Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների» գործով լսվեց մեկ պաշտպանական ճառ

Հոկտեմբեր 23,2014 14:35

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը 21 օր ժամանակ էր տվել Վազգեն «Խաչիկյանի եւ մյուսների գործով»՝ պաշտպանական ճառերին նախապատրաստվելու համար: Սակայն այսօր դատարանում լսվեց միայն մեկ պաշտպանի՝ Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Աննա Ջուվանովայի ճառը: Այն բաղկացած էր 13 էջից:

Աննա Ջուվանովան ներգրավված է եղել ամբաստանյալներ Արմեն Խաչատրյանի եւ Բագրատ Մուրադյանի պաշտպանությունն իրականացնելու համար: Նա անդրադարձավ մեղադրական եզրակացությանը, համաձայն որի՝ իր պաշտպանյալները եղել են կազմակերպված խմբի անդամներ, որոշակի դերաբաշխմամբ եւ 2007-08թթ. Ա. Խաչատրյանն իր ազգականի՝ ամբաստանյալ Վահագն Խաչատրյանի հանձնարարմամբ առանձնացրել է Երեւան քաղաքի կենսաթոշակ չստացած անձանց, մահացածների տվյալները եւ ուղարկել վճարման ծառայություն:

Xachikyan_3

Ըստ մեղադրանքի՝ Վահագն Խաչատրյանի ուղղորդմամբ Արմեն Խաչատրյանն ու Բագրատ Մուրադյանն այցելել են վճարման ծառայություն, այդպիսով օժանդակել պաշտոնական կեղծիք կատարելուն: Այս երկուսին մեղսագրվել էր 42 կենսաթոշակների գումարների հափշտակումը: Աննա Ջուվանովան իր պաշտպանական ճառում ասաց, որ մեղադրանքի կողմի ձեւակերպումներն անհատականացված չեն, մասնավորապես՝ թե ինչ գործողություններ են կատարել իր պաշտպանները, կոնկրետ՝ երբ, 42 կենսաթոշակառուներից, որոնց գումարները ով եւ երբ է հափշտակել, ինչպես են օժանդակել առհասարակ: Ըստ նրա՝ մեղադրական եզրակացության մեջ բացակայում են փաստական հանգամանքները, քանի որ ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ:

Xachikyan_2Պաշտպանն անդրադարձավ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին, մրցակցության սկզբունքի հարգմանը, պաշտպանական իրավունքի իրացմանը, արդար դատաքննությանը: Նա նաեւ ասաց, որ դատարանում ապացուցվեց, որ Վահագն Խաչատրյանի համակարգչից «առգրավված» «Դուդուկ» անունով ֆայլը ըստ էության չի զննվել, քանի որ այն բացակայում էր, իսկ մեկ այլ ֆայլ, որը նույնպես հայտնաբերվել էր Վ. Խաչատրյանի համակարգչից, որեւէ մեկը չի կարող պնդել, թե այն մեխանիկական փոփոխության չի ենթարկվել:

Պաշտպանական ճառում Ջուվանովան բերեց օրինակներ, մասնավորապես՝ քննիչը Բագրատ Մուրադյանին հարցրել է 37 կենսաթոշակառուների վերաբերյալ, մինչդեռ նրան ներկայացրել է 35 անուն, իսկ Արմեն Խաչատրյանին քննիչը հարցրել է 9 կենսաթոշակառուների մասին՝ ներկայացնելով 8-ի տվյալները: Նախնական մեղադրանքը առաջադրվել էր 30 կենսաթոշակառուների հետ կապված: Ըստ պաշտպանի՝ համադրելով գործով ձեռք բերված ապացույցները, պարզվում է, որ 17 անձանց վերաբերյալ տեղեկություններ ձեռք չի բերվել, իսկ 2-ի անունները մեղադրական եզրակացությունում ձեւական են նշվել:

Xachikyan_7Ջուվանովան միջնորդեց, որպեսզի Արմեն Խաչատրյանը եւ Բագրատ Մուրադյանը արդարացվեն, դատարանը ճանաչի նրանց անմեղությունը, քանի որ, ըստ պաշտպանի՝ իր պաշտպանյալները նյութական շահ չեն ունեցել եւ նրանց խափանման միջոցն էլ մնացել է կալանավորումը: Հանրային պաշտպանը չէր զարմանա, եթե իր պաշտպանյալները դատվեին «բանդիտիզմի» հոդվածով, քանի որ, ըստ նրա, սա է մեր դառն իրականությունը: Նրանք ներգրավված են եղել միայն այն բանի համար, որ եղել են ամբաստանյալ Վահագն Խաչատրյանի հարազատները եւ ընդհանրապես չեն ճանաչել Վիգեն Գեւորգյանին, որից իբրեւ թե 42 անգամ գումար են ստացել:

Բագրատ Մուրադյանը եւ Արմեն Խաչատրյանը ոչինչ չասացին, միացան իրենց պաշտպանի ճառին: Նրանք ընդհանրապես համաձայն չէին մեղադրանքի հետ եւ այն ակնարկին, թե վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով դադարեցվի իրենց նկատմամբ քրեական հետապնդումը, գտնում էին, որ ամբողջությամբ պետք է արդարացվեն:

Հայտնի չէ, թե նոյեմբերի 13-ին նշանակված նիստին պաշտպանական ճառերով 12 ամբաստանյալներից եւ նրանց պաշտպաններից ով հանդես կգա: Ողջ նիստի ժամանակ Վազգեն Խաչիկյանը ընթերցում էր ինչ-որ մեկից ստացած նամակ եւ գրառումներ անում այդ նամակի վրա:

Xachikyan_1
Հիշեցնենք, որ մեղադրանքի կողմը նրանց համար պահանջել էր 4 տարի ժամկետով ազատազրկում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031