«Ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է նպատակը՝ հանուն որի իմ գործերը պիտի մի կողմ դնեմ, որ միանամ այդ շարժմանը»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, թե այդպես էլ եռյակի նպատակը չի հասկացել:
Ըստ նրա՝ Եռյակի ներկայացրած կարգախոս-բանաձևը, որը կոչվում է «Միացում, հաղթանակ», կարող է օգտագործել ցանկացածը` անգամ անարխիստը և դա շատ նման է «Պայքար, պայքար մինչև վերջ» անբովանդակ կարգախոսին:
Պարոն Հայրիկյանը շեշտեց, թե եռյակի շարժման մեջ իր համար գրավիչ է այն, որ նրանք չեն ընդունում իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները: Ըստ Հայրիկյանի՝ «եթե եռյակի ուժերը, բացառությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի, առաջնային հարցում միասնական են, տասներորդական հարցերում ինչքան էլ տարաձայնություններ ունենան, դա ազդեցություն չի ունենա»:
Սակայն Պարույր Հայրիկյանը առանձնապես լուրջ սպասելիքներ չունի հոկտեմբերի 24-ի հանրահավաքից, քանի որ ըստ նրա` «այդ ուժերի շարքում գաղափարակիրներ չկան»:
Պարույր Հայրիկյանն ասաց, որ իրենք չեն մասնակցելու հոկտեմբերի 24-ի հանրահավաքին:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին` ի՞նչ սպասելիքներ ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծրագրային ելույթից, որի ժամանակ «նա ասելու է այն, ինչ ժողովուրդն է ուզում լսել», պարոն Հայրիկյանը կոշտ արձագանքեց. «Գագիկ Ծառուկյանը բիզնեսմեն է, նա քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի, դա միջազգային կարգ է, քանի որ եթե բիզնեսմենը լավն է, ապա նա ամեն ինչ պիտի ծառայեցնի իր գործին: Իսկ քաղաքականությունն իր բիզնեսի գործին ծառայեցնելը հանցագործություն է, հակառակ դեպքում դու վատ բիզնեսմեն ես դառնում: Իսկ ես չեմ ուզում, որ մենք ՀՀ-ում ունենանք վատ բիզնեսմեններ: Քաղաքականության մեջ նրանք կարող են լինել այն բանից հետո միայն, երբ ամբողջությամբ կհրաժարվեն բարեգործությունից և բիզնես գործունեությունից: Դա նաև ՀՀ Սահմանադրության պահանջն է»:
Պարույր Հայրիկյանն ասաց, որ ողջունում է Գագիկ Ծառուկյանի քաղաքացիական գործնականությունը, բայց անգամ եթե մտերիմ հարաբերություններ էլ ունենար նրա հետ, չէր կարող մոռանալ որևէ պետության համար կարևոր այդ դրույթը: Այս առիթով նա մեջբերեց հետևյալ ասույթը. «Կեսարինը Կեսարին, Աստծունը` Աստծուն»:
ԱԻՄ առաջնորդը հարց բարձրացրեց` ի՞նչն էր խանգարում Ծառուկյանին ելույթ ունենալ նախորդ հանրահավաքի ժամանակ. «Ի՞նչն էր խանգարում գոնե մի բան ասել: Ես այդ հանրահավաքից, նրա մոտեցումներից մեր ժողովրդի համար դրական որևէ ակնկալիք չունեմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ