Խորհրդարանում, սահմանամերձ գյուղական համայնքներում հարկային արտոնություններ տալու մասին նախագծի քննարկման ժամանակ երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի եւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վեճը ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանի մոտ կասկածներ է առաջացրել:
Այսօր, խորհրդարանի նիստի մեկնարկից քիչ անց, Սեյրան Սարոյանը դուրս եկավ խորհրդարանի դահլիճից`Վարդան Այվազյանի ուղեկցությամբ: Վարդան Այվազյանը թեւանցուկ էր արել Սեյրան Սարոյանին եւ ինչ-որ բան էր փսփսում ականջին: Այնուհետ Սեյրան Սարոյանը բիրտ հայացք նետեց Վարդան Այվազյանի վրա, ցուցամատը ուղղելով վերջինիս`ասաց. «Տես հա, հանկարծ ժողովրդի համար լավ չի ըլե, թե իմացա ձեր բիզնեսների հըմար եք անում…»:
Վարդան Այվազյանը ձեռքի ժեստերով փորձում էր Սեյրան Սարոյանին հավաստիացնել, որ ոչ թե իրենց, այլ ժողովրդի համար է լինելու այս նախագիծը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ