Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Հայրենասիրական ուտուշ-խմուշներից, սրտաճմլիկ կենացներից հետո քցում են սահմանապահ համայնքների բնակիչներին» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2014 13:56

ԱԺ-ում շարունակվում է Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությանը հարկային արտոնություններ տալու կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի քննարկումը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, թե ինչ էր ինքն առաջարկում՝ սահմանապահ համայնքներին արտոնություններ տալու մասին իր օրենսդրական նախաձեռնությամբ: Առաջարկում էր, որ օգտագործված բնական գազի, խմելու եւ ոռոգման ջրի, էլեկտրաէներգիայի 50 տոկոսը վճարվի պետբյուջեից, առաջարկում էր աջակցություն տրամադրել այդ համայնքների երիտասարդ ընտանիքների եւ բնակիչների առողջական խնդիրները լուծելու համար: Առաջարկում էր, որ բյուջեից փոխհատուցվեր նրանց հողի հարկն ու գույքահարկը, ինչպես նաեւ ադրբեջանական զինուժից վիրավորվածների բուժումն իրականացնել պետբյուջեի միջոցների հաշվին.

«Սրանք այն նվազագույն միջոցներն էին, որ սահմանապահ համայնքների բնակիչներին պետք է ցույց տային, որ պետությունը կանգնած է իրենց թիկունքին այնպես, ինչպես իրենք են կանգնած հայ-ադրբեջանական սահմանին: Այս ամենը, նախնական գնահատականներով, պետբյուջեի վրա կնստեր մոտ 2.5 մլրդ: Եվ դա հարկավոր էր ամրագրել օրենքով՝ հաստատելով այդ համայնքների ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար: Այդ օրենքի ընդգրկումն ԱԺ օրակարգ արգելափակվեց ՀՀԿ-ի ճնշող մեծամասնության եւ ԲՀԿ-ի մի մասի շնորհիվ: ԲՀԿ-ի հիմնավորումն, անկեղծ ասած, ինձ շատ դժվար է ձեւակերպել, որովհետեւ դա իրավագիտական ինչ-որ հիմնավորում էր:

Հույս ունեմ, որ ԲՀԿ ներկայացուցիչներն իրենք այդ ձեւակերպումները կներկայացնեն հանրությանը: ՀՀԿ-ի հիմնավորումները երկուսն էր: Նրանք ասում էին, որ սահմանապահ համայնք եզրույթը դեռ պետք հավելյալ քննարկել, ավելի կարեւոր փաստարկն այն էր, որ կառավարությունը 6 խմբակցությունների առաջարկների հիման վրա պատրաստում է մի ուժեղ, համապարփակ փաթեթ, որը շատ ավելի հզոր հարցեր է լուծելու սահմանապահ համայնքների համար: Մենք այս օրերին քննարկում ենք ՀՀԿ-ի կառավարության մշակած այդ «հզոր» օրենսդրական նախաձեռնությունը: Այդ փաթեթի 90 տոկոսը ոչ մի կապ չունի սահմանապահ համայնքների հետ»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, կառավարության այս փաթեթով բնակիչներին բացարձակապես ոչ մի բան չի առաջարկվում. «Իսկ ի՞նչ է առաջարկվում կրպակներին: Առաջարկվում է, որ այդ խանութները կազատվեն հարկերից, եթե, օրինակ, լուցկի, ատամի չոփ, չայի կոնֆետ եւ վաֆլի վաճառելու համար պահեն ու ունենան մե՜ծ հաշվապահություն: Իսկ այդ հաշվապահությունը պահելու համար քանի՞ հաշվապահ է հարկավոր, օրենքի նախագիծը չի ասում: Եթե, օրինակ, սահմանապահ համայնքների կրպակները խախտեն այդ պայմանները, իսկ օրենքում նշվում են լիքը պայմաններ, տնով-տեղով տոկոսի տակ կընկնեն, ամեն ինչ կկորցնեն: Ու կառավարությունն ասում է, որ ինքը շատ մեծ լավություն է անում սահմանապահ համայնքներին, որովհետեւ 2.5 մլրդ դրամի հարկ որ պետք է հավաքեր այդ կրպակներից ու օբյեկտներից, չի հավաքում եւ դա ինչ-որ օգնություն է»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սահմանամերձ համայնքների բնակիչներն արդեն մի քանի ամիս է՝ սպասում են, թե կառավարության անդամները, պատգամավորները որ ամռանը խոստացան-խոստացան, հիմա ի՞նչ են անելու: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինչքան էլ համաձայնություն ձեռք բերվի կառավարության ներկայացրած օրենքի շուրջ, անձամբ ինքը դեմ է քվեարկելու, որովհետեւ «ամառային հայրենասիրական ուտուշ-խմուշներից, սրտաճմլիկ կենացներից հետո նշանակում է քցել, կոտրել, հերթական անգամ արհամարհել սահմանապահ համայնքների բնակիչներին, ովքեր քնում-արթնանում, ապրում ու իրենց երեխաներին դպրոց են ուղարկում ադրբեջանական սնայպերների ուղիղ նշանառության ներքո»:

Հռիպսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031