Այս շաբաթ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ 2013 թվականի զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը բարձրացրեց այն խնդիրը, որ վճարման կարգադրությունների արտադատական կարգի հարցը օրենսդրական կարգավորում չի ստանում: Պատճառ է բերվում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ՍԴ դիմումը, որով դատական նիստը տեղի կունենա միայն սույն թվականի նոյեմբերի 25-ին:
Այս հարցի կարգավորման կապակցությամբ առկա են հետևյալ նախաձեռնությունները, որոնք կարող են հրատապ կարգով լուծել առաջացած օրենսդրական խնդիրը.
1. ՀՀ արդարադատության նախարարության պատրաստած և կառավարության հավանությանն արժանացած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը.
2. ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի, Իշխան Խաչատրյանի, Մհեր Շահգելդյանի, Լևոն Դոխոլյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և այլ օրենքներում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը.
3. ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Չնայած բոլոր այս դրական նախաձեռնություններին` ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 2014թ. սեպտեմբերի 29-ին նշել է հետևյալը. «Հարկ է փաստել, որ խնդրահարույց օրենսդրական կարգավորումների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանում առկա է Մարդու իրավունքների պաշտպանի 26.06.14 թվականի դիմումը, որի հիման վրա սահմանադրական դատաքննությունը կսկսվի 2014 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 10-ին։ …օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկել առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումից և դրան անդրադառնալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումն ընդունվելուց հետո»:
Իր հերթին էլ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը 2014 թվականի հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում ասել է. «…այսօր Սահմանադրական դատարանում է գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով համապատասխան գործ, որը, կարծում եմ, առաջիկա 1-1,5 ամսվա ընթացքում Սահմանադրական դատարանը քննության կառնի։ Այստեղ կառավարությունը և ԱԺ-ն, ինչ-որ առումով նաև, պետք է սպասեն զարգացումների…»
Խնդրի արդյունավետ լուծման տեսանկյունից նպատակահարմար չէ, որ Ազգային ժողովը սպասի Սահմանադրական դատարանում զարգացումներին և դառնա խնդիրը հրատապ կարգով լուծելու խոչընդոտ: Ավելին, ՍԴ քննության սկիզբը դեռ բավականին հեռու է, իսկ խնդրի լուծման անհրաժեշտությունը՝ հրատապ: Բացի այդ, հնարավոր և թույլատրելի չէ կանխորոշել Սահմանադրական դատարանի մոտեցումներն ու վերջնական որոշումները: Չնայած նույնիսկ եթե ՍԴ-ում վիճարկվող դրույթները հակասահմանադրական ճանաչվեն, միևնույնն է, հարցը հետագայում դարձյալ հնարավոր է վերադառնա Ազգային ժողով և լուծվի համապատասխան օրենսդրական փոփոխությամբ:
Կարդացեք նաև
Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, շրջանառվող օրենսդրական երեք նախաձեռնությունները, Սահմանադրական դատարանի միջոցով խնդրի լուծման օբյեկտիվորեն երկար ժամկետները՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հետ է վերցնում իր ՍԴ դիմումը և առաջարկում, որ ԱԺ-ում հարցը ստանա հրատապ կարգավորում՝ վերը թվարկված նախաձեռնությունների շրջանակներում: Այսինքն՝ տվյալ խնդրի կարգավորումը պետք է հրատապ կարգով Սահմանադրական դատարանից տեղափոխել Ազգային ժողով:
Պաշտպանի աշխատակազմ