Լրահոս
Օրվա լրահոսը

Հոլանդական երգչախումբը Սայաթ-Նովայի կատարմամբ ապշեցրեց Շիրակի մարզի Արևիկ գյուղի բնակիչներին (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 23,2014 13:18

Նախորդ օրը ճանաչողական այցով Շիրակի մարզում էր հոլանդական «Կռունկ» սիրողական մակարդակի երգչախումբը, որի երգող կազմը բաղկացած է 24 հոգուց: Այս մասին «Aravot.am-ին» փոխանցեց Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գոռ Մարգարյանը:

Գոռ Մարգարյանի տեղեկացմամբ, հոլանդական երգչախմբին Շիրակի մարզ է ուղեկցել Հայաստանում գործող ու արշավներ կազմակերպող «Արշավներ» ակումբի ղեկավար Ռուբեն Բաղդիշյանը:

Հոլանդական երգչախումբը նախորդ տարի ևս եղել է Հայաստանում, սակայն Շիրակի մարզ դեռևս չէր այցելել: Գալով Շիրակի մարզ` վերջիններս ցանկություն են հայտնել տեսնել լավաշ թխելու պրոցեսը: «Գիտեք, որ ամենահամեղ լավաշը թխում են Արևիկում, մենք նրանց ուղեկցեցինք Արևիկ ու հենց թոնրի շուրջ, լավաշ թխելու պահին նրանք այնպես երգեցին հայերեն, Սայաթ-Նովա կատարեցին, որ արևիկցիները իրոք զարմացան: Հետո նրանց ձայնակցեցին գյուղի բնակիչները: Այստեղից երգչախումբը շատ բարձր տրամադրությամբ հեռացավ: Ասեմ, որ Գյումրիում նրանք այցելեցին նաև ծերանոց:Նրանց նպատակը բարեգործական համերգ տալն էր, ծերերի տրամադրությունը փոխելը: Այստեղ ևս տպավորիչ այց է եղել, ծերանոցի բնակիչները սկսել են երգել նրանց հետ, ուրախ մթնոլորտ է ստեղծել», -ասում է Գոռ Մարգարյանը:

 

Մարզպետարանի պաշտոնյայի ներկայացմամբ, հոլանդական այս երգչախումբը 10 տարի առաջ լսել է կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները, ներշնչվել է նրանով ու սկսել հետաքրքրվել հայկական երաժշտությամբ: Իհարկե, հոլանդացիները չեն իմացել, որ Խաչատուր Ավետիսյանը գյումրեցի է: Գալով Գյումրի` նրանք հանդիպել են նաև Գյումրու Խաչատուր Ավետիսյանի անվան ժողգործիքների պետական նվագախմբի պրոֆեսիոնալ անձնակազմի հետ:

«Նրանք հոյակապ Կոմիտաս գիտեին, Մակար Եկմալյան, Արամ Խաչատրյան: Ես նրանց պատմեցի, որ մի քանի օր առաջ Հառիճում նշել ենք Կոմիտաս Վարդապետի 145 –ամյակը ու մեր կողմից բանավոր հրավերք եղավ, որ մյուս տարի հոգևոր երաժշտության փառատոնին իրենք ևս պաշտոնական այցով ժամանեն Շիրակի մարզ` կոմիտասյան երգերի ռեպերտուարով: Իսկ մենք մեր հերթին նրանց կուղարկենք նոտաներ ու նյութեր: Նրանք ամենայն հավանականությամբ կմասնակցեն նաև Գյումրու ժողգործիքների նվագախմբի 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս խումբն անակնկալի բերեց նաև ինձ, մեկ գիշեր մնալով մեզ մոտ` առավոտյան ինձ համար կատարեց Գյումրու օրհներգից` Հովհաննես Շիրազի բառերով ու Վլադիլեն Բալյանի երաժշտությամբ գրված «Գյումրի-Լենինական»-ից մի հատված: Կառուցողական այց եղավ, ճիշտ ոչ պաշտոնական էր, բայց կարծես թե մենք վերածեցինք պաշտոնականի: Տեսեք, թե ինչպես են հայ մշակույթի գոհարները արժևորվում արտասահմանցիների ի կողմից , և կարիք կա, որ հայ ազգի նոր սերունդը նույնպես գնահատի և պահպանի այն, ինչ որ մենք ունենք»,-ասում է մեր զրուցակիցը:

Շրջագայող հոլանդական երգչախումբը Գյումրիից ուղևորվել է Վրաստան: Երգչախմբի ղեկավար Ինգտրիդ Վան Ռուին (Ingrid Van Rooij) Գյումրիում պատմել է, թե ինչպես է իր երգչախումբը Խաչատուր Ավետիսյանով ներշնչված, հայկական երգեր սովորել:

Մանրամասները՝  տեսանյութերում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031