«Բոլոր գաղտնիքները չենք բացահայտում, այլապես սա կկոչվի ոչ թե հարցազրույց, այլ «Բացահայտում» հաղորդաշար»,- այսօր խորհրդարանում`լրագրողների տարբեր հարցերին`ի՞նչ է լինելու վաղը կայանալիք հանրահավաքում, կիսահումորային պատասխան փորձեց տալ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանն ի պատասխան`պետք է թափանցիկ աշխատել, բանախոսը վստահեցրեց, որ իրենք թափանցիկ էլ աշխատում են: «Վաղը կլինի, այնպիսի բան է, այսինքն, զարգացումները ձեզ ի՞նչ են թելադրում…»,- ասելիքն այդպես էլ չհստակեցրեց ու չավարտեց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին`արդյոք վաղն այնպիսի անակնկալ է սպասվում, որ հիմա թաքցնում են: ԲՀԿ-ական պատգամավորն ասաց`ոչ: Դիտարկումը`սովորակա՞ն հանրահավաք է լինելու, նրան ակնհայտորեն դուր չեկավ. «Ի՞նչ է նշանակում`սովորական»: Լրագրողը հստակեցրեց, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը սովորական էր, որ ամբողջ ամռան ընթացքում հասունացած սպասելիքները չարդարացան: Միքայել Մելքումյանն ինքը հարց հնչեցրեց. «Իսկ դուք ի՞նչ էիք սպասում»: «Իշխանափոխություն»,- ասացին լրագրողները: «Ուրեմն, կարծում եք, իշխանափոխության կոչ են անում ու իշխանությունը փոխվում է՞»,- տարակուսեց ԲՀԿ-ական պատգամավորն ու հավելեց. «Վաղը կլինի գործողությունների ծրագիրը, Ծառուկյանի ելույթը կլինի`կիմանաք»:
Արձագանքելով լրագրողներից մեկի հարցին`«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասել էր, որ Ազատության հրապարակում հավաքվածների զանգվածը պետք է հասնի կրիտիկականի, որպեսզի հնարավոր լինի իշխանությունների հետ բանակցել, Միքայել Մելքումյանն ասաց, որ բանակցելու համար բնավ էլ պետք չի, որ հրապարակում մարդկանց կրիտիկական զանգված հավաքվի ու բանակցելն էլ. «Նայած ինչի՞ շուրջ: Բանակցությունները թելադրվելու են իրավիճակից ելնելով: Դա էլ նշանակություն ունի, թե քանի մարդ ա էնտեղ հավաքված, բայց դրանով չի որոշվելու»:
Կարդացեք նաև
Միքայել Մելքումյանը սկսեց բացատել, որ բնական ճանապարհով պետք է իշխանափոխություն պահանջող ուժերը ուժեղանան, իսկ եռյակ-քառյակն այժմ «թափ հավաքելու» փուլում է: Լրագրողներից մեկը նկատեց`մինչ Գագիկ Ծառուկյանն ուժեղանում է, Հովիկ Աբրահամյանն ասում է, որ նախագահին ոչ ոք չի կարող փոխել: «Իսկ դուք ի՞նչ էիք ենթադրում»,- հարցին հարցով պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավորն`իր հետագա դատողություններում նկատելով, որ «ղարաբաղյան շարժումն էլ մեկ օրում թափ չի հավաքել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ