Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյան. «Ես ընդհանուր հայտարարի չեկա որոշ անձանց հետ ու չուզեցի սպորտում մնալ». «Հրապարակ»

Հոկտեմբեր 23,2014 11:00

Լեգենդար ծանրամարտիկ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանը Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակվելու օրվանից հայտնվել է հանրության եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, եթե չասենք՝ սկանդալների։ Շատերը քննադատեցին նրան, որ նա իր տեղում չէ, նրա տեղը սպորտն է եւ ոչ թե դիվանագիտությունը, այն էլ մեզ համար կարեւոր ու բարդ մի երկրում՝ Վրաստանում։

Նրա անունը մամուլում սկսեց շրջանառվել նաեւ որդու հետ կապված քրեական գործով, երբ պարզվեց, որ լեգենդար մարզիկի որդին թմրանյութ է օգտագործում։ Իրան– Հայաստան սահմանն անցնելիս նրա մոտ հայտնաբերվեց թմրանյութ, ինչի համար էլ վերջինս դատապարտվեց ազատազրկման։ Վարդանյանը, սակայն, այս ամենին կարծես թե հանգիստ է վերաբերվում ու իր աշխատանքից էլ գոհ է, նաեւ կարծում է, որ ինքը բոլորովին էլ հեռու չէ դիվանագիտությունից։ Այս ամենի շուրջ զրուցեցինք նորանշանակ դեսպանի հետ։

– Այս ընթացքում բազմաթիվ շահարկումներ ու քննադատություններ եղան, որ Դուք սպորտի մարդ եք, բայց զբաղվում եք դիվանագիտությամբ, եւ որ դա Ձեր ոլորտը չէ եւ այլն։ Դուք՝ որպես դեսպան, խնդիրներ տեսնո՞ւմ եք այս աշխատանքում մասնագիտական գիտելիքների առումով։

– Գիտե՞ք ինչ, չհաճոյանամ որեւէ մեկին, բայց չեմ կարող ասել, թե չեմ տեսնում։ Մի փոքր որ իմ կենսագրականը հետ տանք, կտեսնենք, որ ես երբ սպորտում էի ու դարձա աշխարհի չեմպիոն, էդ ժամանակ ես խորապես մտածել եմ, որ երկրորդ կյանք գոյություն ունի, իսկ երկրորդ կյանքում ես իմ տեղը պետք է գտնեմ, այսինքն՝ պետք է գիտելիքներ ձեռք բերեմ։

Ինչ հնարավորություն որ ունեցել եմ, ինչքան էլ որ շատ սուղ է եղել իմ ժամանակը, բայց ես էդ ժամանակը ստեղծել եմ ինձ համար, որպեսզի գիտելիք ձեռք բերեմ։ Այսինքն՝ ես ինքս ինձ վրա սկսել եմ աշխատել, նկատի ունեմ 80-ակաևներից հետո։ Սպորտը, ի տարբերություն մյուս բնագավառների, երկու կյանք ունի, սպորտինը ժամանակավոր է. քանի դեռ քո ֆիզիկական տվյալները ներում են, կարող ես ապրել էդ կյանքով, բայց հետո արդեն երկրորդ կյանքով է պետք ապրել։ Ու ես սկսեցի ինձանով լուրջ զբաղվել, տարբեր գրքեր կարդալ, մարքսիզմ ու լենինիզմ էի նույնիսկ ուսումնասիրում, որ հիմա ինձ բացարձակ պետք չի գալիս դա, բայց նաեւ շատ կարեւոր է ինձ համար, որ ես կարդացել եմ դրանք…

Հետո, երբ բնակվում էի ԱՄՆ-ում, այնտեղ սկսեցի զբաղվել հասարակական գործունեությամբ ու բազմաթիվ հավաքներ եմ կազմակերպել էնտեղ՝ մշակութային, սպորտային, նաեւ համայնքին օժանդակելուն ուղղված միջոցառումներ։ Եվ այս փորձառությունից հետո, երբ եկա Հայաստան, 4.5 տարի աշխատեցի նախագահի աշխատակազմում՝ որպես խորհրդական, հետո դարձա սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, դրանից հետո տարբեր պատճառներով, որ մի մասը հայտնի են, ես ընդհանուր հայտարարի չեկա որոշ անձանց հետ ու չուզեցի սպորտում մնալ, դրա համար տեղափոխվեցի դիվանագիտական ոլորտ։ Եվ ասել, որ հեռու եմ ես դիվանագիտական մենթալիտետից կամ ընդհանուր աշխատանքից… Նույն Միացյալ Նահանգներում 20 հազարանոց ժողովուրդ, որ իմ կողքին է եղել, էդ արդեն մեծ դիվանագիտություն է։ Ի՞նչ է նշանակում՝ Յուրի Վարդանյանը սպորտից գնացել է դիվանագիտական աշխատանքի, էն էլ էն տեղում, որ շատ ռազմավարական երկիր է համարվում Վրաստանը։ Այո՛, հենց հանրապետության ղեկավարը գիտակցելով է ինձ ուղարկել էնտեղ։ Ես սա բարձրաձայն եմ ասում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031