Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Դանիելյան. «Պատկերացրեք՝ որքան թույլ պետություն է Հայաստանը, որ ես եւ պարոն Իշխանյանն ունենք այդքան հնարավորություն». «Հրապարակ»

Հոկտեմբեր 23,2014 11:12

Վերջերս մի վիրտուալ արշավանք սկսեցին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավաբան Ավետիք Իշխանյանի եւ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանի դեմ, որոնք «Մեդիալաբ» կայքին տված հարցազրույցում խոսել էին հայկական բանակում այլադավան երիտասարդների իրավունքների խախտման մասին։ «Բանակում չպետք է լինի Հայ առաքելական եկեղեցու սպասավորն ու ամեն անգամ աղոթք անի։ 21-րդ դարում կղերականության մուտքը Հայաստան եւ դեպի միջնադար գնալն անթույլատրելի եմ համարում։ Նրանց կարծիքով, կրոնական կազմակերպությունները պառակտում են ազգը, ես կասեի հակառակը՝ իրենց գործունեությամբ իրենք են պառակտում մեր միասնությունը։

Բացարձակ նշանակություն չունի՝ մարդն աթեիստ է, թե որեւէ հավատի ներկայացուցիչ, բոլորը հայեր են։ Նրանք բանակում քարոզչություն չեն տարածում, բանակում միակողմանի քարոզչություն իրականացնում է Հայ առաքելական եկեղեցին՝ քահանայի միջոցով»,- նշել էր Ավետիք Իշխանյանը։ Տարափն առ այն, թե այս մարդիկ ազգի դավաճաններ են, արտասահմաններում վերապատրաստված տնաքանդներ, մինչ այսօր էլ դեռ շարունակվում է։

Մինչ տաքարյուն ֆեյսբուքահայերը «կոտորում» են իրենց հանուն եկեղեցու, Ստեփան Դանիելյանը նրանց լուրջ չի վերաբերվում։

– Շատերը մեղադրում էին Ձեզ եւ պրն Իշխանյանին արտասահմանից եկած փողերի հաշվին «պետություն քանդելու մեջ»։

– Այդ մեղադրանքներին կարելի էր լուրջ վերաբերվել եւ լուրջ պատասխանել, եթե գոնե նույնպիսի մեղադրանքներ հնչեին իշխանությունների հասցեին, որի կառավարման ժամանակաշրջանում իրոք Հայաստանի ապագա գոյությունը հարցականի տակ է դրվել։ Սակայն, քանի որ նման մտահոգություններ այդ անձինք չեն արտահայտում, ապա այստեղ պետք է որոնել ուղղակի նեղ շահեր։ Պատկերացրեք՝ որքան թույլ պետություն է Հայաստանը, որ ես եւ պարոն Իշխանյանն ունենք այդքան հնարավորություն եւ ազդեցություն՝ «քանդել պետությունը»։

Ինչ վերաբերում է արտասահմանից եկած փողերին, ապա լավ կլիներ, որ այդ մարդիկ գոնե տեղյակ լինեին, թե որքան գումար եւ ապրանքների տեսքով այլ օգնություն է ստանում մասնավորապես Հայաստանյայց առաքելական եկեղեցին «աղանդավորական» կազմակերպություններից։ Կզարմանաք, երբ իմանաք, որ բավականին լուրջ միջոցներ է ստացել եկեղեցին հենց այդ նույն կազմակերպություններից։ Ի տարբերություն եկեղեցու, մենք կրոնական կազմակերպություններից որեւէ գումար չենք ստանում։ Նաեւ հետաքրքրվեք, թե որքան գումարներ են արտասահմանից ստանում պետական կառույցները, էլ չեմ ասում եկեղեցուն տրված Սփյուռքի օգնությունները, որոնք որեւէ հանրային վերահսկողությունից դուրս են։ Դրանք նույնպես ազգային միջոցներ են, եթե եկեղեցին համարում ենք ազգային կառույց, ապա եկեղեցին «ազգին» պետք է հաշվետվություն ներկայացնի, ինչից հրաժարվում է։

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031