանապարհը, սիրահարված ծովին, նոր արագություն է տալիս իր վազքին, շատ լավ իմանալով, թե ուր է տանում ճամփորդին։ Ժամանակը շրջանցող այդ խելահեղ վազքի մեջ հազիվ եմ հասցնում հետեւել, թե ինչպես է թիվ մեկ մայրուղին հայտնվում ծովի գլուխգործոցներից մեկի առջեւ։ Դա դեղնավարդագույն, քարոտ բարձունքներով օվկիանոսից առանձնացված քնքուշ մի ծովածոց է՝ ոսկե արեւը վրան /ի դեպ, խորն այդքան գեղեցիկ լինել չի կարող/: Ջուրն այնքան մաքուր է, որ մեկիկ-մեկիկ երեւում են մանր ու մեծ գլաքարերը, որոնց վրայով սահելով անցնում են մատնաչափ ձկների վտառները։

Ափից մոտ հարյուր ոտնաչափ խորքում հպարտորեն կանգնած է տապարով տաշած մարդակերպ հսկա մի քարաքանդակ։ Գուցե ծովերի արքան է ժամանակավոր քարացել այնտեղ։ Ինչ-որ է՝ հսկայական հայելի հիշեցնող ծոցի վճիտ ջրերից ելնող անհամար քույր այլակները գալիս փարվում էին ծովերի արքայի բազալտե թիկնոցի լայն փեշերին եւ շարունակելով իրենց ալիքաշար ուղին, շրշյուն-շշունջներով իրենց թախծոտ երջանկությունն ավարտում ծովափնյա ոսկե ավազների վրա։

Ես մտածում էի, եթե ոչ այստեղ, ապա էլ ո՞ր ջրերում են գիշերով, աստղոտ երկնքի տակ լողանում ճերմակիրան նայադներն ու տենչավառ նիմֆերը։

Այո՛, ծովը բնանկարի հանճար է. տեսնելով կատարելության շրջանակի մեջ դրված այդ սքանչելի կտավը, ո՞ր մեծանուն նկարիչը չէր նախանձի ծովի արվեստելու անհասանելի ձիրքին։

Ճանապարհը չէր շտապում եւ չէր շտապեցնում, ես էլ ցանկություն չունեի բաժանվելու այդ քնքուշ ծովածոցից, քարե արքայից, զմրուխտ անտառից եւ ծովափնյա ոսկե ավազներից։
Ափսոս, որ չես կարող ծովի այդ հրաշագործությունը դնել շրջանակի մեջ եւ տանել քեզ հետ, ափսոս, որ դա ճակատագրով տրված մեկանգամյա հանդիպման երջանկություն է, քանզի դու գնում ես, իսկ այն մնում է ինքն իր հետ, ինքն իր համար։ Ինչ-որ մի տեղ, ինչ-որ իմաստով, դա ե՛ւ տիրավոր, ե՛ւ անտերունչ գեղեցկություն է։ Մի կողմից տերը ծովն է, ինքը՝ օվկիանոսը, մյուս կողմից՝ չկան այստեղ ապրող մարդիկ, ամենօրյա շփման եւ ամենօրյա հիշողության մշտական կրողներ։ Բայց նաեւ դժվար է այստեղ ապրել եւ պահպանել իր գոյի նախնական ձեւը։ Այստեղ, այս գեղեցկության մեջ ապրող մարդը հեշտությամբ կարող է մոռանալ իրեն, կարող է դառնալ ծովերի քարե արձան, կարող է դառնալ ծովածոց, ծովի ալիք, ոսկե ավազ եւ անթարգմանելի շշուկ ու շշյուն։

***
Աննկատ եւ թախծաշշուկ անցնում է օրը։ Արեգակի հրաշեկ գունդը, մայրամուտի դեղնալույս հորիզոնը հատելուց առաջ, իրեն նետում է ծովի կապտաթույր ջրերի մեջ և ոսկեվառ գույներով ներկում ծովն ու ծովափնյա լեռների բարձրաբերձ կատարները։ Այդժամ իմ մեջ մի ծածուկ զգացողություն շշնջաց, որ Աստծո պսակը վրան այսպիսի օրը չի կարող հենց այնպես անհետ եւ անհույս անցնել։ Եթե Գոյարարը հղում է այդ միտքը, օվկիանոսը չի կարող չզգալ եւ չլսել այն, որովհետեւ ինքն ամեն տեսակ օվկիանոս լինելուց
բացի, նաեւ բանականության օվկիանոս է։ Ինչպես հարիր է մարդու բնույթին՝ ես ե՛ւ հավատում էի, ե՛ւ կասկածում։ Բայց խաղաղականն ինձ հուսախաբ չարեց։ Եվ, օ՜ զարմանք. մի պահ ծովի ջրերի մեջ լողացող արեւի հրաշեկ գունդը, բազմաշերտ վարագույրների պես կախված գունավառ ամպերը, ծովի բոսորագույն ալիքներն ու լեռների շողշողուն կատարները միացան միմյանց եւ անհայտացան մարկասիտե մշուշների մեջ։ Այդժամ ես չգիտեի, որ ես նույնպես այդ զարմանալի փոխակեպության մեջ եմ, համատիեզերական հավերժական գոյի մեջ. այդ նոր վիճակում ես զգում էի, բայց չէի տեսնում, տեսնում էի, բայց չէի զգում, հավանաբար դա է հավերժի գաղտնախորհուրդ ձեւը, որի դեմ անզոր է ամենազոր ժամանակը։ Երբ ցրվեց մշուշը, եւ ամեն ոք և ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր, ես վերստին ամենամեծ օվկիանոսի ափին էի, ամենագեղեցիկ ծովածոցի առաջ։ Ես ինքնամոռաց նայում էի անհամար ալիքների քաղցրաշշուկ օրոր շորորներին, երբ լսեցի ծանոթ նավաշչակի ձայն, ծովածոցից հեռու, խոր ջրերի վրա, այնտեղ, ուր նախախնամության հղումով անցյալը եւ ներկան մի հատիկ անգամ հանդիպում են միմյանց, տեսիլքի պես հայտնվեց բարձր կայմերով սպիտակ մի առագաստանավ, հիշողությունս ցավեցնելու չափ ծանոթ մի առագաստանավ։ Սիրտս ալեկոծվեց ավելի ուժգին, քան՝ փոթորիկը ծովում։ Հե՜յ, անողոք ծերություն, ես արդեն չեմ ճանաչում ինքս ինձ, բայց երկնային ճերմակաթեւ հսկայական թռչունի պես իմ առագաստանավը ճանաչեցի։ Ես կրկին լսեցի նավաշչակի ծանոթ ձայնը. իմ առագաստանավը ողջունում էր ինձ, միայն՝ ինձ։ Ես ուղղեցի ժամանակի շոշափուկների մեջ կալկլված, սմքած ուսերս, որ վազեմ ծովի կապույտ ջրերի վրայով, որ շնչասպառ վազեմ իմ ճերմակ առագաստանավի ետեւից։ Բայց նա ժամանակ չուներ ինձ սպասելու, ժամանակ չուներ ուշանալու, որովհետև իմ առագաստանավը լողում էր աստղային այլ ժամանակների մեջ։ Աստղային աշխարհների ծովագնացը նավաշչակի սուլոցով ևս մեկ անգամ ողջունեց ինձ եւ, ճոճելով իր լայն առագաստներն ու սահելով անցյալի հավերժական ջրերի վրայով, անհայտացավ հորիզոնի ոսկե մշուշների մեջ։
Հե՜յ, անողոք ծերություն, ինչո՞ւ, ինչո՞ւ գողացար իմ ջահելությունը. խիզախ նավորդ էի, կուրծքս բաց փոթորիկների դեմ և սիրտս լի երիտասարդ կյանքի սուրբ խռովքներով։ Հիմա ո՞վ, ո՞վ եմ ես…

Հրաժեշտի սուլոցով գնաց, ընդմիշտ հեռացավ իմ առագաստանավը, որի տախտակամածին կես դար առաջ գրել եմ իմ հավատամքն ու դավանանքը, իմ սիրո խոստովանությունը՝ ծովին ու ծովագնացներին։

Ծովից են ծնվել նավաստիները,
Ծովի պես խիստ են ու խստապահանջ։
Մով հեռուները, ծով հեռուները
Գիշեր ու ցերեկ կանչում են նրանց։

Ծովից են ծնվել նավաստիները,
Ծովի պես խոր են, ծովի պես կապույտ։
Նրանք են բացում առագաստները
Փոթորիկների խաղի դեմ անփույթ։

Ծովից են ծնվել նավաստիները,
Ծովի պես խիստ են ու խստապահանջ։
Ու եթե մի օր գնում են ընդմիշտ
Ծովը պահում է պատկերը նրանց։

***
Միայնականությունս էլ չի փնտրում ոչ մեկի, սերերս, ընկերներս, հեռու-մոտիկ բարեկամներս վաղուց մոռացել են ինձ։ Բայց դու, օ՜ Մեծն Խաղաղական, ոչ մեկի չես մոռանում, ոչինչ չես մոռանում։ Ասա՛, ինձ, խնդրեմ, այդ ինչպե՞ս ժամանակը շրջեցիր դեպի ետ և այդ ինչպիսի հրաշքով իմ առագաստանավը հանեցիր իմ դեմ, որ ես կյանքիս վերջալույսին եւս մեկ անգամ զգամ երջանկության համը։ Միայնակությունս էլ չի փնտրում
ոչ մեկի, բայց ահա Արեւմտյան անծանոթ ժամանակների միջով եկել, գտել եմ քեզ, որ կյանքիս վերջին օրերը որպես ծեր մի թափառական, որպես հին օրերի մոռացված մի ուլիս քայլեմ քո սրբազան ափերով, օ՜, վսեմափայլ խաղաղական, օ՜, վերջին սեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. лева гриорян says:

    Замечательный рассказ.
    Айвазовский рисовал море а дорогой Патрик прекрасно изобразил словом. Прочитал с большим интересом и вниамнием. Как он любит море как понимает природу. ДЕРЖИТЕСЬ ДОРОГОЙ МОЙ ДРУГ МЫ С вАМИ ДУШОЙ МОЛОДЫ А ЭТО ГЛАВНОЕ ПРЕКЛОНЯЮСЬ БЛАГОДАРЮ.

  2. Մի ամբողջ կյանք եմ ապրել ծովափին:
    Ժամանակ կամ ԽԵԼՔ չեմ ունեցել անդրադառնալու ԱՅԴ ԱՌԵՂԾՎԱԾԻՆ, որ ԾՈՎ է կոչվում…

    Բայց… սիրել եմ, բնազդորեն սիրել՝ ՉԸ ԴԱ ՎԱ ՃԱ ՆԵ ԼՈՎ իմ մեծ սիրուն՝ ԱՌ ԼԵՌՆԵՐ:
    ԼԵՌՆ Է եղել իմ մի կում օդը, մի բուռ ջուրը: Ես համշենչի հայ եմ՝ ծովի ու լեռան զավակ…

    Կմտածե՜մ…
    Շնորհակալություն, որ բացեցիք աչքերն իմ…
    ՎԱՂՈՒ՜Ց պիտի մտածած լինեի,- եթե լեռն իմ հայրն է, ծովը՝ մայրն է իմ եղել ու մնու՜մ…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031