Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթը» առաջարկում է անցնել այլընտրանքային էներգիայի օգտագործմանը

Հոկտեմբեր 23,2014 13:47

Այսօր Երեւանում մեկնարկեց «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթի» եզրափակիչ փուլը, որը կտեւի երկու օր եւ որի նպատակն է սկսնակներին օգնել մշակել բիզնես մոդելներ եւ հիմնել գործող բիզնեսներ։

Մեզ հետ զրույցում «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար» ծրագրի համակարգող Ֆրունզիկ Ոսկանյանը ներկայացրեց, որ մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթի նպատակն այն է, որպեսզի դրանց կիրառմամբ կրճատվեն ածխածնային արտանետումները. «Այս բիզնեսների միջոցով մենք կստեղծենք տեխնոլոգիաներ, որոնք կկրճատեն գազի եւ մնացած այլ վառելիքների օգտագործումը եւ ավելի շատ կկենտրոնանան այլընտրանքային էներգիայի օգտագործման վրա: Ծրագրի մասնակիցները ներկայացնելու են բիզնես գաղափարներ՝ վերականգնողական էներգիայի, էներգիայի խնայողության, թափոններից էներգիայի ստեղծման, ջրային ռեսուրսների խնայողության վերաբերյալ»:

Նա նշեց, որ ծրագրի գլխամասը գտնվում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:

Ծրագրի ղեկավար Մարկ Դրայեկն էլ լրագրողներին պատմեց, որ ծրագրին ներկայացված է եղել 64 բիզնես գաղափարների հայտ, որոնցից կիսաեզրափակիչ փուլ են անցել 30-ը, իսկ դրանցից 24-ն էլ ավարտել են 10 շաբաթյա հատուկ բիզնես դասընթացներ, որոնց ընթացքում թիմերը մշակել են իրենց բիզնես մոդելները. «Ծրագրի հաղթողները նշված 24-ից միայն 4-ն են լինելու, որոնցից մեկն էլ ճանաչվելու է որպես ազգային հաղթող։ Հաղթողներից յուրաքանչյուրին տրվելու է 10 հազար դոլար դրամաշնորհ՝ իրենց տեխնոլոգիաների նախատիպը մշակելու համար, իսկ ազգային հաղթողին տրվելու է հավելյալ ֆինանսավորում՝ ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում կայանալիք ամենամյա բիզնեսին ֆորումին ներկա գտնվելու համար»։

Ծրագիրն իրականացվում է աշխարհի 6 երկրներում ՝ այնպիսի երկրներում ինչպիսին են Հնդկաստանը, Մալազիան, Պակիստանը, Հարավային Աֆրիկան, ինչպես նաեւ Հայաստանը։

Նշենք, որ մրցույթն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագրի ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակներում։

Ներկայացնենք մի քանի մասնակից թիմերի առաջարկությունները. Օրինակ «Արեւիկ» թիմն առաջարկում է արեւային ջրատաքացման համակարգեր, «Զարգացման լուծումների ինստիտուտ հիմնադրամն» առաջարկում է արեւային տաքացուցիչ՝ մրգերի եւ բանջարեղենի չորացման համար:

Մեկ այլ թիմ` «Ամ-Էսկա»-ն զբաղվում է 4-րդ կարգի վնասակար թափոն հանդիսացող օգտագործված անվադողերի վերամշակմամբ, եւ վնասազերծմամբ: Գյումրիից «Շիրակ» թիմն էլ առաջարկում է բիոգազի արտադրության շարժական անվավոր սարքավորումներ, որոնք նախատեսված են բիոլոգիական թափոններից ջերմային եւ էլեկտրական էներգիայի ստացման համար:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն վաղը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031